Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ձմերուկի հասնելը որոշում է ագռավը, իսկ օգտակարությունը` մենք
«Կարմիր հսկա»` այսպես են հնում անվանել ձմերուկը: Այն հայտնի է եղել դեռեւս 4000 տարի առաջ` Եգիպտոսում: Իրանում այն անվանում են «հարբյուզա», ինչը թարգմանաբար նշանակում է` ահագին վարունգ: Նախկինում մարդիկ ձմերուկը հում չէին ուտում, այլ եփում էին տարբեր համեմունքներով կամ շաքարի օշարակով:
Ձմերուկի մեջ ածխաջրերի պարունակությունն ավելի քիչ է, քան կանաչ ոլոռում, խնձորում եւ նարինջում, մոտավորապես այնքան է, որքան հաղարջի մեջ: Ձմերուկի ֆրուկտոզան օրգանիզմի կողմից յուրացվում է առանց ինսուլինի կորստի, իսկ այն քիչ կարեւոր փաստ չէ դիաբետով հիվանդների համար: Ձմերուկի միջուկը համարվում է քիչ կալորիականությամբ սնունդ` 100 գրամի մեջ 38 կալորիա կա: Այսինքն` ձմերուկ կարելի է շատ ուտել: Վերջին տարիներին ձմերուկը համարվում է օրգանիզմը խարամներից մաքրելու անփոխարինելի միջոց: Ժողովրդական բժշկության մեջ ձմերուկով բուժում են կոլիտի` հաստ աղիի բորբոքումները: Դրա համար անհրաժեշտ է վերցնել մոտ 100գ ձմերուկի չորացրած կեղեւ ու վրան լցնել կես լիտր եռջուր: Թրմել այնքան ժամանակ, մինչեւ ջուրը կսառի: Ապա օրվա մեջ 4-5 անգամ խմել այս հյութը` 0,5 բաժակից:
Այն հարուստ է օրգանիզմին շատ անհրաժեշտ մագնեզիումի հանքային աղերով: Վերջինիս պակասը օրգանիզմում հանգեցնում է արյան ճնշման բարձրացման: Իսկ ահա կալցիումի հետ համատեղ այն օգնում է կարգավորել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Բացի այդ, մագնեզիումը հանգստացնում է նյարդային լարված վիճակը, թուլացնում սպազմն ու կարգավորում աղեստամոքսային տրակտի աշխատանքը: 100 գրամ ձմերուկն իր մեջ պարունակում է 225 մգ մագնեզիում: Բացի այդ, ձմերուկն ունի միզամուղ նշանակություն, իհարկե, ավելի քիչ, քան ծիրանը, բանանն ու անանասը: Ձմերուկի միզամուղ նշանակությունը մեծ դերակատարում ունի երիկամային ու միզաքարային հիվանդություններ ունեցողների վրա: Ձմերուկը պարզապես փրկություն է պոդագրայով ու քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների համար: Կարելի է ասել` ձմերուկն ուղղակի լվանում ու մաքրում է օրգանիզմը տարբեր տոքսիններից:
Ձմերուկաթերապիան բուժման շատ հասարակ ու պարզ միջոց է: Օրինակ` շաբաթվա մեջ երկու օրը կարելի է ձմերուկի օրեր հայտարարել, այսինքն` չուտել ոչինչ` ձմերուկից բացի: Արտրոզի եւ այլ հոդային հիվանդությունների դեպքում դիետան մի քիչ այլ է: Ձմերուկի 1,5-2 կգ միջուկը բաժանում են 8 մասի եւ ուտում յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
Ձմերուկը հարուստ է բջջահյութով, որը նպաստում է օրգանիզմը մաքրել խոլեստերինի ավելորդ քանակից:
Ձմերուկի հասած լինելը կարող է ճիշտ որոշել միայն ագռավը: Պարզ չէ` ինչու, բայց այդպես է` ագռավը թռիչքներ է գործում միայն լավ հասած ձմերուկների վրայով: Գոյություն ունի ձմերուկի հասածության աստիճանը որոշելու 16 մեթոդ, ընդ որում` դրանք ոչ մի կապ չունեն մեզ հայտնի մեթոդների (եթե ձմերուկի պոչիկը չորացած է, ուրեմն հասած է) հետ: Ճիշտ է, եթե ձմերուկի պոչը չոր է` ձմերուկը հասած է, բայց շատ չորացածի դեպքում էլ կարող է պատահել, որ ձմերուկը շատ հասած ու փչացած լինի:
Որքան մեծ ու թեթեւ է ձմերուկը, այնքան լավ հասած է այն: Ձմերուկ ընտրելիս պետք է խուսափել շատ փոքր ու շատ մեծ ձմերուկներից: Ձմերուկի վրայի բաց գույնի բծերը պետք է դեղին լինեն: Հասած ձմերուկին հարվածելիս, պետք է զսպանականման ձայն գա եւ լսվի ոչ թե խուլ, այլ պարզ ձայն: Սառնարանում ձմերուկը չկտրած վիճակում կարելի է պահել 2 շաբաթ:
Նաեւ ձմերուկից պատրաստում են դեմքի մաշկի խնամքի լավ միջոցներ: Օրինակ` նշվող լոսյոնը պահպանում է դեմքի մաշկի խոնավությունը: Դրա համար անհրաժեշտ է ձմերուկի միջուկը լավ տրորել ու մի քիչ թողնելուց հետո քամել հյութը: 400մլ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու 1 թեյի գդալ աղ եւ լավ խառնել: Այնուհետեւ ստացված զանգվածը քամել ու ավելացնել 200մլ օղի: Ստացված լոսյոնով մաքրել դեմքի մաշկն ու թողնել հանգստանա 1-2 ժամ: Այս պատրաստի լոսյոնը սառնարանում կարելի է շատ երկար պահել: