Գնացին, չտեսան, «հարթեցին»

10/09/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նորից նիստ էր հրավիրել, որտեղ ներկայացվում էր, թե ինչ են հայտնաբերել, ավելի ճիշտ, ինչ չեն հայտնաբերել Պաշտպանության նախարարության իրային պահեստ կատարած այցելության ժամանակ:

Նախօրեին հանձնաժողովի երեք անդամները` դաշնակցական Արտյուշա Շահբազյանը եւ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ, գնացել էին ՊՆ իրային պահեստ՝ ստուգելու, թե արդյո՞ք այնտեղից մարտի 1-ին ՀՀ 9 բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օլիգարխներին զինվորական հագուստ տրամադրվել է: Այս տեղեկությունը հրապարակել էին Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանն իրենց չորրորդ զեկույցում: Եվ ահա, 2 օր առաջ այս երեք անձինք 4 ժամ անցկացրել են ՊՆ իրային պահեստում ու, ինչպեսեւ կարելի էր ենթադրել, ոչինչ չեն հայտնաբերել: Նրանք մանրակրկիտ ոչ միայն կարդացել, այլ նաեւ պատճենահանել են պահեստի գրանցամատյանը, զրուցել են սպաների հետ եւ հայտնաբերել են, որ հատկապես մարտի 1-ին պահեստից ոչինչ դուրս չի եկել: Դրան նախորդող մի քանի օրերի մատյաններում նշված է եղել, որ դուրս է հանվել սրբիչ եւ մահճակալ: Նրանք նաեւ համոզվել են, որ այդ գրանցամատյանում հնարավոր չէր էջ պոկել, կամ տվյալները փոխելու համար մատյանն ամբողջությամբ փոխել: Բայց արդյո՞ք մարտի 1-ին անօրինական զինված ուժերին հագցնելու համար հնարավոր չէր այդ հագուստները ստանալ առանց գրանցելու: «Պահպանման այն կարգը, որ մենք տեսանք իրային պահեստում, իմ կարծիքով՝ բացառում է նմանատիպ հնարավորությունը, որովհետեւ խոսքը վերաբերում է Պաշտպանության նախարարության զորամասին, այլ ոչ թե մասնավոր ընկերության պահեստներին»,- պատասխանեց Գ.Արսենյանը:

Գ.Արսենյանը, հետո նաեւ՝ Ա.Շահբազյանն ու Ա.Հարությունյանը իրենց խոսքի մեջ հատուկ ընդգծեցին այն հանգամանքը, թե իրենք ՊՆ իրային պահեստ են գնացել նախապես այդ մասին տեղյակ պահելով բանակի ղեկավարությանը` հատկապես Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: Հիշեցնենք, որ վերջինս անցած տարվա նախագահական ընտրություններից հետո նախագահականում գործող շտաբի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր եւ մարտի 1-ի իրադարձություններում բանակի ուժերի գլխավոր համակարգողը: Եվ հանձնաժողովականները հենց նրանից են թույլտվություն խնդրել ՊՆ պահեստը ստուգելու համար: Իսկ մարտի 1-ից, Փաստահավաք խմբի 4-րդ զեկույցի ու այդ հագուստների տրամադրման տեղեկատվությունը հրապարակելուց հետո անցել է բավական ժամանակ, եւ ստուգման պատրաստ ՊՆ սպաները, հատկապես Խաչատուրովը հաստատ այդ պահեստն ու գրանցամատյանն այն տեսքով չէին թողնի, որ Գ.Արսենյանը, Ա.Շահբազյանը եւ Ա.Հարությունյանը գնային ու այնտեղ այդ 9 պաշտոնյաներին ու օլիգարխներին տրված հագուստների հետքերը գտնեին: «Հիմա հասկացա՞ք, որ այս երկրում ոչինչ չի փոխվել»,- հնչեցրեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ով անցած նիստի ժամանակ էլ հայտարարեց, թե եթե պահեստում այդ հագուստների հետքերը մնացած լինեն, «ուրեմն մեր երկրում ինչ-որ բան է փոխվել»:

Ա.Կարապետյանը ոչ միայն համաձայն է, որ ՊՆ պահեստից հագուստ է հանվել, այլ համոզված է, որ դրանք գրանցել, հետո նոր են հանել: «Հենց իմիննը թղթով է դուրս եկել: Ես կարծում եմ, որ այդ ամենը ձեւակերպվել է եւ սպասում է իր ժամին: Մարդիկ դեմ կգնան, թուղթը դուրս կգա»,- ասում է Կարապետյանը եւ պնդում, որ հագուստները ստացած պաշտոնյաներն ու օլիգարխները եթե չենթարկվեն իշխանություններին, այդ փաստաթուղթն արդեն իշխանություններն իրենք կհրապարակեն:

Այդ դեպքում ինչո՞ւ Արսենյանն իր խմբով նման ձեւակերպում չգտավ ՊՆ մատյանում, թե՞ դա գաղտնի է պահվել նրանցից: «Յեստ լյուդի, կոտորիյե զաբլուժդայուցա պո սովեստի, Յեստ լյուդի, կոտորիյե զաբլուժդայուցա պո սգովորու»,- իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար ռուսերենով պատասխանեց Ա.Կարապետյանը:

Իսկ Փաստահավաք խմբի անդամ եւ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Ա.Քոչարյանն արդյո՞ք տեղյակ չէր, որ ՊՆ զորամաս այցելելու համար պետք էր նախօրոք այդ մասին տեղյակ պահել բանակի ղեկավարությանը: «Ես ոչ միայն կարգը, այլ ՊՆ սպայական կազմի 90 տոկոսին գիտեմ: Ա.Քոչարյանը, բնականաբար, շատ լավ գիտեր կարգը, բայց նա առաջնորդվել է նախագահի հոկտեմբերի 23-ի կարգադրությամբ, որը Փաստահավաք խմբին տվել էր այդ իրավունքը: Իսկ թե ինչո՞ւ բանակի ղեկավար կազմը չի ծանոթացել նախագահի կարգադրությանը, դա ինձ համար անհասկանալի է: Նախագահի կարգադրությունները ծանոթացվում են բանակի ողջ ղեկավար անձնակազմին: Փաստորեն, նրանք ոչ միայն նախագահի, այլ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չեն կատարել: Նրանք ծանոթ լինելով նախագահի կարգադրությանը` խոչընդոտել են Փաստահավաք խմբի աշխատանքներին: Դրանով իսկ կասկածներ են առաջացրել մեզ մոտ, որ խոչընդոտները միտումնավոր են: Ավելին, եթե դա լիներ բանակի կողմից միակ խոչընդոտը, մենք կհասկանայինք, որ դա կարող է թյուրիմացություն լինել: Մեր գործունեության մեջ բանակի կողմից եղել են շատ ավելի լուրջ խոչընդոտներ»,- ի պատասխան՝ ասաց Ա. Քոչարյանը:

Գ.Արսենյանը մի քանի անգամ հատուկ շնորհակալություն հայտնեց ՊՆ իրային պահեստի այն սպաներին, ովքեր մանրամասն պատասխանել են իրենց հարցերին, ցույց են տվել գրանցամատյանները եւ ներկայացրել են իրենց աշխատելու կարգը: «Պաշտպանության թիկունքի ծառայությունը կապ չի ունեցել մարտիմեկյան իրադարձությունների հետ»,- եզրափակեց Արսենյանը:

Եվ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հենց Արսենյանին հանձնարարեց գրել զեկույցի` ՊՆ պահեստների ստուգմանը վերաբերող հատվածը: «Այն, ինչ պետք է անեին խմբի անդամները, չեմ կարծում, որ 4 ժամվա ընթացքում կարող էին անել: 2 ժամը հաստատ ծանոթանալու, շրջելու ու սուրճ խմելու վրա կարող էր գնալ: Փաստահավաքը որ գնում էր, չէր գնում մատյանը նայեր ու գար: Մատյանը կարող էր ոչ մի հարցի չպատասխաներ: Նրանք պետք է կոմպլեքս ստուգում կազմակերպեին ոչ միայն հանձնաժողովի, այլ Զինդատախազության, կառավարության վերահսկողական ծառայության եւ այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Եթե այդ գործողություններն արված չեն, կներեք, ինձ համոզիչ չի թվում»,- ասաց Ա.Քոչարյանը:

Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին, եւ Ս.Նիկոյանը պատրաստվում է իր զեկույցը հրապարակել եկող շաբաթ սկսվող ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ: