Վրաստանին ձեռնտու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ինչին կարող է նպաստել հայ-թուրքական սահմանի բացումը: Այս մասին երեկ ադրբեջանական «Զերկալ» թերթին տված հարցազրույցում ասել է վրացի քաղաքագետ Պատա Զաքարեիշվիլին: «Ես չեմ հասկանում` ինչո՞ւ է Սահակաշվիլին լռում, երբ խոսքը գնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների համատեքստում: Դա նշանակում է, որ կարող են բացվել հայ-թուրքական սահմանները, եւ Թուրքիան տարածաշրջանում ավելի կարեւոր դեր կարող է ստանձնել: Վրաստանի իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն, այլ ոչ թե նման պասիվություն դրսեւորեն: Թբիլիսին պետք է ջանքեր գործադրի` ցույց տալու համար, որ Վրաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, քանի որ դա բխում է Վրաստանի եւ ամբողջ Կովկասի շահերից»,- հավելել է Զաքարեիշվիլին: Նրա կարծիքով` այսօր ՀՀ-ն ուժեղ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, որին ձեռնտու է Հարավային Կովկասում հակամարտությունների առկայությունը: Նրա խոսքով` երբ բացվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները, Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ վերջինիս քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ ավելի ճկուն եւ քիչ կախյալ կդառնա Ռուսաստանի կողմից պարտադրվող դիրքորոշումից: Այնպես որ` սահմանի բացումը միմիայն կխթանի հակամարտության կարգավորումը: