Կառավարության գործունեության արդյունքների մասին առավել մանրամասն խոսեց
ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը` նշելով, որ 1999 թվականին, երբ գործող
կառավարությունը սկսեց աշխատել, կենսաթոշակային հիմնադրամի պարտքը կազմում
էր 830-840 մլն դրամ, աշխատավարձերի պարտքը՝ 400 մլն դրամ։
Էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց «Արցախէներգոյի» պարտքը
«Հայէներգոյին» կազմում էր շուրջ 1,5 մլրդ, «Արցախգազի» պարտքը՝ 700 մլն
դրամ։ Կուտակվել էին եւս 380 մլն դրամի այլ պարտքեր։ Այսինքն, ընդհանուր
առմամբ, շուրջ 3,8 մլրդ դրամի պարտքեր էին գոյացել։ Ընդ որում` պետբյուջեի
սեփական եկամուտները կազմում էին ընդամենը 1,6 մլրդ դրամ։
Վարչապետի խոսքերով, հանրապետության տնտեսությունը գտնվում էր խոր
ճգնաժամի մեջ եւ ԼՂՀ-ում այն հաղթահարելու, տնտեսության զարգացմանը
նպաստող պայմաններ ստեղծելու համար 1999-2000թթ. կառավարության կողմից
մշակվեց եւ Ազգային ժողով ներկայացվեց տնտեսական բարեփոխումների ծրագիր,
որը նպատակաուղղված էր երկրի մակրոտնտեսական ցուցանիշների կտրուկ
բարելավմանը։
«Ներկայումս մենք ներքին պարտքեր չունենք։ 2003թ. արձանագրվել է սեփական
եկամուտների 41,5% աճ, 2004-ին այն կազմել է 44,8%։ 2005-ին նույնպես
սպասում ենք մոտ 41% աճ, 2006-ին` ավելի քան 40%-ի աճ։ Այսպիսով, պետական
բյուջեի սեփական եկամուտների ծավալը 1999թ. նկատմամբ կաճի մոտ 6 անգամ։
Հարկ է նկատել, որ 2003-2004թթ. արձանագրվել է երկրի ՀՆԱ-ի
համապատասխանաբար՝ 20,2 տոկոս եւ 18,2% աճ»,- փաստել է վարչապետը։
Ներկայացնելով 2006-2010թթ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման
ծրագիրը` Անուշավան Դանիելյանը տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է
հետագա հինգ տարիներին ՀՆԱ կառուցվածքում կապիտալ շինարարության տեսակարար
կշիռը 6,3-ից հասցնել 10-13%-ի։ Դա նշանակում է կապիտալ շինարարության
ծավալների տարեկան առնվազն 3,5-5 մլրդ աճ՝ միայն պետական բյուջեի հաշվին,
ինչը հնարավորություն կընձեռի տարեկան լրացուցիչ 1000-1200 նոր աշխատատեղ
բացել։ Եթե 2000-2005թթ. ՀՆԱ ծավալների աճի հիմնական բաղադրիչներից մեկն
արդյունաբերությունն է, ապա, ըստ ծրագրի, 2006-2010 թվականներին՝ ՀՆԱ
ծավալների աճի առաջատարը կդառնա կապիտալ շինարարությունը։
Ըստ վարչապետի, ջրային ռեսուրսների համալիր ծրագրի մշակման ու իրականացման
գործընթացում շեշտը կդրվի ջրարբիացման, ջրային հանգույցների ստեղծման
մեծածավալ աշխատանքների վրա։ Նախատեսվում է տարեկան 3-5 մլրդ դրամի
ներդրումներ կատարել ոռոգման համակարգում։ Արդյունքում, առաջիկա 5
տարիների ընթացքում կավարտվի 4 խոշոր ծրագրերի իրականացումը, ինչը
հնարավորություն կտա ջրարբիացնել մոտ 16.000 հա հողատարածք։ Նախատեսվում է
կառուցել Վարանդայի (Մարտունու շրջան) ջրամբարը, որը ոռոգովի կդարձնի 550
հա տարածք։ Կկառուցվեն Իշխանագետի ջրամբարը՝ 2000 հա (Հադրութի շրջան), եւ
Ասկերանի ջրամբարը՝ 5600 հա հողատարածքներ ոռոգելու նպատակով։ Ծրագրված է
նաեւ Մարտակերտի ջրատարի շինարարությունը, որը հնարավորություն կտա
Մարտակերտի շրջանում ջրարբի դարձնել 7200 հա հողատարածք։
Կառավարության ղեկավարի հավաստմամբ, բոլոր քայլերը նպատակաուղղված են
սեփական եկամուտների աճի բարձր տեմպերի ապահովմանը, որն, իր հերթին,
հնարավորություն կտա պետական բյուջեի ծավալը 2010 թվականին հասցնել մոտ
50-53 մլրդ դրամի, բյուջետային համակարգի աշխատավարձերը (այդ թվում`
կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտի աշխատողների) յուրաքանչյուր
տարի ավելացնել միջինը 20%-ով, 2006-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի
15-20%-ով ավելացնել կենսաթոշակները եւ սոցիալական վճարները։
«2007 թվականից սկսած խոշոր գումարներ կներդրվեն ճանապարհաշինության
բնագավառում՝ աստիճանաբար այն հասցնելով 3 մլրդ-ի։ Գրեթե այնքան, որքան
տարեկան հատկացվում էր «Հայաստան» հիմնադրամի կողմից։ Հանրապետության
բոլոր բնակավայրերն ասֆալտապատ ճանապարհով կկապվեն գլխավոր մայրուղիներին։
2008-2009 թվականներին սկսվելու են տարեկան 1,5-2 մլրդ դրամի ներդրումային
ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում, ինչը կխթանի սեփական
էլեկտրաէներգիայի արտահանմանը, սակագնային ճկուն քաղաքականության
իրականացմանը։ Ծրագրի լիարժեք իրականացումը թույլ կտա նշված
ժամանակահատվածում ավարտին հասցնել դպրոցաշինության, առողջապահական
օբյեկտների շինարարության, ինչպեսեւ՝ հանրապետության գազիֆիկացման,
բնակավայրերը խմելու ջրով ապահովելու ծրագրերը։ Իսկ «Հայաստան»
համահայկական հիմնադրամը 2006-ից ձեռնամուխ է լինելու «Արցախի վերածնունդ»
ծրագրի իրականացմանը»,- տեղեկացրել է Ա.Դանիելյանը։
«Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ, ԱԺ փոխնախագահ Ռուդիկ
Հյուսնունցի կարծիքով, կուսակցության նախընտրական ծրագրի մի մասն
ընդգրկվել է կառավարության կողմից ներկայացված ծրագրի մեջ։ Նա գտնում է,
որ սկզբի համար ծրագիրը վատ չէ, դրա համար անվստահության հարց
չբարձրացրին։ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, կարեւորելով ծրագրի դերը,
նշեց. «Անցած խորհրդարանի առավելությունն այն է, որ պատգամավորները
կառավարությունից պահանջել են հստակ ծրագիր, որը պետք է իրագործվի։ Ծրագրի
մեջ կան որոշ անհասկանալի դրույթներ, որոնց վերաբերյալ հետագայում
պարզաբանումներ կպահանջենք։ Խոսքս վերաբնակեցման խնդիրների եւ արտաքին
քաղաքականության մասին է. պարզ չէ, թե արտաքին քաղաքականության ինչ
ճանապարհով պետք է գնանք։ Եթե անկախության ճանապարհն ենք բռնել, ապա պետք
չէ խոսել Հայաստանի հետ միացման մասին։ Լուրջ մոտեցում է նաեւ հիմնադրամի
«Վերածնունդ» ծրագիրը, որի իրականացումը պետք է լիներ հենց սկզբից»։