Վերջին հույսը ՀԴՄ-ն է

11/09/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անկախ տնտեսական եւ այլ ցուցանիշներից, պատմության մեջ կմնա որպես մի մարդ, ում վերջապես հաջողվեց հայ վարորդներին ստիպել ամրագոտիներ գցել։

Իրականում, Տ. Սարգսյանին ոչ թե դա հաջողվեց անել ինչ-որ գերբնական հատկությունների ու տքնաջան աշխատանքի, այլ մի պարզ ճշմարտություն հասկանալու շնորհիվ։ Իսկ այդ պարզ ճշմարտությունն այն է, որ մեր երկրում (ինչպես եւ ամենուր), հարկավոր է մարդկանց շահագրգռել եւ ոչ թե՝ ստիպել։ Մի առիթով արդեն գրել ենք. վարորդներն ամրագոտի են կապում ոչ թե նրա համար, որ այդպես համարում են ավելի անվտանգ, այլ պարզապես՝ չեն ցանկանում 5000 դրամ կորցնել։ Սակայն անկախ վարորդի շարժառիթներից, եթե կառավարությանը հաջողվի տեւական ժամանակ խիստ հսկողություն պահպանել ամրագոտիների հարցում, ապա ամրակապվելու երեւույթը կամաց-կամաց կդառնա սովորություն։ Եվրոպացիներն էլ միանգամից չեն սկսել փողոցը հատել միայն դրա համար նախատեսված վայրում։

Գումար կորցնելու վտանգը կամ հեշտ գումար վաստակելու հնարավորությունը ամենալավ լծակն է մարդուն ստիպել անելու այս կամ այն քայլը։ Եվ կառավարությունում սա հասկացել էին շատ ավելի վաղ, քան ամրագոտիների կիրառումը։ Հասկացել էին այն ժամանակ, երբ որոշեցին ՀԴՄ կտրոններով խաղարկություն անցկացնել։ Արդյունքում՝ 5 միլիոն դրամ շահելու վարդագույն հեռանկարը անգամ ամենաամաչկոտ մարդկանց ստիպեց վաճառողից ՀԴՄ կտրոն պահանջել։ Հետո մեխանիզմն ավելի կատարելագործվեց. ներդրվեց բոնուսների մեխանիզմը, եւ անգամ թերահավատները ու իրենց բախտից դժգոհողները սկսեցին պահանջել ու հավաքել ՀԴՄ կտրոնները եւ դրանք ներկայացնելով հարկային մարմնին՝ որոշակի գումար ստանալ։ Արդյունքը սպասվածից ավելի եղավ, գործն էլ լրջացավ, քանի որ կառավարությունն այդքան միջոցներ չէր նախատեսել բոնուսների համար։ Եվ հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստում գործադիրը որոշեց «Հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացում եւ պարգեւավճարների տրամադրում» ծրագրի չորրորդ եռամսյակի բոնուսների համար նախատեսված 543.5 միլիոն դրամը տեղափոխել 2009թ. երրորդ եռամսյակ, քանի որ 9 ամսում նախատեսված գումարը բավարար չէ ապահովելու քաղաքացիներին տրվող պարգեւավճարները։ «Այս որոշումով, փաստորեն, արձանագրում ենք, որ մեր սպասածից շատ ավելի մեծ հոսք կա դեպի Պետական եկամուտների կոմիտե։ 50 հազար քաղաքացի ստացել է եւ ստանալու է բոնուսները: Նաեւ արձանագրում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն այս միջոցառման շնորհիվ արդեն իսկ լրացուցիչ հավաքել է 5 մլրդ դրամ: Հասկանալի է, որ այս գործառույթն էապես նպաստում է ստվերային տնտեսության նվազմանը եւ ՊԵԿ-ը մեր քաղաքացիների աջակցության շնորհիվ էապես ընդլայնում է այն ոլորտները, որոնք ներառվում են հարկային դաշտ: Եվ մենք կանխատեսում ենք, որ չորրորդ եռամսյակում նույնպես այս հոսքը ավելանալու է, եւ մենք ավելացնելու ենք գումարները, որոնք բոնուսների ձեւով տրամադրվում են մեր քաղաքացիներին: Սայլը տեղից շարժվեց, կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն, եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց»,- ասել է Տ. Սարգսյանը: Փաստորեն խաղը, որը պետությունը սկսել է բնակչության հետ, հաջողվել է։ Իսկ խաղի ռազմավարությունը հետեւյալն է. պետությունը պետք է համոզի բնակչությանը, որ սա այն եզակի դեպքերից է, որտեղ կորցնող կողմ չկա, «Շահում եք դուք, շահում է պետությունը»։ Այն, որ պետությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ բյուջեն, շահում է, միանշանակ է։ Կառավարությունն էլ դա չի թաքցնում. «Իհարկե, մենք արդյունքում կտրուկ ավելացնում ենք բյուջետային ծախսերը (բոնուսների վճարման հետ կապված.- Բ.Թ.), բայց մյուս կողմից էլ՝ կտրուկ ավելանում են մուտքերը, որոնք նախկինում չէինք կարողանում ապահովել»,- կառավարության նիստում ասել է Տ. Սարգսյանը։ Իսկ ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, 2008թ. ութ ամիսների համեմատությամբ 2009-ի նույն ժամանակահատվածում ֆիսկալ հասույթներն աճել են 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ակնկալվում են ավելի քան 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: Հասույթների աճի հաշվին ավելացած հարկերից բացի, բյուջեն շահում է մեկ այլ առումով եւս։ «ՊԵԿ-ը մեր քաղաքացիների աջակցության շնորհիվ էապես ընդլայնում է այն ոլորտները, որոնք ներառվում են հարկային դաշտ»,- ասել է Տ. Սարգսյանը։ Քաղաքացին կարող է ՊԵԿ-ին աջակցել 2 ձեւով՝ երբ պահանջում է եւ ստանում ՀԴՄ կտրոնը եւ երբ ՊԵԿ-ին տեղյակ է պահում անբարեխիղճ, այսինքն՝ ՀԴՄ կտրոն չտրամադրած տնտեսվարողի մասին (ժողովրդական լեզվով ասած, «գործ է տալիս»)։ Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ ՀԴՄ կտրոններ հավաքող եւ վիճակահանությանն անհամբեր սպասող քաղաքացիների մի մասը ամենեւին էլ չի խորշի վերցնել հեռախոսը, զանգահարել ՊԵԿ թեժ գծին եւ հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութում ՀԴՄ կտրոններ համառորեն չեն տրամադրում։ Իսկ Հարկային օրենսդրության համաձայն, ձեռնարկատերը նման դեպքում տուգանվում է 75 հազար դրամի չափով: Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 150 հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 300 հազար դրամի չափով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով:

Իսկ հիմա անդրադառնանք փաստերին։ ՊԵԿ-ի տվյալներով, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կասեցվել է մոտ 700 օբյեկտների գործունեություն, որոնցից 76-ի դեպքում` երկրորդ եւ ավելի անգամ խախտումներ հայտնաբերելու պատճառով:

Իսկ միայն օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին 5 կամ 10 օրով կասեցվել է 124 ընկերության գործունեություն: Այսինքն՝ միայն տուգանքների տեսքով բյուջեն համալրվել է տասնյակ միլիոնավոր դրամներով։ Նշենք նաեւ, որ ՀԴՄ կանոնների խախտումների պատճառով կասեցված ընկերությունների 90%-ից ավելին գործում են մանրածախ առեւտրի ոլորտում։ Հիմա պա՞րզ է, թե ով է տուժում, երբ շահում են պետությունն ու սպառողը։

Չնայած, մեծ հաշվով, սրանից պետք չէ սրտնեղել։ Ստվերային տնտեսության կրճատման ճանապարհին կորցնողներ միշտ էլ լինելու են։ Առավել մտահոգիչ է այն, որ ստվերային տնտեսության կրճատման կամ, ասենք, ճանապարհային երթեւեկության բարելավման հարցում հասարակության մի ստվար մասին առաջ շարժում է ոչ թե գիտակցությունը եւ երկրի մասին մտահոգությունը, այլ «քեշ» փողը։ Եթե իշխանություններին հաջողվեր այդ գիտակցությունը փոխել, ամեն ինչ շատ ավելի արագ կզարգանար։ Սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքում դժվար կլիներ մարդկանց ձայները 5000 դրամով գնել ընտրությունների ժամանակ։ Այսինքն` իշխանությունն առաջին հերթին պետք է փոխի իր գիտակցությունը, ինչը, հասկանալի պատճառներով, անհույս գործ է: