Համամիտ չէ Տեր-Պետրոսյանի հետ

11/09/2009

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ հայտարարել է, որ ԼՂ-ի խնդիրը փոխկապակցվել է հայ-թուրքական հարաբերությունների եւ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հետ, ինչը բացասական է: Ըստ նրա` 9 տարի ՀՀ ԱԺ աշխատանքի շնորհիվ եւ միջազգային ու եվրոպական կառույցներում ձեռք բերած անձնական ծանոթությունների միջոցով դեռեւս 6 ամիս առաջ` ապրիլին, տեղյակ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների գոյության մասին, եւ այդ ժամանակ նույնն իմացել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողների հիշեցմանը, թե այդքանն իմանալով` ինչպե՞ս եւ ինչո՞ւ մեկ ամիս հետո` մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ, Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե` «Այս ամենով հանդերձ` թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից: Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար: Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», Հ. Իգիթյանն ասել է, թե ինքը չի լսել Լ. Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, սակայն եթե նա նման բան է ասել, ապա ինքը համամիտ չէ. «Ես համաձայն չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե ինքն այդպես է ասել: Ես քաղաքական գործիչ եմ, ունեմ ի՛մ կարծիքը, իսկ իմ կարծիքը հետեւյալն է. երբ Թուրքիան ասում է, որ ես սահմանը կբացեմ եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեմ միմիայն ԼՂ-ի հարցի լուծումից հետո, ես վտանգավոր եմ դա համարում: Ինչո՞ւ եք մտածում, որ ես անպայման պետք է վերցնեմ Լ. Տեր-Պետրոսյանի խոսքը, եւ ինչպես հանրապետականները Սերժ Սարգսյանի խոսքն ամեն տեղ համարում են որպես Աստծո խոսք… մենք Լ. Տեր-Պետրոսյանի հետ կարող է ունենանք նաեւ տարբեր կարծիքներ: Որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Լ. Տեր-Պետրոսյանի` նախագահ եւ ոչ նախագահ լինելու ժամանակ ես երբեք քծնանքի կամ իր խոսքը միանշանակ ընդունելու հարց չեմ դրել իմ առջեւ»: