Վաստակաշատ ու սիրված դերասան Ալեքսանդր Կալյագինը, ով անցյալում խաղացել է եւ՛ կատակերգական Չարլի մորաքրոջ, եւ՛ հույժ ռեալիստական Լենինի դերերը, իր ղեկավարած «Et Cetera» թատրոնի հետ Երեւանում ներկայացավ որպես մաքուր ծաղրածու, դիմակ: Ալֆրեդ Ժարրիի «Ուբյու թագավորը» պիեսում նա մանկամիտ խուլիգան էր, հրեշ-երեխա, որը խաղուպարով իշխանության գլուխ է գալիս ու կործանում է ամեն բան: «Ուբյու թագավոր» պիեսը դրամատուրգ, բանաստեղծ, էսսեիստ (իր կարճ կյանքը որպես հավերժ խուլիգանություն, գինարբուք ապրած) Ալֆրեդ Ժարրին գրել է 100 տարի առաջ` դպրոցական հասակում` նախատեսելով այն տիկնիկային թատրոնի համար: Պիեսը սկսվում եւ վերջանում է «ք…» բառով եւ լեցուն է բազմաթիվ ոչ նորմատիվ բառակապակցություններով եւ գռեհիկ տեսարաններ է ենթադրում: Այդ ամենը 1896 թվականին պիեսի փարիզյան պրեմիերայի տապալման պատճառ դարձան, սակայն հետագայում հենց «Թագավոր Ուբյուն» համարվեց 20-րդ դարի նորագույն թատրոնի մանիֆեստը: Ժարրիի պիեսները թատրոնին կրկին վերադարձրեցին սյուրռեալիստներն ու Ապոլիները: Իսկ ֆրանսիական թատրոնի առաջատար ռեժիսոր եւ դերասան Անտոնեն Արտոն իր թատրոնը կոչեց Ալֆրեդ Ժարրիի անունով: «Ես ատում եմ թատրոնը, որովհետեւ թատրոնում ամեն ինչը կեղծիք է, թատրոնը պոետիկ օնանիզմ ու սուտ է, եւ ես, իրոք, այն ատում եմ»,- ասել է Ա.Ժարրին, եւ նրա այդ խոսքերը օգտագործվել են մոսկովյան բեմադրության մեջ: Ներկայացման ռեժիսոր բուլղարացի Ալեքսանդր Մորֆովը խտացրել է ամեն տեսակի թատերական ժանրերը (տիկնիկներ, կրկես, համր կինո, բուֆֆոնադա, քաղաքական սատիրա)՝ ստանալով մի ամբողջական, ուրախ պատկեր, որտեղ բոլոր դերասանները կլանված տրվում են խաղի տարերքին: Ծաղրածուն ձանձրանալով` որոշում է իշխանափոխություն անել եւ անում է: Եթե էլի որոշի, էլի կանի: Նա որոշում է բոլորին կախել ու կախում է, ուզում է հարստանալ` հարկերն է ավելացնում, ինքն էլ անձամբ գնում է գյուղերը` դրանք հավաքելու: Իսկ երբ Ուբյու-Կալյագինը որոշում է իր նրբերշիկն անպայման մանանեխով ուտել, ապա ուտում է: Եվ թքած, որ ողջ բանակը զոհվում է, կարեւորը մանանեխն է: Ուզում է փող աշխատել` թշնամի ռուսներին թույլ է տալիս բլուրը գրավել, գինը բարձրացնելու համար էլ նշում է` տես ինչ գեղեցիկ ու ռազմավարական նշանակություն ունեցող բլուր է, տուր շատ փող՝ թույլ կտամ մեզ վրա կրակել: Այսպիսին է Կալյագինի Ուբյուն, որն ամեն ինչ անում է ազարտով, համուհոտով: Դավաճանում է, հայհոյում է, նվնվում է. սպանում է, պատերազմ է սկսում, որոշում է կրճատել բնակչության թիվը… Նույնիսկ «ք…»-ը նա ազարտով ու մանկական անմիջականությամբ է ասում: Պատկառելի տարիքի հասած Ա.Կալյագինն ուղղակի շշմեցնող բնություն ունի եւ ամեն վայրկյան կարծես հուշում է` խաղ ենք խաղում, պարոնայք, բեմում տիկնիկներ են: Եվ նրանցից մեկը հենց Ալֆրեդ Ժարրին է, որին կախել են ու մոռացել են, որ կախված են թողել: Խաղը շարունակվում է… Թատերական ֆարսը բարդ ժանր է (մի քիչ անցնում ես սրության ու հումորի սահմանագիծն ու ընկնում ես ձանձրալի շտամպների գիրկը): Մոսկովյան թատրոնի ներկայացման մեջ ամեն ինչն իր տեղում էր, բուլղարացի ռեժիսոր Ալեքսանդր Մորֆովը ստեղծել էր ամբողջական ոճ ունեցող, շատ ծիծաղելի, գրոտեսկային ներկայացում: Խելացի ռեժիսորը չէր ցանկացել սրել քաղաքական բաղադրիչը` կարծես ասելով` խաղացեք, խաղն ինքը կհանգեցնի կարեւոր եզրակացությունների: Այդ ներկայացման ֆորման ու ոճը լրիվ կրկեսային են, սակայն իմաստը առավել քան թափանցիկ է: Եվ ցանկացած պետություն, որը հեղաշրջում է տեսել, կարող է ինքն իրեն ճանաչել այդ «կրկեսում»: Ակամայից հիշում ես մեր «Ժանգոտ բանալի» ներկայացումը, որը տապալվել էր հենց քաղաքական ակնարկների ոչ թատերային մատուցման պատճառով: Խորհրդային տարիներին քաղաքական սատիրան թատրոնի բեմում չէր ողջունվում, իսկ անկախություն ձեռք բերած շատ պետություններ այնքան էին հոգնել քաղաքականությունից, որ թատրոնն այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավել չէին ցանկանում: Հիմա կարծես ճիշտ ժամանակն է քաղաքականությունը բեմ հանելու համար: Ա.Կալյագինն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ամենից շատ վախենում է թատերական գավառամտությունից: Եվ հենց այդ պատճառով էլ որոշել է թագավոր Ուբյուի դերը խաղալ ու թատերական մեծ պրովոկացիա անել: Նա նույնիսկ թույլ չի տվել, որ ներկայացման առաջին դիտումները մոսկովյան թատերական քննադատները տեսնեն: Նրան ժամանակ էր պետք` ներկայացումը հղկելու համար: Եվ նա հղկել էր` բոլոր ժամանակների հրեշ-երեխա, հակաթատերային Ուբյուին այդքան հմայիչ ու միաժամանակ սարսափելի դարձնելով: Ծիծաղեք, պարոնայք, մեծ դերասան է ձեզ ծառայում: Իսկ ծիծաղն, ինչպես հայտնի է` փրկում է բոլորին: Ի դեպ` թմրամոլ ու արբեցող Ալֆրեդ Ժարրին մահվան շեմին գտնվելով ու «Ի՞նչը կարող է ցավը մեղմացնել» բժշկի հարցը լսելով` ծիծաղով պատասխանել է. «Ատամնափորիչը»: Մեկ դար առաջ իր «Թատրոնի անօգտակարությունը թատրոնի համար» մանիֆեստում նա նշել է, որ թատրոնը կվերակենդանացնի ծիծաղը: