Հնարավորություններ և վտանգներ

11/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ի՞նչ տնտեսական հետեւանքներ կունենա հայ-թուրքական սահմանի բացումը: Արդյո՞ք թուրքական ապրանքները դուրս կմղեն Հայաստանի գործարարների արտադրանքը տեղական շուկայից, ինչպես կարծում են ոմանք: Կկարողանա՞ն մեր գործարարները մուտք գործել թուրքական շուկա:

Սրանք հարցեր են, որոնց շուրջ քննարկումները հատկապես թեժացան նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո: Ի տարբերություն դաշնակցական տնտեսագետների, որոնք գտնում են, որ շուրջ 500 ապրանքատեսակների գծով Թուրքիայի վարած մաքսային քաղաքականությունը թույլ չի տալու մեզ «գրավել» թուրքական շուկան, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ սահմանների բացումից հետո Թուրքիան կփոխի այդ քաղաքականությունը: «Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում հատուկ կարծիք է հայտնել ու ստորագրել: Երբ որ պետությունների միջեւ ձեւավորվում են միջպետական հարաբերություններ, կամ Թուրքիան իր հատուկ կարծիքը հանում է, կամ նույնը մենք ենք անում նրա նկատմամբ: Դրանում ես խնդիր չեմ տեսնում»,- ասում է Ա. Ղազարյանը: Ծխախոտի բիզնեսով զբաղվող հայ-կիպրական «Արսօյլ» ընկերության սեփականատեր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը եւս կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետեւանքով հայ գործարարների առջեւ լայն հեռանկարներ են բացվում: «Թուրքական ապրանքների առկայությունը Հայաստանում նորություն չէ, բայց սահմանների բացման հետեւանքով հայկական ապրանքները կարող են ներթափանցել թուրքական շուկա,- մեզ հետ զրույցում նշեց Գ. Արսենյանը` ավելացնելով,- Այսօր հայկական արտադրողները կենտրոնացած են իրենց ապրանքների իրացումը մեր տնտեսական տարածքում կազմակերպելով, որտեղ կա մոտ 3 մլն սպառող, բայց սահմանների բացմամբ հանկարծ հնարավորություն է ստեղծվում դուրս գալ շուկա, որտեղ ապրում է մոտավորապես 75 մլն սպառող: Իսկ երբ մեր ապրանքները լինեն մրցունակ թուրքական շուկայում, մենք կունենանք արտադրության ծավալների աննախադեպ աճ` իր բոլոր դրական հետեւանքներով` աշխատատեղերի ստեղծում, բյուջեի եկամուտների աճ եւ այլն: Այդ ժամանակ մեր գործարարների արտադրության ծավալների աճի մասին կարելի կլինի խոսել միայն հիացմունքով»: Ըստ նրա, փակ սահմանների քաղաքականությունը բերում է նաեւ մրցակցության պակասի, ծառայությունների եւ ապրանքների չհիմնավորված բարձր գների: Ա. Ղազարյանը եւս վստահ է, որ սահմանի բացումը դրականորեն կազդի մենաշնորհների վերացման եւ տնտեսական մրցակցության վրա: «Որոշակի ազդեցություն տնտեսական մրցակցության, արդարության, հավասարության սկզբունքի վրա կունենա: Իհարկե, դա արմատական չի լինի, արմատականը մեզնից է կախված, մեր քաղաքական համակարգից»,- ասում է Ա. Ղազարյանը: Նրա խոսքով, սահմանների բացմանը անմիջապես չի հետեւի ներդրումային բում կամ կապիտալի առատ ներհոսք դեպի Հայաստան, քանի որ սահմանի բացումից հետո երկու երկրների շուկաները դեռ պետք է հարմարվեն իրար: Սակայն ըստ նրա` կակտիվանա սահմանային առեւտուրը` մասնավորապես Գյումրիից դեպի Արմավիր եւ Իգդիր հատվածներում: Իսկ հայկական ապրանքների արտահանման տրանսպորտային ծախսերը, ըստ Ա. Ղազարյանի, կկրճատվեն մոտավորապես 20-25 տոկոսով: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վ. Բոստանջյանն էլ կարծում է, որ թեեւ սահմանների բացմամբ որոշակի խնդիրներ կարող են ունենալ տեղական արտադրողները, սակայն, ըստ նրա, ոչինչ չի խանգարում Հայաստանին օրենսդրորեն պաշտպանել նրանց շահերը: «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը բոլոր կտրվածքներով ճիշտ է: Բայց որոշակի պոտենցիալ վտանգներից զերծ մնալու հետ կապված խնդիրներ, այնուամենայնիվ, առաջանում են, որոնք պետք է կարգավորվեն: Մեր ներքին արտադրողները կարող են ունենալ անդառնալի վնասներ: Բայց դա չլինելու համար թուրքական կողմի համար բացարձակապես վատ չի լինի, նրանք չեն ունենա որեւէ դժգոհություն այն առումով, որ ՀՀ-ն կարողանա իր ներքին արտադրողներին որոշակի սահմաններում պաշտպանել»,- նշեց Վ. Բոստանջյանը: Ըստ նրա, եթե Հայաստանի կառավարությունը ապահովի մակրոտնտեսական կայունություն, հայ-թուրքական սահմանի բացումը կազդի նաեւ տնտեսական աճի վրա` մեծացնելով այն: Ա. Ղազարյանի ու Գ. Արսենյանի կարծիքով՝ սահմանի բացման բացասական հետեւանքները ոչ այնքան պայմանավորված են թուրքական ապրանքների նորհոսքով, որքան դրանց որակի վերահսկողության ու անվտանգության հետ: «Տնտեսական վտանգներից կարող է լինել այն, որ ՀՀ-ն չի կարողանում համապատասխան մակարդակով ապահովել Հայաստան մտնող ապրանքների վերահսկողությունը անվտանգության տեսակետից, օրինակ՝ սննդի կամ համաճարակային անվտանգության տեսակետից: Այստեղ մենք պետք է շատ լուրջ հսկողություն իրականացնենք»,- նշեց Գ. Արսենյանը: Իսկ Ա. Ղազարյանի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահները եւ մաքսային ծառայության աշխատակիցները պետք է ամենայն խստությամբ վերահսկեն սահմանը եւ շատ ուշադիր լինեն հատկապես անօրինական զենքի, թմրանյութերի ապօրինի ներկրման եւ սահմանն ապօրինի անցնելու դեպքեր թույլ չտալու համար: