Ադամից սկսած մինչ այսօր ոչ մի փիլիսոփայական ուսմունք չի ծառայել
զոհերի այսպիսի մեծ թվի արդարացմանը, ինչպես նրա տեսությունը։ Նրա
դավանանքը՝ «հավասարություն եւ ազատություն», նմանվում էր կրոնի, որի
մոլեգին հետեւորդները տիրում էին աշխարհի կեսին եւ շահագործում հարյուր
միլիոնավոր մարդկանց։
Նրա անվամբ օծված ճնշումներն ու տանջանքները, քաղցն ու ցեղասպանությունն
ամենօրյա աշխատանք էին աշխարհով մեկ տարածված բռնակալների համար։
Այսուհանդերձ, BBC RADIO-4 կայանի ունկնդիրների շրջանում անցկացված
հարցման արդյունքում կոմունիստական ուսմունքի հիմնադիրը եւ սոցիալիզմի
նախահայրը, կապիտալիզմի եւ բուրժուական դասակարգի մոլի հակառակորդը
հայտարարվել է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենամեծ փիլիսոփա։
Ինչպե՞ս է եղել, որ մարդը, ում անունով բռնակալներն արդարացնում էին
բարբարոսությունը, փառաբանվում է որպես քաղաքակիրթ աշխարհի տիտան։
Հնարավոր է, ամեն ինչ կախված է հասկացությունների մեկնությունից։ Գուցե
ամենամեծ պետք է համարել այն փիլիսոփային, ում գաղափարներն ամենից ավելի
խոր հետք են թողել պատմության մեջ։ Այս դեպքում, անկասկած, Մարքսի
ժառանգությունն՝ իր մասշտաբով, կարող է համեմատվել միայն իր իսկ
գաղափարների աղետալի հետեւանքների հետ։
Իզուր չէ նա ասել. «Փիլիսոփաները միայն տարբեր կերպով բացատրել են
աշխարհը, մինչդեռ այն պետք է փոխել»։ Եվ դա նրան իսկապես հաջողվել է։
Ինչպես նշում է Ֆրենսիս Վինը Մարքսի մասին իր հայտնի գրքում՝ «նրա մահից
հետո 100 տարի անց երկրագնդի բնակչության կեսը գտնվում էր մարքսիզմը որպես
հիմնական ուսմունք դավանող ռեժիմների տիրապետության տակ»։
Առանց Մարքսի չէր լինի սառը պատերազմը։ Առանց նրա չէին լինի ոչ երկաթե վարագույրը, ոչ էլ ԳՈՒԼԱԳ-ը։
Համաձայնենք, որ համաշխարհային պատմության վրա ունեցած ազդեցությամբ նրա
հետ չի մրցի փիլիսոփաներից եւ ոչ մեկը։ Սակայն «մեծություն» բառն իր մեջ
ունի դրական իմաստ։ Բայց մի՞թե մենք չենք կարող դրականորեն գնահատել
գործունեությունը մի մարդու, ում գաղափարներն այդքան հրեշներ են ծնել։
Առանց Մարքսի Լենինն ու Ստալինը զուրկ կլինեին գաղափարախոսությունից, որը
թույլ էր տալիս ահաբեկչություն սանձազերծել սեփական երկրի նկատմամբ եւ
զոհել 60 միլիոն մարդու։ Մաոն երբեք չէր դառնա պատմության մեջ ամենաահավոր
զանգվածային մարդասպանը։ Նրա խղճին 75 միլիոն անմեղ կյանք կա։
Բրիտանիան եւ Արեւմուտքն ամբողջությամբ հարուստ ու ազատ են հատկապես այն
պատճառով, որ նրանց հասարակությունները հիմնված են ոչ թե մարքսիստական
ուսմունքի վրա, այլ՝ ժողովրդավարական կապիտալիզմի, ինչին Մարքսը
վերաբերվում էր անթաքույց արհամարհանքով։
Ինձ պարզապես ցնցում է այն, որ մտքով ու հումանիզմով առլեցուն մարդիկ (իսկ
իմ կարծիքով՝ RADIO-4-ի ունկնդիրներն այդպիսին են) ունակ են պատվանդանի
վրա բարձրացնելու մի մարդու, ով մեր աշխարհին ավելի շատ չարիք է պատճառել,
քան որեւէ այլ մեկը։
«Մեկ վայրկյան,- կարող են ինձ առարկել Մարքսի պաշտպանները,- դուք բաց եք
թողնում գլխավորն ու ամեն ինչ դարձնում պարզունակ»։ Չի կարելի, պնդում են
նրանք, Մարքսին վերագրել նրանց գործերի պատասխանատվությունը, ովքեր
նենգափոխել են նրա ուսմունքը, ովքեր սեփական նպատակներով չարաշահել են նրա
տեսությունները։ Հրեշ-բռնակալները կամայականորեն անտեսել են նրա մեծ
գաղափարներն ու վերցրել միայն առանձին մտքեր, ինչպես, օրինակ,
պրոլետարիատի հաղթանակի անխուսափելիությունն է, ինչը կարող էր արձագանք
գտնել զանգվածների մեջ։ Մարքսը, նշում են նրանք, կսարսափեր իր անունով
գործված հանցանքներից։
Հնարավոր է, դա այդպես է, բայց արդյոք դա թողությո՞ւն է տալիս Մարքսի
մեղքերին՝ իր անունով գործված բոլոր սարսափների համար։ Իմ կարծիքով՝ ոչ։
Որպեսզի բացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում, անհրաժեշտ է ավելի ուշադիր
ուսումնասիրել, թե ինչի՞ն էր հատկապես կողմ Մարքսը։ Անհրաժեշտ է հասկանալ
նրա անձը եւ պարզել՝ գիտակցե՞լ է նա իր փիլիսոփայական տեսությունների
հետեւանքը։
Թեեւ նրա հետեւորդները միլիոնավոր մարդկանց են ոչնչացրել, Մարքսն ինքը ոչ
մի անգամ նույնիսկ ճանճ չի սպանել։ Նա Լոնդոնում, չնայած աղքատությանը,
ապրում էր բուրժուա ինտելիգենտի տիպիկ կյանքով։
Առօրյա կյանքում Մարքսը սնափառ էր, չար, շփման մեջ տհաճ, բայց,
միաժամանակ, ինչպես ցույց է տալիս Ֆրենսիս Վինը, քնքշորեն սիրում էր իր
կնոջը՝ գեղեցկուհի-ազնվականուհի Ժեննի ֆոն Վեստֆալենին, եւ շատ ծանր էր
տանում իր վեց երեխաներից երեքի մահը։ Նա ապրում էր որպես միջին դասի
տիպիկ ներկայացուցիչ, բայց այդ գոյությունը կախված էր նրա հովանավորների
առատաձեռնությունից։ Ինչպես գրում է Վինը, Մարքսը մշտապես նամակներով
ռմբահարում էր հարուստ քեռիներին՝ նրանցից փող աղերսելով, եւ նվաստանում
հեռավոր ազգականների առջեւ, որպեսզի նրանք հիշատակեն իր անունն իրենց
կտակներում։
1883-ից, փիլիսոփայի մահից հետո, նրա գերեզմանը սրբատեղի դարձավ աշխարհի
բոլոր մարքսիստների համար եւ շարունակում է լինել մինչ օրս։ Մարքսը նրանց
զինեց մի գաղափարով, թե կապիտալիզմն ու մասնավոր սեփականությունը չարիք
են, իսկ սոցիալիզմն ու պետական տնտեսությունը՝ բարիք։ Ազդված աղքատ
բանվորների տառապանքներից, նա ստեղծեց դոգմատիկ, համապարփակ մի
տեսություն, որը կոչված էր հասարակությանն ազատելու
անհավասարությունից։
Մարքսը համոզված էր, որ մարդու վարքն ու ճակատագիրը որոշվում են ոչ թե նրա
բնույթով ու բարոյական որակներով, այլ՝ տնտեսական ուժերի ազդեցությամբ, որ
թույլ չեն տալիս աղքատներին դուրս պրծնել աղքատության ճիրաններից։ Նրա
կարծիքով՝ բարոյականության ու բարոյական վարքի հասկացությունները
կանոնների մի հավաքածու էր, որի օգնությամբ կառավարող դասակարգերն իշխում
էին բանվոր-պրոլետարների վրա՝ ձգտելով հավերժորեն ամրագրել նրանց նվաստ
դրությունը։
Ավելին՝ Մարքսը պնդում էր, որ պատմությունն իդեալին հասնելու կանխորոշված
քայլերի մի շղթա է։ Քայլեր, որ տանում էին կապիտալիստական հասարակարգի
փլուզման եւ կոմունիստական հասարակության ստեղծման։
«Նրա (բուրժուազիայի) վախճանը եւ պրոլետարիատի հաղթանակը միանման
անխուսափելի են,- գրում էր նա «Մանիֆեստում»։ -Կոմունիստները… բացեիբաց
հայտարարում են, որ իրենց նպատակները կարող են իրագործվել միայն
գոյություն ունեցող հասարակական կարգի բռնի փոփոխությամբ… Պրոլետարներ
բոլոր երկրների, միացեք»։
Հեղափոխության եւ դասակարգային պայքարի անհրաժեշտության,
անխուսափելիության մեջ վստահ լինելն էր, որ մարքսիստական ուտոպիան կյանքի
կոչելիս հանուն նպատակի արդարացնում էր բոլոր միջոցները։ Եվ սա էր նրա
ուսմունքին տալիս այդպիսի ուժ եւ ավերիչ բնույթ։ Այն հիանալի կերպով
խաղարկում էր բանվորների համոզմունքը, թե իրենց հետ անարդար են վարվում,
եւ միաժամանակ արդարացնում հանուն հասարակության վերափոխման կիրառվելիք
բռնությունը։
Մարքսի պաշտպանները որքան ուզում են, կարող են կրկնել, թե Մարքսը
կսարսափեր ԳՈՒԼԱԳ-ից, ստալինյան ահաբեկչությունից կամ սովետական
բանվորների դրությունից, ովքեր իր դիմանկարների տակ տքնում էին աղքատիկ
աշխատավարձի համար։ Եվ հենց այդ պատճառով էլ նրան մեծ փիլիսոփա համարել չի
կարելի։ Մարքսը չէր հասկանում, թե ինչ կդառնան մարդկության համար իր
գաղափարները։
Իսկ ա՛յ, շատ բռնակալներ, հակառակը, հիանալի հասկանում էին, թե Մարքսի
գաղափարներով զինված ինչի կարող են հասնել։ Լենինն՝ իր փայլուն քաղաքական
ընդունակություններով, վայրկյանապես գիտակցեց մարքսիզմի դաժան ռեալիզմը եւ
պարզապես դրան ավելացրեց գաղափարները կյանքում իրագործելու քաղաքական
մեխանիզմը։ Նա հայտարարեց, որ կոմունիստական հասարակությունը պետք է
ստեղծեն ոչ թե անընդունակ պրոլետարները (Մարքսի ու Լենինի պես
ինտելեկտուալներն իրականում խորապես արհամարհում էին բթամիտ
աշխատավորներին), այլ՝ մարքսիստ-հեղափոխականների ոչ մեծ էլիտար ավանգարդը,
որ գործելու էր բանվոր դասակարգի անունից։ Այլ խոսքով՝ Կոմունիստական
Կուսակցությունը, որ կազմված էր իր կամ Ստալինի նման մարդկանցից։
Մարքսիզմ-լենինիզմը ոչ միայն չստեղծեց կատարյալ հասարակություն, այլեւ այն
դարձավ իշխանության բռնազավթման եւ պահպանման կոպիտ գործիք։
1917-ին Լենինը գրավեց իշխանությունը Ռուսաստանում։ Նկատելով, որ
միլիոնավոր բանվորներին ու գյուղացիներին մարքսիստական գաղափարները դուր
չեն գալիս, նա որոշեց, որ բոլշեւիկյան կուսակցությունը իշխանությունը
կարող է պահել միայն ուժով, ահաբեկչությամբ եւ ճնշումներով։ Վերջապես,
նպատակն արդարացնում է միջոցները։ Լենինն ինքը մոլի մարքսիստ էր, դրա
համար նա անձամբ էր հրամայում սպանել հազարավոր մարդկանց, իսկ
միլիոնավորների՝ մատնել սովամահության՝ դա արդարացնելով հեղափոխության
հաղթանակի անխուսափելիության մարքսիստական գաղափարով։ «Թող գյուղացիները
քաղցեն»,- ասում էր նա։ Կամ ասում էր. «Ինչպե՞ս կարելի է հեղափոխություն
անել առանց գնդակահարությունների»։
Երբ ես նոր էի սկսել նյութեր հավաքել Ստալինի մասին իմ գրքի համար եւ
աշխատում էի նրա անձնական արխիվում, դեռ չէի կարողանում հասկանալ, թե
ինչո՞ւ էին սովետական բռնակալն ու նրա մերձավորներն այդպես հաճույքով
սպանում մարդկանց։ Գուցե նրանք մտագա՞ր էին, կամ զոհ էին գնացել ուղեղների
լվացմա՞նը, կամ սպանությունները նրանց համար հաջող առաջխաղացում ունենալու
միջո՞ց էին։
Սակայն, երբ ես կարդացի նրանց նամակները, իրավիճակը պարզվեց։ Ես իմացա, որ
ամեն արարք նրանք բացատրում էին իրենց մարքսիստական համոզմունքներով։
Նրանք պատրաստակամորեն ոչնչացնում էին միլիոնավոր մարդկանց, անգամ
մահապատժի ուղարկում իրենց մտերիմներին, որովհետեւ իրականում մոլեգնորեն
հավատում էին, որ այդ ջարդը կբերի մարքսյան իդեալական հասարակության
ստեղծմանը, անդասակարգ ուտոպիական դրախտի։
«Մի հոգու մահը ողբերգություն է, միլիոնների վախճանը՝ վիճակագրություն»,-
ասում էր Ստալինը։ Հնարավոր է, Մարքսն իսկապես սարսափեր այս խոսքերից,
բայց հատկապես ինքն էր մարդկային կյանքն իջեցրել ուտոպիայի ստեղծման
գործընթացի սովորական օղակի մակարդակին։
«Daily Mail», Մեծ Բրիտանիա
Պատրաստեց՝ Տ. Պասկեւիչյանը