«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն այսօր հանդես են գալիս խորհրդարանական ընդդիմության դիրքերից, սակայն, որքան էլ տարօրինակ է` նրանցից ոչ ոք իշխանափոխություն չի ուզում: Ճիշտ է, ՀՅԴ-ին առայժմ դժվար է ընդդիմություն համարել, քանի որ այն այսօր ավելի շատ քննադատության է ենթարկում ոչ թե իշխանությանը, այլ` ընդդիմությանը: ՀՅԴ-ն ապրիլի 29-ին դուրս եկավ կոալիցիայից եւ իրեն հայտարարեց ընդդիմություն, որովհետեւ դրանից մի քանի օր առաջ Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն էին հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ու պահանջեց ոչ թե արտաքին քաղաքական ուղեգծի հիմնական պատասխանատուի` ՀՀ նախագահի հրաժարական, այլ` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի: Այսօր էլ` հայ-թուրքական հարաբերությունների մասին նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո, ՀՅԴ-ն չի պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը: «Անշուշտ, նախագահը պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության համար, անշուշտ, մենք, արտգործնախարարի հրաժարական պահանջելով, դրանով նաեւ կեցվածք ենք ցույց տալիս նախագահի նկատմամբ, սակայն նախագահի հրաժարական պահանջելը լրիվ ուրիշ խնդիր է, որը, իհարկե, բացառված չէ, տաբու չէ: Կարելի է մի օր էլ հասնել նման եզրակացության, բայց այսօր նման եզրակացության մենք չենք հասել»,- երկու օր առաջ հայտարարել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նույն` հայ-թուրքական զարգացումների պատճառաբանությամբ մի քանի օր առաջ էլ իր մանդատը վայր դրեց խորհրդարանական ընդդիմության անդամ, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս դաշնակցականների նման հայ-թուրքական, իրենց ներկայացմամբ` անթույլատրելի զարգացումների համար ոչ թե դրա անմիջական պատասխանատու Ս.Սարգսյանի հրաժարականն է պահանջում, այլ` ինքն է անձամբ հրաժարական տալիս` մանդատը վայր դնելու տեսքով: «Մանդատից հրաժարվելը բավականին մեծ թվով ուղերձներ ունի իր մեջ: Անձինք, ովքեր քաղաքականության մեջ են, շատ լավ հասկանում են այդ ուղերձները»,- Ր.Հովհաննիսյանի քայլն այսպես մեկնաբանեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, թե իրենց հայտարարության մեջ նախագահի վստահության հանրաքվեի պահանջը շատ ավելին արժե, քան հրաժարականը:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ Ր.Հովհաննիսյանը կամ «Ժառանգությունը» չեն պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը, եթե անթույլատրելի են համարում նրա արտաքին ու ներքին քաղաքականությունը: Իսկ միգուցե այս կուսակցությանը ձեռնտու չէ՞, որ Ս.Սարգսյանը հրաժարական տա, եւ նախագահական նոր ընտրություններ անցկացվեն: Չէ՞ որ Ր.Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2001թ.: Միգուցե պարոն Հովհաննիսյանը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների՞ն, որի ժամանակ իր ՀՀ քաղաքացիության տասնամյակը լրացած կլինի: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Հետագայում պարոն Հովհաննիսյանը շատ ավելի լավ կմեկնաբանի: Մենք պայմանավորում ենք քայլերով եւ ոչ թե ուղղակի դնում ենք հիպոթետիկ կետեր»: