Քննարկումներ չկան

11/09/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՅԴ-ն, որպես քաղաքական ուժ, երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, որը պետք է լինի, իրոք, առանց նախապայմանների:

Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը` ավելացնելով. «Մենք` իբրեւ կուսակցություն, համոզված ենք, որ հարեւանի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»։ Ապա նա անցավ ասուլիսի առանցքային թեմային` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: ՀՅԴ Բյուրոյի անդամը անդրադարձավ ոչ միայն այն երկու արձանագրություններին, որոնք համաձայնեցված են եղել օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ, այլ այն հաղորդագրությանը, ըստ որի` երկու երկրները 6 շաբաթ ժամանակահատվածում պետք է սկսեն քաղաքական ներքին խորհրդակցություններ: Այս հարցում ՀՅԴ-ն ունի իր վերապահումները, եւ առաջարկությունների փաթեթը կուսակցությունը օրերս կներկայացնի հանրությանը, երկրի ղեկավարությանը: Ա.Վարդանյանը մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ դիվանագիտական տարեկան հավաքի ընթացքում նշած խոսքերը` «պետք է մանրամասնեք եւ բացատրեք նախաստորագրված արձանագրությունների դրույթները` դրական եւ, ինչո՞ւ չէ, խնդրահարույց բոլոր բաղադրիչներով», եւ նշեց, որ իրենք փորձում են դա անել: «Մեր նպատակը մեր ժողովրդի համար հնարավոր վատ զարգացումները կանխելն է»,- ասաց Ա. Վարդանյանը` ավելացնելով, որ իրենց առաջադրած տարբերակը կլինի միջազգային իրավունքի նորմերի սահմաններում, չի նախատեսի որեւէ այլ լրացուցիչ պարտավորության ստանձնում:

Ըստ Աղվան Վարդանյանի` Թուրքիայում այս կապակցությամբ ներքին խորհրդակցություններն արդեն սկսվել են, մինչդեռ այդ առումով Հայաստանը դեռեւս անշարժ վիճակում է: «Քաղաքական խորհրդակցություններն այն ասուլիսները կամ հասարակական քննարկումները չեն: Քաղաքական խորհրդակցություն նշանակում է` այլ հարթության քննարկում, այսինքն` Ազգային ժողովում, ԱԺ ֆրակցիաներում, Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ՝ Կառավարությունում: Իսկ այն, ինչ մենք անում ենք մեր քարոզչամիջոցներով, քաղաքական խորհրդակցության հետ որեւէ կապ չունի»,- նշեց բանախոսը` վերլուծելով նաեւ օրեր առաջ ՀՀ Արտգործնախարարի խոսնակի այն միտքը, թե քննարկումներն արդեն սկսվել են, քանի որ խնդրի առնչությամբ կան տարբեր կարծիքներ: «Ինձ մտահոգում է նաեւ շատ-շատերի ոչ մի վտանգ չտեսնելու մոտեցումը, որ ամեն ինչ շատ լավ է, փաստաթղթերը շատ փայլուն են»,- նշեց Ա. Վարդանյանը: Իսկ արձանագրության մեջ տարածքային ամբողջականության մասին խոսելիս՝ Ա. Վարդանյանը կարեւորեց նաեւ ամրագրել ազգերի ինքնորոշման դրույթը, ինչպես նաեւ՝ այն խելամիտ ժամկետի նշանակումը, երբ կարգավորվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: ՀՅԴ-ն խելամիտ ժամկետ է համարում մինչեւ տարեվերջն ընկած ժամանակահատվածը: Ա. Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը դեռեւս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաշեմին չի հասել, որ ՀՀ Նախագահը այցելի Թուրքիա՝ ֆուտբոլային խաղը դիտելու համար: Ի դեպ, Ա. Վարդանյանի տեղեկացմամբ՝ Դաշնակցությունն արդեն մեկ անգամ հանդիպել է ՀՀ Նախագահին, եւ առաջիկայում այդ գործընթացը կլինի անընդհատ: Ա. Վարդանյանը վերջում ավելացրեց, որ ցանկացած ելքի դեպքում ՀՅԴ-ն պատգամավորական մանդատները վայր դնել չի պատրաստվում. խորհրդարանն աշխատանքի վայր է, քաղաքական ուժը ցանկանում է ձայնը լսելի դարձնել: