Ապակայունացնո՞ւմ են իրավիճակը

11/09/2009

Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումներն անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետեւանքով 5 հայ զինծառայող զոհվել է, եւս 3-ը` վիրավորվել: ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպես կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե «ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով` անկախ նրանից` հայկական կողմը կհրապարակի՞ կորուստների թիվը, թե՞ ոչ»: «Ռազմական փորձագետ» Ջաֆարովի եւ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի եւ հասարակության «մարտական ոգին»` միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը: Ասվածի ապացույցը նաեւ vesti.az կայքում տեղադրված սպանված մեկ զինվորի լուսանկարն է` մակագրված որպես «զոհված հայ զինվորներ»: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի Ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի դիակ, որն արդեն տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում (http://kprf.ru/international/59203.html)»,- փոխանցում է գործակալությունը: