«Ժառանգություն» կուսակցության շուրջ ծավալված կրքերը գնալով թեժանում են: Թեեւ կուսակցության պատգամավորական թեւը ցույց է տալիս, թե ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենն «իրենց շարքերն են մաքրել ու շարունակում են բնականոն աշխատանքը», բայց ակտիվ զանգվածի մի մասն արդեն այսօր պնդում է, որ «Ժառանգությունը» քանդվել է:
Սեպտեմբերի 9-ի գիշերային որոշումից ու կուսակցությունում դե ֆակտո իշխանափոխությունից հետո «Ժառանգության» գրասենյակի դռները չեն բացվում: Կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը, Արթուր Սարդարյանը եւ տարածքային կառույցների շատ ղեկավարներ, արդեն երրորդ օրն է, հավաքվում են «Ժառանգության» գրասենյակի դիմացի այգում եւ քննարկումները կազմակերպում են ոչ թե կուսակցությունում, այլ սրճարաններում: Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ, Էրեբունի եւ այլ համայնքների կուսակցական կառույցների ղեկավարները, ընտրատարածքային տեղամասերի անդամները անհասկանալի վիճակում սպասում են իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին, որպեսզի որոշեն իրենց անելիքը: Իսկ անելիքների համար արդեն մի քանի տարբերակներ են քննարկվում: Ամենաշատ քննարկվող տարբերակը կուսակցության նոր համագումար հրավիրելն է: Այս տեսակետի կողմնակից «Ժառանգության» ներկայացուցիչները համոզված են, որ կուսակցության շարքային անդամների 90 տոկոսը մնալու է ոչ թե պատգամավորական թեւի, այլ իրենց հետ: Այդպիսով հնարավոր կլինի անդամների 2/3-ի պահանջով հրավիրել արտահերթ համագումար եւ կուսակցությունից հեռացնել արդեն վարչության անդամներին, նորընտիր նախագահին ու փոխնախագահին: Քննարկվում է նաեւ դատական ատյաններում կուսակցությունից 6 անդամներին հեռացնելու եւ վարչության նոր ղեկավարներ նշանակելու որոշումները վիճարկելու հնարավորությունը: «Այս բոլոր տարբերակները դեռ սաղմնային վիճակում եւ քննարկման փուլում են: Ստորաբաժանումների ակտիվիստների կարծիքը ճշտելուց հետո ամենադեմոկրատական մեթոդներով, եւ ոչ թե այն մեթոդներով, որոնք կիրառում են մյուս թեւի ներկայացուցիչները, մենք կորոշենք մեր հետագա անելիքը: Չի բացառվում, որ համագումարի, դատական եւ այլ պրոցեսները միաժամանակ գործարկենք»,- ասում է Ա.Սարդարյանը, ով կուսակցության` Կենտրոն համայնքի կառույցի ղեկավարն էր: Կուսակցությունից հեռացված ու դեռեւս չհեռացված ժառանգականները անհեթեթություն են համարում պատգամավոր կուսակցականների այն մեղադրանքը, թե իրենք համագործակցում են ՀԱԿ-ի հետ: «Շատ բնական գործընթաց է, եթե ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող որեւէ գործիչ համագործակցում է ընդդիմադիր մեկ այլ ուժի հետ: Շատ լավ կլիներ, որ «Ժառանգությունն» ի սկզբանե կողմնորոշված լիներ դեպի ընդդիմադիր ուժերը եւ դա աներ անկեղծ: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարեինք, թե սատարում ենք ընդդիմությանը` հասկանալով, որ նրանք միավորված են ՀԱԿ-ի մեջ: Բայց մենք ուղղակի չասեցինք, թե սատարում ենք ՀԱԿ-ին: Այդպես արվեց, որ երբ ՀՅԴ-ն դառնա ընդդիմադիր, սատարենք նրան: Քաղաքական այս ոչ հստակ մոտեցման հետեւանքներն ենք մենք այսօր վայելում»,- ասում է Զ.Թադեւոսյանը: «Այդ հարցը տեղով անգրագիտության գագաթնակետն է, որովհետեւ ինչպես կարելի է ՀԱԿ-ին սատարելու մեջ մեղադրել մարդկանց, երբ վարչությունը քաղաքական տարբեր պրոցեսների ժամանակ այդ քաղաքական ուժին սատարելու եւ նրա հետ համագործակցելու բազմաթիվ որոշումներ է կայացրել: Հրահանգում են մարդկանց անել մի բան, հետո նրանց պատժում են այդ բանն անելու համար»,- ասում է Ա.Սարդարյանը:
«Նմանատիպ գործունեության արդյունքում էր, որ այսօր Երեւանի ավագանու կազմում չունենք անդամ,- իր կուսակից հակառակորդներին հակադարձում է «Ժառանգություն» վարչության նոր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:- Ր.Հովհաննիսյանն ամուր կուսակցություն է ստեղծել եւ կուսակցական խնդիրներին միջամտելու որեւէ մտադրություն չունի: Նա շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի: Կան կարեւորագույն մարտահրավերներ, որոնք ծառացել են Հայաստանի վրա, պետք է փորձի դրանք լուծել: Իսկ նրանք ինչ ուզում են, թող անեն»:
Անգործ չեն նստել նաեւ կուսակցության նոր առաջնորդները: «Ժառանգության» խորհրդի անդամ Անուշ Ղարիբյանի խոսքերով՝ վարչության նոր փոխնախագահ Ռաֆիկ Հակոբյանը զանգահարել է իրեն եւ սպառնացել` «եթե իրենց հետ չի, ապա կհեռացնի կուսակցությունից»: Այս երկու օրերին նմանատիպ զանգեր են ստացել կուսակցության բազմաթիվ ակտիվիստներ: Իսկ «Ժառանգություն» կուսակցության մասին խոսում են բոլորը, բայց չի խոսում կուսակցության հիմնադիր անդամ Ր.Հովհաննիսյանը: Նա անհասանելի է ոչ միայն լրագրողների, այլ իր բոլոր կուսակիցների համար: Ոչ մեկը տեղյակ չէ, թե որտեղ է նա եւ ինչու չի փորձում շտկել ստեղծված իրավիճակը, կամ գոնե մեկնաբանություններ տալ: Ր.Հովհաննիսյանն արտաքուստ այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես թե «Ժառանգությունն» իր հետ ընդհանրապես կապ չունի: Իսկապես, վերջին մեկ տարվա ընթացքում նա ամեն ինչ արեց այդ կուսակցությունում շարքային կարգավիճակ ունենալու համար: Հեռացավ կուսակցության ու ԱԺ համանուն խմբակցության ղեկավարի պաշտոններից, հրաժարվեց նաեւ պատգամավորական մանդատից: Կուսակցության վարչության արդեն նախկին նախագահ Անահիտ Բախշյանը երկու օր առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց, թե վարչությունն ինչ որոշում էլ կայացնի, Ր.Հովհաննիսյանը համաձայն կլինի դրա հետ: Այս հայտարարությանը կարելի է երկու մեկնաբանություն տալ: Նախ՝ չի բացառվում, որ, իսկապես, կուսակցության պատգամավորական թեւը համագործակցելով իշխանությունների հետ` կուսակցությունը վերցրել է ոչ միայն ակտիվիստներից, այլ հենց հիմնադիր առաջնորդի ձեռքից: Եթե դա այդպես է, ուրեմն գուցե նաեւ ճիշտ են այն պնդումները, որ պատգամավորներ Ա.Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը գտնվում են ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազդեցության տակ: Ըստ այս խոսակցությունների, Ա.Բախշյանին, Լարիսա Ալավերդյանին ու Զարուհի Փոստանջյանին էլ հովանավորում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա: «Ես նման զառանցանքները չեմ մեկնաբանում»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:
Բայց կա մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ այս բոլոր խմորումների ետեւում իրականում կանգնած է Ր.Հովհաննիսյանը, պարզապես դա անում է պատգամավորների եւ Հ.Խուրշուդյանի ձեռքով, որպեսզի ինքը մաքուր մնա: Հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս արձանագրված վիճակում Ր.Հովհաննիսյանը փորձում է խուսափել այդ հարցի մասին կարծիք հայտնելուց, առավել եւս՝ այդ արձանագրություններին կողմ կամ դեմ քվեարկելու հեռանկարից: Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման նախաձեռնողներից մեկը ԱՄՆ-ն է: Ամերիկյան նախագիծ է համարվում նաեւ «ժառանգություն» կուսակցությունը: Ինչպես ասում են, պարոն Հովհաննիսյանը կանգնած է երկու քարի արանքում` չի կարող այդ երկրի շահերին դեմ քայլեր անել, բայց սփյուռքահայ լինելով` չի կարող այս արձանագրություններին կողմ արտահայտվել: Եվ որոշել է ընդհանրապես ընդհատակ անցնել ու հետ քաշվել թե՛ կուսակցությունից, թե՛ քաղաքականությունից: Բայց սա՝ առժամանակ: Հասարակությանը հայտնի են պարոն Հովհաննիսյանի` նախագահ դառնալու անհագուրդ հավակնությունները: Նա մինչեւ հիմա չի կարողացել նախագահի թեկնածու առաջադրվել, որովհետեւ չի ունեցել 10 տարվա ՀՀ քաղաքացիություն: Սակայն 2013թ. սարերի հետեւում չէ, եւ Ր.Հովհաննիսյանը, անշուշտ, նորից մտածում է առաջադրվելու մասին: Բայց արդեն չկա նախկին քաղաքական համբավը: Ընդհատակ անցնելը գուցե առժամանակ նրան օգնի խուսափել կուսակցության ու Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի հանդեպ ունեցած պատասխանատվությունից, բայց դրանց վերաբերող հարցերին պատասխանելուց նա չի կարողանա խուսափել: Հարցեր ունեն նաեւ կուսակիցները: Արդյո՞ք այլեւս Ր.Հովհաննիսյանն ունի դեպի նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցելու՝ քաղաքական նախկին ուժն ու կամքը: «Ես ցավով պիտի արձանագրեմ, որ այն քաղաքական հենարանը, որը պետք է նրան տաներ այդ ճանապարհով եւ իրագործեր այդ նպատակը, եւ դա բոլոր ազնիվ ժառանգականների երազանքն էր, այլեւս անհնար է: Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամ խաբվելով ավելի խելոքացել է: Հնարավոր չէ նորից նույն գետը մտնել»,- ասում է Զ.Թադեւոսյանը: