Իմ տղան Արթուր Բաղդասարյանից պակաս խելացի չէ

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

– Ասում եք՝ վիրավորվա՞ծ եք մեր թերթից:

– Ձեր թերթի անցյալ տարվա համարներից մեկում գրել եք, թե՝ ի՞նչ
ընդդիմություն Մանուկ Գասպարյանից, եթե նրա տղան մաքսատանն է աշխատում: Իմ
տղան մաքսատանն ընդամենը շարքային աշխատող է, աշխատանքի է ընդունվել
մրցութային կարգով: Հետո իմ տղան, ասենք, Արթուր Բաղդասարյանից փոքր է
ընդամենը 2 տարով, եւ պակաս խելացի էլ չի, ո՞նց ա՝ նա կարող է ԱԺ նախագահ
լինել, իսկ, ինչ ա թե ես պատգամավոր եմ, իմ տղան իրավունք չունի՞ որեւէ
տեղ աշխատելու, բա ի՞նչ պիտի անի… Չնայած մտածեցի՝ դե հիմա գրել են, ոչ
էլ ուզեցի իմ աչքով կարդամ՝ մանավանդ, որ իմացա նոր բացված թերթ եք, միշտ
էդպես է, չէ՞, նոր բացված թերթերն աշխատում են ընթերցող գրավելու նպատակով
քաղաքական դաշտի երեւելի մարդկանց հասցեին սենսացիոն բաներ գրել…

– Փաստորեն դուք ձեզ քաղաքական դաշտում երեւելի դեմք եք համարում…

– Քաղաքական դաշտում, ռեյտինգային իմաստով, ես առաջին տասնյակից ներքեւ
երբեք չեմ իջել: Եթե տեղյակ եք, «Կենտրոն» հեռուստատեսությունն էր վերջերս
հարցում արել՝ «Եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Մանուկ Գասպարյանին
պատգամավորության թեկնածու առաջադրեն, կընտրե՞ք»՝ հարցվողների 90 տոկոսից
ավելին «այո» էին ասել:

– Ինչի՞ շնորհիվ են ձեզ այդքան համակրում:

– Ես ժողովրդի հետ ճիշտ եմ աշխատում:

– Ի՞նչ ասել է՝ «ճիշտ»…

– Բոլոր թերությունները ես շրխկացնում եմ ԱԺ ամբիոնից եւ նախագահի, եւ
նախարարների, եւ հարուստների, բացարձակապես բոլորի հասցեին անխտիր: Ճիշտը
ճակատներին եմ կրակում: Դրա համար է ժողովուրդն ինձ սիրում, ոչ թե՝ որ
եսիմինչ ուղեղ ունեմ, այլ՝ որ ճիշտ տեղում ճիշտ պահին ճիշտը շրխկացնում եմ
չինովնիկների ճակատին: Ես Ազգային ժողովում երբեք այնպիսի հարցեր չեմ
տալիս, որ պատասխանները լսեմ ու ասեմ՝ շնորհակալություն, միշտ կծող հարցեր
եմ տալիս, հարցեր, որոնք պատասխան չունեն…

– Բա էլ ինչո՞ւ եք էդ անպատասխան հարցերը տալիս:

– Որովհետեւ ես ժողովրդի հավաքական կամքն եմ կատարում:

– Իսկ դրանից ինչ-որ բան փոխվո՞ւմ է:

– Չի փոխվում, բայց գոնե զգաստանում են:

– Բայց էդ նույն զգաստությամբ էլ շարունակում են:

– Ես միշտ աշխատում եմ ժողովրդի հետ շփվել եւ նրանց հուզող հարցերը
հրապարակ հանել: Մի քանի տարի առաջ զանազան հեռուստատեսություններում ես
ելույթներ էի ունենում, ու իմ ելույթներից հետո էդ հաղորդումները փակվում
էին, կամ լավագույն դեպքում զանգում-ասում էին՝ եթե ձեզ հրավիրենք մեր
եթերին, էսինչ բանը էսինչ մարդու հասցեին կարո՞ղ եք չասել, ասում էի՝ ոչ:

– Կասե՞ք այդպիսի կոնկրետ մի դեպք:

– Ոչ, որովհետեւ այդ մարդիկ դեռ շարունակում են աշխատել, եթե չաշխատեին,
կասեի: Իսկ հիմա ես արդեն հրաժարվում եմ հեռուստատեսություն գնալուց:
 

– Մինչեւ պատգամավոր դառնալը որտե՞ղ եք աշխատել:

– 1971 թվականից սկսած, երբ դեռ հեռակա սովորում էի մոսկովյան բուհերից
մեկում, աշխատել եմ առեւտրի բնագավառում՝ մինչեւ 1990 թվականը: Սկսել եմ
ամենացածրից՝ եղել եմ միավորման գլխավոր հաշվապահի տեղակալ, հետո՝ գլխավոր
հաշվապահ, հետո՝ Երեւանի ամբողջ Ճաշարան-ռեստորանային տրեստի հաշվապահ,
հետո՝ 26 կոմիսարների շրջանի Սննդառի գլխավոր հաշվապահ, հետո՝ Սննդառի
տնօրեն: Տնօրեն դառել եմ առանց կուսակցական տոմս ունենալու…

– Սկզբունքորեն այդ կուսակցություն չեք մտե՞լ, թե՞ չի ստացվել:

– Ոչ, պարզապես ես իմ աշխատանքային կարիերան սկսել էի հասարակ ծառայողից,
էն էլ՝ առեւտրի բնագավառի, իսկ առեւտրի բնագավառն ու ծառայողը
կոմունիստների օրոք անհամատեղելի բաներ էին, որպեսզի լինեիր ծառայող ու
կուսակցական տոմս ունենայիր, պիտի կարգին քեռի ունենայիր: Իսկ տնօրեն ինձ
ընտրել է կոլեկտիվը, դա արդեն գորբաչովյան ժամանակաշրջանն էր: 4 տարի
շարունակ էլ այստեղ եմ պատերազմել շրջկոմի քարտուղարի հետ, ասում էր՝
կուսակցական տոմս չունես…Հեղափոխությունից հետո արդեն առեւտրով
զբաղվեցի, խանութ ունեի բժշկական ուսումնարանի տակը՝ «Օրիոն», ժողովուրդը
լավ կհիշի…

– Ճի՞շտ է, որ այժմյան «Օրիոնն» էլ է ձերը:

– Ոչ, դա կապ չունի ինձ հետ, սրանք ուղղակի «Օրիոն» անունն են գողացել մեզանից:

– Իսկ ձեր «Օրիոնն» ի՞նչ եղավ:

– 95 թվականին, երբ ես պատգամավորական ընտրություններում պարտվեցի, ավելի
շուտ հաղթել էի՝ պարտված ձեւակերպեցին, էդ ժամանակ ես արդեն կոտրվեցի:

– Ո՞նց կոտրվեցիք:

– Դե, արդեն էն ժամանակներն էին, երբ բիզնես ունենալու համար տանիք էր պետք:

– Հիմա դուք ոչ մի բիզնես չունե՞ք:

– Ոչ:

– Չոր աշխատավարձո՞վ եք միայն ապրում:

– 1995 թվականից առ այսօր բացի իմ աշխատավարձից ուրիշ եկամուտ ես չունեմ:
1996-ի համայնքային ընտրություններում էլ ես պաշտպանեցի Քանաքեռ-Զեյթուն
համայնքի ներկայիս թաղապետին՝ իմ ձայները նրան տալով, իսկ ես դարձա
համայնքի ֆինանսական բաժնի պետը, որպեսզի ավելի լավ ծանոթանամ լայն
մասսաների հետ ու մասնակցեմ 1998-ի պատգամավորական ընտրություններին: Իսկ
թե ինչպես եմ այդ տարիներին աշխատել, կարող եք ժողովրդից հարցնել: Ես
մինչեւ մանկապարտեզների սնունդն ամբողջապես չէի տալիս, չէի թողնում, որ
թաղապետն ուրիշ մի ծախս անի: Իսկ էսօր մանկապարտեզներին ընդհանրապես
սնունդ չեն տալիս՝ այն դեպքում, երբ այսօր համայնքի բյուջեն 7 անգամ ավելի
է իմ ժամանակվա բյուջեից: Թաղապետն էսօր զբաղված է մանկապարտեզ ծախելով. 5
մանկապարտեզ է արդեն ծախել:

– Բա դուք պատգամավոր եք, ինչպե՞ս եք թույլ տվել նման բան ձեր համայնքում:

– Դա արվել է վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ես այլեւս թաղապետարանում
չէի լինում, թաղապետարանում ես ժողովրդի ընդունելությունների համար սենյակ
ունեի, այդ սենյակն իմ ձեռքից առան:

– Պրն Գասպարյան, փաստորեն դուք ասում եք՝ ես ահա ամենասուր հարցերն եմ
կարողանում շրխկացնել ԱԺ ամբիոնից, սակայն նման խնդիրներ ունեք հենց ձեր
համայնքում: Թաղապետարանում մի սենյակն ի՞նչ է, որ չեք կարողացել պահել՝
ժողովրդին ընդունելու համար: Էդ դեպքում ժողովուրդն ի՞նչ ունի ձեզ
վստահելու:

– Թաղապետն էդ սենյակն ուրիշ պատրվակով վերցրեց՝ իբր իր տեղակալը նստելու
տեղ չունի, որ ես կարող եմ շաբաթը մի օր գալ ու կրկին հանգիստ զբաղեցնել
էդ սենյակը: Բայց ես առաջին շաբաթը գնացի՝ 1 ժամ սպասեցի մինչեւ տեղակալը
գործն ավարտեց-գնաց, երկրորդ անգամ՝ նորից նույնը, իսկ իմ աշխատանքային
ռեժիմն այդպես խաթարվում էր: Գնացի թաղապետին ասացի՝ «սենյակը ուզում ես
քողարկված ձեւով ձեռքիցս առնել, հա՞, դե ուրեմն ես դուրս եմ գալիս, գնում
եմ, բայց խոստանում եմ՝ կես տարի հետո դու թաղապետ չես լինի»: Ու էդպես էլ
կլինի: Փաստորեն, ժողովուրդն իր հարցերով ինձ էր դիմում, իսկ էն
խնդիրները, որ թաղապետարանի շրջանակներում լուծվելիք խնդիրներ էին, ես
հանձնարարում էի իրենց, խնդրում էի, որ անեն, ու տեսնում էի՝ ոչ մի բան չի
արվում: Ես ժողովրդին էլ տեղյակ պահեցի այդ մասին: Թաղապետ Ռուբեն
Սինոյանն էսօր տուրիստ ա դառել, տարվա մեջ 20 օր թաղապետարան չի մտնում:
Թաղապետ Սինոյանն այսօր Հանրապետության ավագանիների անդամ է, ավագանիները
տարին մեկ անգամ իրենց միջոցներով պետք է Ստրասբուրգ մեկնեն՝ մասնակցելու
ավագանիների խորհրդի նիստին, սակայն հանրապետության ավագանիներից ոչ մեկը
չի գնում, որովհետեւ էդքան միջոցներ չունեն, բոլորի փոխարեն Սինոյանն է
գնում ամիսը մեկ, տասնհինգ օրը մեկ, իսկ ո՞ւմ հաշվին, գիտե՞ք՝ համայնքի
սուղ միջոցների հաշվին…

– Փաստորեն ձեր պաշտպանած թեկնածուից դժգոհ եք: Իսկ այս ՏԻՄ ընտրություններում ո՞ւմ թեկնածությունն եք պաշտպանելու:

– Եթե Արայիկ Քոթանջյանն իր թեկնածությունն առաջադրի, նրան կպաշտպանեմ:

– Ո՞վ է:

– Զեյթունցի տղա է, 1995 թվականին, երբ ես առաջադրել էի իմ
թեկնածությունը, նա աշխատում էր իմ մրցակցի թիմում, փաստորեն «թշնամի»
բանակներից էինք, ընտրություններից հետո մտերմացանք, ու արդեն 10 տարի ա՝
ես էդ տղայի վրա ոչ մի սեւ բիծ չեմ կարողանում գտնել:

– Պրն Գասպարյան, քաղաքականությունից դուրս է՞լ եք այսպիսին, ասենք՝ ընտանիքում:

– Քաղաքականության մեջ ու դրանից դուրս լրիվ տարբեր եմ: Դրսում բոլորը
գիտեն, թե ես շատ կոպիտ մարդ եմ, բայց հետո, երբ շփվում ու տեսնում են իմ
փափուկ կողմերը, զարմանում են: Ընտանիքում մի քիչ չոր եմ, նույնիսկ
երեխաներիս հետ դիստանցիա եմ պահում, ես նրանց երեւի գրկել-սիրել եմ
մինչեւ երեք տարեկանը, դրանից հետո էլ երես չեմ տվել:

– Ձեր հարսները երեւի չխոսկա՞ն են:

– Չէ, հարսները խոսում են, եթե հարց են ունենում, առաջինն ինձ հետ են
լուծում: Եղբայրներիս կանայք ինձ հետ չեն խոսում, դա էլ հնուց է գալիս՝ ոչ
թե հետամնացություն է, այլ եթե հարսը տեգոր հետ անընդհատ խոսակցության մեջ
մտնի, մի օր էլ կարող է պատահի, որ կոպիտ մի բան ասի ու կոնֆլիկտ առաջանա:
Մեր պապերը հենց ընենց չեն ժամանակին դա մտածել… Ես կնոջս չեմ թողնում
շատ խառնվի հարսների հարաբերությանը, որովհետեւ ինքը շատ է համեստ ու
առանձին դիտողություններ կարող է հարսներին չանի: Իսկ որ ես եմ
դիտողություն անում հարսներիս, նրանք ուրախությամբ են ընդունում, եթե կինս
անի, կարող է վիճեն:

– Իսկ ի՞նչ կարգի դիտողությունների են նրանք արժանանում:

– Աշխատում եմ դիտողությունները սկզբում անել, երբ նոր են հարս գալիս, որ
իմանան էդ տան նիստուկացը՝ չլինի, որ դու դրսից տուն ես գալիս, իսկ հարսդ
ոտը ոտին գցած-նստած է… Տան մեծը, որ տուն մտավ, փոքրերը պետք է վեր
կենան գոնե դիմավորեն: Հիմա արդեն խնդիր չկա, մեր տան մեծն էլ, փոքրն էլ
իր դերը գիտի: Երեք տղա ունեմ, տղաներս իմ ներկայությամբ նույնիսկ չեն
ծխում: Հիմա արդեն 8 թոռ ունեմ, ու որպեսզի երեխեքը իրար հետ շատ չկռվեն,
երկու տղայիս ընտանիքները բաժանեցի, հիմա հարեւանությամբ վարձով են
ապրում:

– Ինչո՞ւ վարձով:

– Դե, տուն չունեն դեռ, հիմա պետք է զոքանչիս տունը ծախենք՝ մեծ տղայիս
համար տուն առնենք: Զոքանչիս ինքը կպահի, որովհետեւ նա տղա չունի, մյուսին
էլ մի բան կանենք էլի, երեւի, ապառիկ գրվենք: Մենք սովորական, շատ
սովորական հայկական ընտանիք ենք, հարուստ չենք, սոված էլ դեռ չենք մնացել,
փառք Աստծո: Իմ ու տղաներիս աշխատավարձերով ապրում ենք: Ֆիրմա ավտո ոչ
ունենք, ոչ էլ ուզում ենք ունենալ:

– Ընդհանրապես ավտոմեքենա չունե՞ք:

– Չէ, ունենք, ժիգուլիներ ու վոլգա: Ես ավտո ունեցել եմ դեռ 25 տարեկանից:
Սովետի օրոք էստեղ ֆիրմա ավտո շատ քիչ կար, իմ առաջին մեքենան 74 թվին էր՝
ամերիկյան «Բյուիկ», «Մերսեդես» էլ դեռ Սովետի օրոք եմ քշել:

– 74 թվին էնքան փող ունեիք, որ արտասահմանյան մեքենա էիք քշո՞ւմ, քանի՞ տարեկան էիք:

– 24-25 տարեկան էի, բայց մի մեծ ֆիրմայի գլխավոր հաշվապահ էի:

– Աշխատավարձո՞վ եք առել:

– Հա, ինչո՞ւ եք զարմանում, էդ ավտոն էն ժամանակ 5000 ռուբլի արժեր, իսկ
ամիսը ես, պրեմիաներն էլ գումարած, համարյա 500 ռուբլի փող էի ստանում, էդ
հիմա է, որ ոչ մեկը ոչ մի բան չի կարողանում առնի…