Հայ Ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրահավաքին, որն «ազդարարել է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը»: «Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցօր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում»,- ասված է հայտարարությունում: Ըստ ՀԱԿ հայտարարության` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում տեղ գտած դրույթները ցույց են տալիս, որ Հայաստանն իրականում ընդունել է Թուրքիայի նախապայմանները: Մասնավորապես, պատմական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմամբ «կդադարեցվի» Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: «Հայաստանը, սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին: Ռեժիմը տեղի է տվել նաեւ Թուրքիայի կողմից ներկայացվող մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանագրով սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը: Մինչդեռ, մի կողմից` Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին՝ ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, եւ, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք` ազգերի ինքնորոշման իրավունքը: Այսպիսով, ռեժիմի պնդումներն այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, եւ մասնավորապես` տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂՀ խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: