Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն Ազատության պողոտայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեսնելով նույն փողոցի 8/1 հասցեի կիսակառույցը՝ վրդովված ասել էր. «Էս ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է տվել այս տարածքում շինարարություն իրականացնելու թույլտվությունը»: Այնուհետեւ Գ. Բեգլարյանը բնակիչների ներկայությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին հանձնարարել է կիսակառույցի շինաշխատանքները կասեցնել եւ համապատասխան փաստաթղթերը ձեռք բերելուց եւ դրա անօրինականությունը հիմնավորելուց հետո քանդման գործողություններ իրականացնել: Թեեւ Գ. Բեգլարյանը մինչեւ այսօր Ազատություն 8 եւ 10 շենքերի բնակիչներին համոզում է, որ ապօրինի այդ շինությունը կքանդվի, այդուհանդերձ, կիսակառույցն օրեցօր վերածվում է երկհարկանի «օբյեկտի», քանի որ երկու բնակելի շենքերի արանքում կառուցվող շինության թույլտվության հեղինակը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է: Բանն այն է, որ Ազատություն 8/1 հասցեի շինությունը կառուցվում է 8 եւ 10 շենքերի միջնամասում, որի արդյունքում վերոնշյալ շենքերի առաջին եւ երկրորդ հարկերի բնակարաններն ընդհանրապես զրկվել են լուսավորությունից: Բացի այդ, բնակիչների դիմումներին ի պատասխան՝ անվտանգության նորմերն ապահովող բոլոր կառույցներից կատարվել են փորձաքննություններ, եւ այդ տարածքում կառուցապատում իրականացնելը համարվել է անթույլատրելի: Ազատության պողոտա թիվ 10 շենքի առաջին հարկի բնակիչ Մարտա Ղարիբյանը վերջերս կրկին դիմել է փոխքաղաքապետ Կամո Արեյանին, ով ենթականերին կանչել եւ զայրանալով ասել է. «Էս ի՞նչ բան է, չեմ հասկանում, ինչո՞ւ չեք զբաղվում այդ ապօրինի կառույցով, ո՞վ է կայացրել այդ ապօրինի որոշումը: Այ, նման բաների համար Կարեն Դավթյանն ազատվեց աշխատանքից»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բնակիչների դիմումին էլ արձագանքել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակից Գոռ Ղարիբյանն, ով այցելելով Ազատության 8/1 հասցե եւ ծանոթանալով բնակիչների փաստարկներին` միանշանակ ասել է. «Սա ապօրինի շինություն է եւ միանշանակ քանդման ենթակա է: Ո՞վ է թույլատրել նման տեղում խախտելով անվտանգության նորմերը՝ շինություն կառուցել: Ժողովուրդ ջան, հանգի՛ստ եղեք, այս կիսակառույցը քանդվելու է»: Գոռ Ղարիբյանի խոստումը նույնպես մնացել է անկատար, մինչդեռ մենք ականատես եղանք, որ վերոնշյալ հասցեում շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Փաստորեն, Ազատության 8 եւ 10 շենքերի բնակիչներն ունենալով կիսակառույցի անօրինականությունը եւ անվտանգության նորմերի խախտման հանգամանքը հաստատող բոլոր փաստաթղթերն, այնուամենայնիվ, ի զորու չեն կանխել շինարարությունը: Ի դեպ, Ազատության 8/1 հասցեի սեփականատերն, ըստ սեփականության իրավունքի վկայականի, Անժելա Հակոբյանն է: 2007թ. դեկտեմբերի 28-ին թիվ 8 եւ 10 շենքերի բնակիչները շինությունն ապօրինի ճանաչելու եւ քանդման որոշում կայացնելու հայցադիմում են ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Դատարանն ապացուցված է համարել հայցվորների այն պահանջն, ըստ որի՝ միջշենքային տարածքով են անցնում, իրենց բնակարանները հասնում ինչպես հայցվորները, այնպես էլ այդ բակում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները, որի մուտքն արգելափակվում է կառուցվող շինության պատճառով: Այդ տարածքով են անցնում խմելու, ոռոգման ջրերի, ինչպես նաեւ՝ գազի խողովակաշարերը: Ազատության 8/1 հասցեն համարվում է բազմաբնակարան շենքերը սպասարկող` ընդհանուր օգտագործման տարածք: Ապօրինի շինարարական աշխատանքների հետեւանքով խախտվում են հայցվորների սեփականության իրավունքները, այն է` վերջիններս զրկվում են ազատորեն բակ մուտք գործելու իրավունքից, փակվում է նրանց բնակարանների լուսավորությունը, նրանք զրկված են պատուհան բացելու, մաքուր օդ շնչելու, լվացքը դրսում չորացնելու իրավունքից: Նաեւ այս փաստերը հաշվի առնելով՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Առաքելյանը վճիռ է կայացրել բավարարել հայցվորների պահանջը. «Անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի 12.01.2007թ. թիվ 45-Ա որոշումը, 26.02.2007թ. հ. 18-Հ-222-138 շինարարության թույլտվությունը, 25.01.2007թ. թիվ 3084-2007 գլխավոր հատակագիծը, 12.01. 2007թ. ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Մարատ Ամիրջանյանի հայցն ընդդեմ Անժելա Հակոբյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու` շինարարական աշխատանքների կատարումն արգելելու պահանջի մասին, բավարարել: Արգելել Ա. Հակոբյանին կատարելու շինարարական աշխատանքներ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 8/1 հասցեում»: Ա. Հակոբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է` առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը թողնելով անփոփոխ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Արայիկ Մանուկյանի նախագահությամբ քննելով գործը` բավարարել է Ա. Հակոբյանի պահանջը եւ Ազատության 8/1 հասցեում կառուցվող շինությունը համարել է օրինական: Իսկ թե ինչպես է դատական վերին ատյանը ներկայացված փորձաքննությունների ուսումնասիրությունների արդյունքում նման որոշում կայացրել, դատեք ինքներդ: Իսկ հիմա ներկայացնենք համապատասխան կառույցներից ստացված փորձաքննության արդյունքները:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության Երեւանի հրդեհային տեսչություն. «Երեւանի հրդեհային տեսչությունը հայտնում է, որ ըստ շինարարական նորմերի եւ կանոնների 2.01.02-85 թիվ 1 հավելվածի 1-ին աղյուսակի պահանջների բնակելի շենքերի միջեւ կառուցվող շինությունը պետք է լինի համապատասխանաբար 6 մետրից ոչ պակաս հեռավորության վրա: Տվյալ դեպքում չի համապատասխանում շինարարական նորմերի եւ կանոնների պահանջներին»:
«Երեւան Ջուր» Արաբկիր-Զեյթուն մասնաճյուղ». «Ի պատասխան Ձեր 19.10.2007թ. թիվ ՌՎ-148 փաստաբանական հարցման, կապված Ազատության պողոտա թիվ 8/1 հասցեում կառուցվող շենքերի եւ ջրամատակարարման ու ջրահեռացման խողովակների սահմանված նորմերի համապատասխանությանը, հայտնում ենք, որ նշված տարածքով անցնող խողովակից 0.5մ հեռավորության վրա կատարվում է շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում ՇՆ եւ Կ 11-89-90-ի 4.11 հոդվածի պահանջին, այն է՝ շինության եւ ջրի խողովակի միջեւ չի պահպանվել 5մ հեռավորությունը»:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչություն. «Ուսումնասիրելով Երեւանի քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տրված քաղաքաշինական փաստաթղթերը եւ կատարելով տեղազննություն՝ պարզվել է, որ նախագծի համաձայնեցման գործընթացում հաշվի չի առնվել, որ կառուցվող շինության հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերի կողային ճակատներում գոյություն ունեն պատուհաններ, ինչպես նաեւ պատուհաններ են նախատեսված կառուցվող օբյեկտի կողային ճակատներում, որոնց իրականացման դեպքում չի բացառվում ուղղակի տեսանելիությունը: Բացի այդ, կառուցվող շինության եւ հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերի միջեւ նորմատիվային հեռավորությունները ապահովված չեն, ինչը ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի խախտում է»:
Անվտանգության եւ քաղաքաշինական նորմերը խախտելու վերաբերյալ նույնաբովանդակ պատասխաններ են եղել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղից, ՀՀ Առողջապահության նախարարության պետական Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից եւ այլ կոմպետենտ մարմիններից, որով միանշանակ հաստատվում է Ազատության պող. 8/1 հասցեում կառուցվող շինության անթույլատրելի լինելը:
Այսքանից հետո, Ազատության պողոտայի բնակիչները հույս ունեն, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կիսակառույցի քանդման ուղղությամբ աշխատանքներ կձեռնարկի։ «Ամեն դեպքում քաղաքապետն իսկապես շահագրգռված է բնակիչների պահանջը բավարարելու հարցում: Հանդիպման ժամանակ նա խոստացավ մեր խնդրանքին արձագանքել, եւ վստահ ենք, որ խոստումը կկատարի: Մենք օրեր առաջ կրկին զրուցեցինք եւ ելնելով Գ. Բեգլարյանի տրամադրվածությունից` հույս ունենք, որ արդարությունը կվերականգնվի»,- ասում են բնակիչները: