Հայկական բանկերը լուրջ փորձությունների ենթարկվեցին

10/09/2009

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանի եւ ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով Fitch Ratings-ի տնօրեն-կառավարիչ Ջեյմս Ուոթսոնի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի բանկային համակարգի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:

Նելլի Բադալյան – ՀՀ-ի բանկերը բավականին արժանի կերպով վերապրեցին դրամի մարտյան արժեզրկումը: Դեռ համաշխարհային ճգնաժամից առաջ հայկական բանկային համակարգն առանձնանում էր կապիտալի բարձր բավարարությամբ, եւ դա նույնպես օգնեց բանկերին ազգային արժույթի արժեզրկման ժամանակ: Բացի այդ, բանկերն ունեն բավականին հարմարավետ լիկվիդայնության «բարձ», եւ դա 2-րդ դրական գործոնն է, որով ՀՀ բանկերը դիմավորեցին համաշխարհային ճգնաժամը: Հայաստանի բանկային համակարգի բացասական կողմերից կարելի է նշել բնակչության ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող դոլարային ֆինանսավորման մեծ տեսակարար կշիռը: Հետեւաբար, չհաշվեկշռված արժութային դիրքով բանկերը զգալի վնասներ արձանագրեցին: Ներկայումս կապիտալի բավարարությունը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ ավելացել է 2009թ. II կիսամյակի ընթացքում: Բանկերն իրենց վարկավորման քաղաքականությունն ավելի պահպանողական են դարձրել, վարկավորման աճը կանգնել է: Բանկերի համար նախընտրելի է վարկեր տրամադրել արտարժույթով, սակայն համապատասխան պահանջարկը բացակայում է: Բանկերի վարկային պորտֆելի աճի խթան կարող է հանդիսանալ պետության կողմից սպասվելիք ազգային արժույթով 60 մլրդ դրամի ֆինանսավորումը: Մեր կարծիքով, բանկերը վարկավորելու են, սակայն բուռն աճ ակնկալելը, առնվազն մինչեւ հաջորդ տարեսկիզբ, իրատեսական չէ:

Ջեյմս Ուոթսոն – Պետք է գիտակցել, որ հայկական բանկերը ընթացիկ տարում ենթարկվել են բավականին լուրջ փորձությունների: Մեր գնահատականներով, 2009թ. ՀՀ-ում սպասվում է տնտեսության 15% անկում, ինչը Fitch-ի կողմից վարկանշվող երկրներից երրորդ վատագույն կանխատեսումն է: Ավելի վատատեսական կանխատեսումներ արել ենք միայն Լատվիայի ու Լիտվայի համար: Բացի այդ, տեղի ունեցավ դրամի արժեզրկում, եւ արձանագրվեց հաճախորդների միջոցները դրամայինից դոլարայինի փոխարկելու վառ արտահայտված միտում: Խնդրահարույց վարկերի մակարդակը, որը ցույց են տալիս բանկերը, դեռեւս չափավոր է, բայց այն առաջ է բերում մի շարք հարցեր. նման անկում ապրող տնտեսության համար խնդրահարույց վարկերի 5-6%-անոց մակարդակը բավականին ցածր է: Եթե այս ցուցանիշը հավաստի է ու կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում, կարելի է դա համարել դրական ձեռքբերում: Եթե հայկական բանկերը համեմատենք ԱՊՀ մյուս երկրների բանկերի հետ, ապա առաջինները գտնվում էին բավականին լավ նախաճգնաժամային վիճակում: Հայկական բանկերն ունեին կապիտալիզացման ու լիկվիդայնության բավականին բարձր գործակիցներ, ու, համապատասխանաբար, վնասների փոխհատուցման ու ավանդների հնարավոր արտահոսքի հետ պայքարելու ավելի զգալի կարողություններ: Բացի այդ, ՀՀ-ի բանկային համակարգի որոշ առումով դրական կողմ կարելի է համարել այն, որ բանկերը բավականին քիչ էին ստանում արտաքին շուկայական ֆինանսավորում, չէին թողարկում եվրապարտատոմսեր ու գրեթե չէին ներգրավում սինդիկացված վարկեր: ՀՀ բանկերն արտաքին ֆինանսավորում էին ստանում մայր բանկերից կամ միջազգային ֆինանսական ինստիտուտներից, որոնց հետ շատ ավելի հեշտ է բանակցել վարկերի մարման ժամկետների հնարավոր հետաձգման շուրջ:

– Կա՞ն հիմքեր ակնկալելու, որ ճգնաժամի արդյունքում որոշ հայկական բանկեր կարող են «պայթել»:

Ջեյմս Ուոթսոն – Չէի ասի, որ նման սպասումները բոլորովին անհիմն են: Կարող են գտնվել առանձին բանկեր, որոնք նախորդ տարիներին աճել են շատ արագ` իրենց վրա վերցնելով բավականին մեծ վարկային ռիսկեր, իսկ հիմա ցույց են տալիս իրենց վարկային պորտֆելի ոչ բոլոր խնդիրները: Այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ նման բանկերը չպետք է շատ լինեն եւ նույնիսկ իրենց վարկային պորտֆելներում լուրջ խնդիրների ծագման դեպքում գրեթե բոլորն ունեն ամրության բավականին հաստատուն պահուստ` կապիտալի տեսքով, որը կօգնի իրենց խնդիրները լուծելիս:

– Կարո՞ղ են հայկական բանկերի վարկային պորտֆելներում խնդիրները հանգեցնել միաձուլումների եւ կլանումների:

Նելլի Բադալյան – ՀՀ-ի բանկային համակարգը բավականին ֆրագմենտացված է, եւ բանկերի խոշորացումը կլիներ զարգացման նորմալ փուլ: Մեզ հայտնի է, որ ՀՀ ԿԲ կողմ է կոնսոլիդացմանը եւ պատրաստ է այդ նպատակով երկարաժամկետ վարկեր տրամադրել, հետեւաբար, զարգացման նման սցենարը հնարավոր է: Բանկերը հիմա փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում, սպասել, տեսնել, թե ի՞նչ խնդիրներ ունեն իրենց հաշվեկշռում: Բանկերը դարձել են ավելի պահպանողական, իսկ միավորման գործընթացը բավականին ռիսկային է: Այդ իսկ պատճառով նման գործարքները հնարավոր են, բայց դրանք կլինեն եզակի դեպքեր:

Ջեյմս Ուոթսոն – Մեր կարծիքով, հայկական բանկերի փոքր չափերն ու համակարգի ֆրագմենտացված լինելը ՀՀ-ի բանկային համակարգի հիմնական թուլություններից է: Բանկերին շատ ավելի դժվար է հասնել ռիսկերի եւ եկամուտների դիվերսիֆիկացմանը: Իհարկե, ողջ բանկային համակարգի եւ առանձին բանկերի կայունության ապահովման համար կոնսոլիդացումը տեղին կլիներ:

– Fitch-ը վարկանշում է ՀՀ-ում գործող 2 բանկերի` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլին» եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկին», որոնց անհատական վարկանիշները հաստատվել են համապատասխանաբար «D» եւ «D/E» մակարդակներում: Ինչո՞վ են պայմանավորված տվյալ բանկերի նման ցածր վարկանիշները:

Ջ. Ուոթսոն – Մենք հստակորեն տարանջատում ենք բանկի վարկունակության 2 տեսանկյունները: Առաջինը բանկի սեփական կայունության գնահատականն է` առանց հաշվի առնելու արտաքին օժանդակությունը, ինչը եւ ստանում է իր արտացոլումը Անհատական վարկանիշում, իսկ երկրորդը` օժանդակության ստացման հավանականության գնահատականն է, որից ելնելով շնորհվում է Օժանդակության վարկանիշը: Իսկ մեր հիմնական վարկանիշը` թողարկողի դեֆոլտի վարկանիշը (ԹԴՎ), դուրս է բերվում ինչպես բանկի սեփական կայունությունից, այնպես էլ այն օգնությունից, որին բանկը կարող է ապավինել: Մեր կողմից վարկանշվող 2 բանկերի «BB» ԹԴՎ-ները խոսում են բաժնետերերի կողմից օժանդակության ստացման բավականին մեծ հավանականության մասին:

Ն.Բադալյան – Ինչ վերաբերում է Անհատական վարկանիշներին, ապա «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» ունի բավականին դիվերսիֆիկացված բիզնես, իր պորտֆելում չունի վարկառուների գծով կենտրոնացում, ունի կայուն լիկվիդային դիրք, բարձր կապիտալիզացիա եւ այսօրվա պայմաններում ակտիվների բավականին լավ որակ: 2008թ. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» բարելավել է իր գործունեության արդյունքները, ուժեղացրել է ղեկավար թիմը, սակայն բանկը ժառանգել է անարդյունավետ մասնաճյուղային ցանց, վարկային պորտֆելն ավելի կենտրոնացված է, բանկն ավելի շատ է վարկավորել շինարարությունն ու առավել կախված է մայր բանկի ֆինանսավորումից: «D» եւ «D/E» Անհատական վարկանիշները պայմանավորված են նաեւ բանկերի ոչ մեծ չափերով: Fitch-ի վարկանիշները միջազգային են, դրանք պետք է համադրելի լինեն բոլոր բանկերով, որոնց մենք վարկանշում ենք ամբողջ աշխարհում:

Ջ. Ուոթսոն – Փոքր չափից բացի, ՀՀ-ում աշխատող ցանկացած բանկի վարկանիշները սահմանափակված են երկրային ռիսկերով: ՀՀ-ն, ինչպես եւ մյուս զարգացող երկրները, համարվում է բավականին բարձր ռիսկային շուկա: Այսպիսով` 2 հայկական բանկերին շնորհված Անհատական վարկանիշները չի կարելի շատ ցածր համարել:

– Ինչպիսի՞ ընդհանրություններ ու տարբերություններ կան հարավկովկասյան երկրների բանկային համակարգերում:

Ջ. Ուոթսոն
– Սկսենք ընդհանրություններից: Նախ, 3 երկրների բանկերը ճգնաժամից առաջ ցուցադրում էին աճի բավականին սրընթաց տեմպեր, ու որոշակի ռիսկեր ստեղծեց հենց վարկային պորտֆելների արագ աճը: 2-րդը. չնայած արագ աճին, բանկային հատվածների չափը երկրների ՀՆԱ-ի նկատմամբ դեռեւս բավականին ցածր էր: Իր չափերով բանկային հատվածն առավել զարգացած է Վրաստանում, որտեղ վարկավորումը հասել է ՀՆԱ-ի 30%-ին: ՀՀ-ում ու Ադրբեջանում այս ցուցանիշը 20%-ից ցածր է: Բանկային համակարգերի առաջին տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք ֆինանսավորվում: Վրացական բանկերն ունեին բավականին շատ արտասահմանյան շուկայական փոխառություններ, որոնց 2009թ. հնարավոր դարձավ հիմնականում վերաֆինանսավորել միջազգային ֆինանսական ինստիտուտներից ստացված նոր փոխառությունների հաշվին: Ադրբեջանական բանկերը դուրս էին գալիս դրսի շուկաներ, բայց ավելի ուշ, քան վրացականները: Նրանք ներգրավում էին հիմնականում երկկողմանի վարկեր, ինչպես նաեւ՝ մի քանի սինդիկացված վարկ, բայցեւայնպես արտասահմանյան ֆինանսավորումն ադրբեջանական բանկերում ավելի քիչ էր, քան Վրաստանի բանկային համակարգում: ՀՀ բանկերի համար արտասահմանյան ֆինանսավորումը բավականին կարեւոր էր, բայց կրում էր որոշակիորեն այլ բնույթ: Այն ներգրավվում էր ավելի շատ մայր բանկերից եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Ինչ վերաբերում է ակտիվների որակին, ապա ՀՀ-ում այս առումով իրավիճակն ավելի բարվոք է, քան տարածաշրջանի այլ երկրներում: Վրացական բանկերը բավականին ակտիվ վարկավորում էին շինարարությունն ու անշարժ գույքի շուկան, ինչի արդյունքում կուտակվեցին մեծ քանակով խնդրահարույց վարկեր: Ադրբեջանական բանկերը եւս ունեն ակտիվների որակի հետ կապված խնդիրներ, քանի որ այդ երկրի բանկերը ծայրահեղ արագ էին աճում եւ մեծամասամբ վարկավորում էին ոչ նավթային հատվածը, որն այժմ անկում է ապրում:

Ն.Բադալյան – Հարկ է նշել, որ իր կառուցվածքով ՀՀ-ի բանկային համակարգը տարբերվում է Վրաստանից ու Ադրբեջանից: ՀՀ բանկային համակարգում չկա վառ արտահայտված լիդեր, այլ կան 4-5 բանկեր, որոնք զբաղեցնում են համակարգի մոտավորապես նույն մասնաբաժինները:

Ջեյմս Ուոթսոն – Վրաստանում բանկային շուկայի կոնսոլիդացումը ավելի մեծ առաջընթաց է ապրել. 6 խոշորագույն բանկերը զբաղեցնում են շուկայի մոտ 85%-ը: Ադրբեջանում շուկայի կառուցվածքը պայմանավորում է այն հանգամանքը, որ պետական Միջազգային բանկը զբաղեցնում է շուկայի համարյա 40%-ը: Իսկ Ադրբեջանի մնացած բանկային շուկան իր կառուցվածքով նման է հայկականին. մասնավոր բանկերն այնտեղ խոշոր չեն, ու նրանցից ոչ մեկը չունի մեծ տեսակարար կշիռ: