Երեկվա ասուլիսում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է. «Այդ հարցում մենք ողջունում ենք դրական որեւէ նախաձեռնություն: Ասեմ, որ ընդդիմությունն իր մտավոր կազմակերպչական պոտենցիալով շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ իշխանությանը: Եթե մեր քաղկալանավոր ընկերներն ազատ արձակվեն, հենց նույն պահին ՀԱԿ-ը պատրաստ է նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ եւ հատկապես արտաքին խնդիրների շուրջ ձեւավորել հնարավորինս ընդհանրական մոտեցումներ: Նույնիսկ այս հակադրության միջավայրում, չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀԱԿ-ի գործիչների հնչեցրած գնահատականները խանգարում են իշխանությանը. ճիշտ հակառակը»: Ըստ նրա` իրենք, որպես ընդդիմություն, երբեք ծաղրական չեն արտաբերել «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը: Ընդհակառակը, ըստ Սուրենյանցի` իրենք ըմբռնումով են մոտեցել եւ Գյուլի այցի հետ կապված` հետաձգել են անցած տարվա սեպտեմբերին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը, եւ նույնիսկ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ երկու վերապահում-մտահոգության կողքին տեղ է գտել Հայ Ազգային կոնգրեսի հստակ գնահատականը, որ արձանագրությունները դրական տեղաշարժ են ապահովել հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործում: Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ն այս առումով ամենաշահեկան քաղաքական միավորումներից մեկն է, քանի որ «ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամբողջ տարիների ընթացքում բանաձեւել է հայ-թուրքական հարաբերությունների մոտեցումները, հնարավոր քայլերը, եւ այս առումով ՀԱԿ-ն իսկապես, գոնե ՀԱԿ-ի առաջնորդի մակարդակով, շատ հստակ դիրքորոշումներ ունի»: