ՀՀ-ն պարտավորություն չունի վերադարձնել ԼՂ հարակից տարածքները

10/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը թուրքական «Zaman» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Երեւանը վերադարձնի ԼՂ շրջակա 5 տարածքները: Պոլուխովն ասել է. «Ավելի վաղ Ադրբեջանի պաշտոնատար անձինք արդեն հաղորդել են այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է վերսկսել Հայաստանի հետ երկխոսությունը, եթե ԼՂ հարցի կարգավորման ծրագրի առաջին փուլը ստանա իր լուծումը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Ամենից առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղարը, որ սիրում է հղումներ անել ընդունված փաստաթղթերին, պետք է իմանա, որ ԼՂ-ի հարակից տարածքներ վերադարձնել-չվերադարձնելու հարցում ՀՀ-ն որեւէ միջազգային պարտավորություն չունի: Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` 1993թ. ընդունված 4 բանաձեւեր, որոնցից եւ ոչ մեկը նման պարտավորություն չի դնում ՀՀ-ի վրա: Ինչ վերաբերում է շրջաններ վերադարձնել-չվերադարձնելուն առհասարակ, ապա, կարծում եմ` Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ու այդ երկրի քաղաքական վերնախավը բավական «լավատեսական» են տրամադրված, ինչը, կարծում եմ, իրական բանակցային գործընթացի հետ որեւէ աղերս չունի: Խնդիրն առաջացել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման հետ կապված, որը չի հարգվել Ադրբեջանի կողմից: Ավելին, Ադրբեջանը փորձել է իր կամքը բռնի թելադրել: Եվ եթե Ադրբեջանն այսօր նպատակ կամ մտադրություն ունի բացել ՀՀ-ի հետ իր սահմանը, կամ, ասենք` գործարկել Բաքու-Նախիջեւան երկաթգիծը, ապա այս խնդիրը չպետք է կապվի ԼՂ հարցի հետ:

– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը կապվա՞ծ է ԼՂ հարցի հետ:

– Դատելով հրապարակված արձանագրությունների տեքստից, կարող ենք ասել, որ նման կապ չկա: Ցավալի է պարզապես, որ եւ՛ թուրքական, եւ՛ ադրբեջանական պաշտոնյաները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը կապում են ԼՂ հարցի հետ: Եթե Թուրքիան իսկապես անկեղծ մտադրություն ունի կարգավորել ՀՀ-ի հետ հարաբերությունները, ապա ի՞նչ կապ ունի ԼՂ հարցի կարգավորվածությունը կամ չկարգավորվածությունը: Նույն կերպ աշխարհի ցանկացած երկիր կարող է Թուրքիայի հետ առեւտրատնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները պայմանավորել Հյուսիսային Կիպրոսի խնդրի հետ: Ի՞նչ կստացվի դրանից:

– Հնարավոր համարո՞ւմ եք իրադարձությունների այնպիսի զարգացում, երբ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի նախաստորագրված արձանագրությունները` պատճառաբանելով ԼՂ հարցի լուծման գործընթացում առաջընթացի բացակայությամբ: Այս դեպքում ԼՂ-ի իշխանությունների վրա հնարավոր ճնշումներն ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ:

– Ամբողջ հայկական մամուլը հեղեղված է այն ենթադրություններով, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները, կպայմանավորի ԼՂ հարցի հետ եւ այլն: Իսկ ինչո՞ւ ենք մենք խնդիրը տեսնում այն հարթության մեջ, ըստ որի` սահմանի բացումը ավելի շատ Հայաստանին է ձեռնտու, քան Թուրքիային: Այսինքն` արձանագրությունները չվավերացնելու, չստորագրելու հնարավորություն Հայաստանն էլ ունի: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը չափազանց շահագրգռված է սահմանի բացմամբ: Ի վերջո, Թուրքիան սահմանը փակել է 1993 թվականին, եւ անցած 16 տարիներին որեւէ ողբերգություն Հայաստանը չի ապրել դրանից:

– Իսկ որպես հայ՝ Դուք նախաստորագրված այդ արձանագրությունները ինչպե՞ս կգնահատեք: Արդյո՞ք Թուրքիայի սահմանների ճանաչումն ու միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծումն այն գինն է, որ մենք պետք է վճարենք:

– Իհարկե, շատ ծանր է հայ մարդու համար ընդունել, որ Թուրքիան այն երկիրն է, որի հետ կարելի է անշահախնդիր միջպետական հարաբերություններ հաստատել: Բայց մյուս կողմից էլ` Թուրքիան մեր հարեւան երկիրն է, եւ այն, ինչ պատմական անցյալում կատարվել է, երեւի թե ավելի շատ պատկանում է անցյալին: Իսկ ժողովուրդները, պետությունները պետք է նպատակամղվեն դեպի ապագան: Ինչ վերաբերում է ցեղասպանության խնդրի քննարկմանը, ապա սա քննարկման ենթակա թեմա չէ: Ամբողջ աշխարհը գիտի, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է եղել: Այս առումով թուրքերի փաստարկները, մեղմ ասած, չեն դիմանում քննադատությանը: Ի՞նչ է նշանակում` տեղահանել մարդկանց` անվտանգության նկատառումներից ելնելով: Այդ դեպքում ինչո՞ւ պայմաններ չեն ստեղծում, որ այդ սպանվածների կամ, այսպես կոչված` տեղահանվածների ժառանգները վերադառնան իրենց բնակավայրերը: Ինչո՞ւ համապատասխան փոխհատուցում չեն տրամադրում: Ուզում եմ ասել` ցեղասպանության ճանաչման գործընթացն, անկախ ամեն ինչից, շարունակվելու է, եւ որեւէ բան սրան չի կարող խոչընդոտել: Թուրքերը պետք է, ի վերջո, պետական մակարդակով գոնե ներողություն խնդրեն: