Վերջին յոթ ամիսներին մեր «ռազմավարական դաշնակից» ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը եւ «ռազմավարական հակառակորդ» Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը
հանդիպել են չորս անգամ: Վերջին հանդիպմանը Էրդողանը արժանացել է ոչ միայն
պաշտոնական, այլեւ Պուտինի անձնական-ընկերական հյուրասիրությանը: Երկու
երկրների ղեկավարների` յոթ ամսում չորս անգամ հանդիպելը եւ Էրդողանին
վերջին անգամ ընդունելու ձեւը ռուս վերլուծաբանները որակել են իսկական
նովացիա ռուս-թուրքական երկարատեւ եւ բարդ հարաբերությունների մեջ:
Ռազմական համագործակցություն
Թուրքիային ռազմական գերժամանակակից ուղղաթիռներ վաճառելու տենդերը հաղթել
էին Միացյալ Նահանգները: Հավանաբար Իրաքի հարցի առնչությամբ Թուրքիայի
քաղաքական վարքագծից հետո ամերիկացիները հրաժարվեցին ռազմական
տեխնոլոգիաները վաճառել Թուրքիային եւ մրցույթը չեղյալ հայտարարվեց:
Պուտին-Էրդողան վերջին հանդիպման ժամանակ Էրդողանը հավաստիացրեց, որ նոր
մրցույթին անպայման կմասնակցեն ռուսները (առաջինում նրանք պարտվել էին),
եւ վերջիններիս ռազմական ինքնաթիռները հաղթելու մեծ հնարավորություն
ունեն: Իմիջիայլոց, այդ գերժամանակակից ուղղաթիռները, որ նույնիսկ
ռուսական բանակում շատ քիչ են, Թուրքիայում կոչվում են «էրդողաններ»:
Պուտինը, բնականաբար, Էրդողանին հավաստիացրեց, որ կանի հնարավորը
թուրքական բանակին ժամանակակից ռազմական ուղղաթիռներ եւ տեխնոլոգիաներ
մատակարարելու համար:
Քաղաքական համագործակցություն
«Ես բավարարվածությամբ համոզվեցի, որ տարածաշրջանային (Հրվ. Կովկաս)
անվտանգության եւ կայունության պատկերացումների վերաբերյալ մեր հայացքները
համընկնում են»,- Սոչիում ամենաբարձր մակարդակով կայացած ռուս-թուրքական
վերջին հանդիպումից հետո Էրդողանի այս հայտարարությունը բացառիկ է նրանով,
որ նույնիսկ դարասկզբին` Լենին-Աթաթուրք ռազմական համագործակցության
ժամանակ էլ Հարավային Կովկասի վերաբերյալ այս երկու պետությունների
պատկերացումները ոչ միայն չեն համընկել, այլեւ ստրատեգիական առումով
հակադրվել են:
Ի՞նչ է փոխվել:
Հայտնվել է երրորդ խաղացողը:
ԽՍՀՄ փլուզումից հետո ճգնաժամ ապրող ՌԴ-ն փորձում է պահպանել տարածաշրջանում իր դիրքերը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում:
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Միացյալ Նահանգները հնարավորություն ստացավ
քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով իրացվել Հարավային Կովկասում,
նախքան Իրաքյան պատերազմն այդ քաղաքականությունը վարում էին հուսալի
դաշնակից Թուրքիայի միջոցով: Սակայն Իրաքյան պատերազմի սկզբում, երբ
թուրքական վերնախավը (հիմնականում՝ գեներալիտետը) մերժեց իր տարածքները
տրամադրել ամերիկյան զինուժին, Միացյալ Նահանգներում իշխող
նեոկոնսերվատորները վերանայեցին Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները եւ
որոշում կայացրին տարածաշրջանում գործել առանց միջնորդների: ՌԴ-ն եւ
Թուրքիան դարձան բնական դաշնակիցներ՝ տարածաշրջանային լիդերներ մնալու
ակնկալիքով:
Տնտեսական համագործակցություն
Քաղաքական համագործակցության էֆեկտիվությունը մեծ չէ առանց տնտեսականի:
Այսօր Ռուսաստանի տնտեսության մեջ թուրքական ներդրումները կազմում են 1,5
մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսական ներդրումները թուրքականի մեջ՝ մոտ 200-300 մլն
ԱՄՆ դոլար: Վերջին հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարեց, որ մոտակա
ժամանակներում ռուսական «Ալֆա-գրուպը» պատրաստ է 3 մլրդ դոլարի ներդրում
կատարել Թուրքիայի կապի ոլորտում: Ըստ Պուտինի, Ռուսաստանը պատրաստ է նաեւ
ներդրումներ կատարել Թուրքիայի մետալուրգիայի, գազարդյունաբերության եւ
էներգետիկայի ոլորտներում: Թուրքիայի միջոցով Ռուսաստանը ցանկանում է իր
էներգառեսուրսներն արտահանել Արեւմտյան Եվրոպա եւ Իրաք: Մոսկվան եւ
Անկարան պատրաստվում են համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ
էրդողանի, թուրքական կողմն ամեն ինչ կանի` բոլոր գործընթացները
հնարավորինս արագացնելու համար:
Գաղափարական համագործակցություն
Բացի քաղաքական եւ տնտեսական պրագմատիկ շահերից, ռուս-թուրքական
հարաբերություններն ունեն գաղափարական-փիլիսոփայական հիմք: Դա
եվրասիականությունն է: Այս երկու պետություններում էլ քաղաքական էլիտայի
եւ տեսաբանների մի ստվար մասը համոզված է, որ թե Թուրքիան, թե ՌԴ-ն չեն
կարող լինել մաքուր եվրոպական տիպի պետություններ եւ պետք է զարգանան
իրենց առանձնահատուկ եւ ուրույն ճանապարհով: ՌԴ-ում սոցիալ-տնտեսական, իսկ
Թուրքիայում` քեմալիզմի (մոնոտոն աշխարհիկ պետություն) ճգնաժամին
զուգահեռ՝ առավել ամրապնդվում են եվրասիականության հասարակական եւ
քաղաքական դիրքերը:
Վերջաբան
ՌԴ-Թուրքիա հարաբերությունների նոր որակը պետք է որ հարցեր առաջացներ մեր էլիտայի մոտ, ինչպես, օրինակ՝
– Ինչո՞ւ ՌԴ-ն Հայաստանում չի աշխատեցնում իրեն պատկանող երեք
ձեռնարկությունները, իսկ Թուրքիային խոստանում է երեք միլիարդ դոլարի
ներդրում (միայն կապի ոլորտում):
– Ինչո՞ւ եվրոպական եւ ամերիկյան դիվանագետներն Էրդողանի հետ հանդիպման
ժամանակ պարբերաբար բարձրացնում են Ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի
ապաշրջափակման հարցերը, իսկ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահը լռում
է:
– Երբ Էրդողանը հայտարարեց, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Մոսկվայի եւ
Անկարայի տեսակետները համընկնում են, իսկ Պուտինը լռությամբ համաձայնեց,
այդ պարագայում արդյո՞ք Ռուսաստանն ունի հայանպաստ դիրքորոշում Արցախի
հարցում:
– Ինչո՞ւ է Պուտինը բարձրաձայնում Կիպրոսի թուրքական հատվածի
ապաշրջափակման մասին, իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի ապաշրջափակման
անհրաժեշտության մասին՝ լռում:
– Արդյոք Հայաստանի նկատմամբ ռազմավարական գործընկերոջ մոտեցո՞ւմ է, երբ
ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնում նոր ռազմական տեխնոլոգիաներ եւ
ուղղաթիռներ վաճառել Թուրքիային, իսկ Հայաստան է ուղարկում Վրաստանում
տեղակայված հնացած զինտեխնիկան: