Շախմատային դեբյուտ՝ «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ

10/09/2009

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթղթերի շուրջ քննարկումները մտնում են երկրորդ շրջան։ Սա մնում է այս օրերի առաջնահերթ ինտրիգը եւ արժանանում է քննարկումների։ Մյուս կողմից, թեպետ ընդամենը մեկ շաբաթ է անցել, հակառակ տեսակետները շատ արագ սպառվեցին, հռետորները սկսեցին կրկնվել, կարծես էլ ասելու բան չունեն, իսկ քննարկումները վերածվում են ավելի շատ վիճաբանության։

Մեզ համար սա ոչ թե օրվա, կամ տարվա, կամ վարչակարգի խնդիր է, այլ անկախության ընթացքում արձանագրված դիվանագիտական ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ Անշուշտ, այն «մանրադիտակային» քննարկումներով է անցնելու: Սակայն հասարակության մեծամասնության մոտ զգացվում է մի յուրահատուկ ոգեւորություն սպասվելիք փոփոխության նկատմամբ։ Որեւէ տեղաշարժ արձանագրելու ձգտումներին ընդառաջ կատարված այս քայլերը շոշափելիորեն հիշեցրին, թե որքան կծկված, լճացած ենք ապրել մենք այս լարված շրջապատում։ Ըստ էության մենք անկախության եւ «երկաթե վարագույրի» անկման ազատությունները այդպես էլ չենք կարողացել վայելել այս 20 տարիների ընթացքում։

Նաեւ մեր բնատուր, թե դարերի ընթացքում ձեւավորված առանձնահատկությամբ, հայերս միայն լայն տարածաշրջանային հարաբերություններում ենք ամբողջությամբ դրսեւորվում եւ հաջողությունների հասնում։ Դա նկատել են դեռ Կանտը, Հերդերը, մյուսները՝ հայ ազգի բնութագրականները տալիս։ Գուցե Տիգրան Մեծի ժամանակ մենք մեզնով էլ լավ էինք, բայց պատմության մի երկար շրջանում հայերը միշտ բաց հարեւանության պայմաններում են կարողացել կիրառել իրենց ներուժը։ Այլապես պարփակվելով՝ պրոբլեմներ ենք ունենում նաեւ ինքներս մեզ հետ։ Հայաստանի վերջին 20 տարվա անհաջողությունների մի զգալի բաժինը, այդ թվում՝ եւ արտադրությունների, եւ կենսամակարդակի անկումը հենց այդ փակվածության արդյունք է։

Մեկնաբաններն ու գործիչները որքան էլ առավելապես քննել են սահմանների բացման բացասական կողմերը, այնուամենայնիվ, հենց որ այդ հնարավորությունը իրականում ներկայացավ՝ ամենասովորական քաղաքացիներից մինչեւ բիզնեսմենները մի ներքին ոգեւորության մեջ են հայտնվել, կարծես հասարակության արյունատար անոթները սկսել են աշխատել։ Եվ դա առողջ զգացում է։

Տարածաշրջանային քաղաքականության մեջ մեզ 70 տարի սովորեցրել են միայն «Ռսի օրհնած ոտի» տարբերակը։ Եվ շատերը չեն հիշում, որ Առաջին Հանրապետության, հենց դաշնակցական կառավարության օրոք խորությամբ քննարկվել է «հյուսիս, թե հարավ» կողմնորոշման երկընտրանքը։ Այդ հյուսիսը, թեկուզ լայն դռներով, բայց փակուղի է։ Մեր ամբողջ պատմությունը եւ մարդկության հետ շփումները ուղղված են եղել առ այն տարածքներ, դեպի ուր այսօր այս պայմանագրերով փորձում ենք ուղիներ բացել։ Ի վերջո, այնտեղ է մեր պատմական հայրենիքը։ Ավելորդ է հիշեցնել, որ «Թուրքական ուղին» այսօր նաեւ դեպի Արեւմուտք մեր ամենառացիոնալ ճանապարհն է։ Այս ուղղության բացումը Հայաստանի իշխանությունների կողմից մեծ դժվարությունների հաղթահարմամբ իրականացվող՝ հաղորդակցությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շատ կարեւոր հանգրվանն է։ Միայն վերջերս հաջողվեց կառուցել գազի այլընտրանքային խողովակաշարը Իրանից, որը երկար ժամանակ արգելափակվում էր հենց գերտերությունների կողմից։ Դողդողալով պահում ենք Վրացական միջանցքը՝ այստեղ եւս ստիպված զիջումների գնալով երբեմն ամենատարրական անհրաժեշտության հարցերում։

Փոքրիկ ռեսուրսներով Հայաստանը տարածաշրջանում աղետալիորեն ամենաթանկ երկիրն է դարձել։ Թուրքական սահմանի բացմամբ ենթադրվող գների իջեցումը ՀՀ-ում կարող է մտահոգիչ լինել եւ անհանգստացնել միայն սպեկուլյանտներին։

Քաղաքականության մեջ մենք ավանդական վախ ունենք թուրքական դիվանագիտության ամենակարողության նկատմամբ։ Եվ միայն վերջին տարում, այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ, ականատես եղանք, թե ինչպես կարող են նրանք շփոթության մատնվել, խառնել ասելիքները, իրար հակասել, հիասթափեցնելով առաջադեմ աշխարհին եւ միջնորդ կազմակերպություններին։ Մենք երբեք մեր մտավոր կարողությունների նկատմամբ կոմպլեքսներ չենք ունեցել։ Եվ պայմանական է, որ ասում ենք՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն», իրականում սա շախմատ է, որտեղ մենք ակնհայտ, անվիճելի առավելություն ունենք։ Պարզապես չի կարելի միայն իշխանություններին հակադրվելու համար դիվանագիտության մեջ հաստատակամությունը շփոթել պնդաճակատության հետ։ Թեպետ երբեմն դա էլ է անցնում, սակայն այստեղ պետք է կարողանալ հստակորեն որոշել սահմանները։

Հայտնի է, որ երկրի համար այս կարեւորագույն հարցի լուծումը նախագահ Սերժ Սարգսյանի համար սկզբունքային է։ Թե ինչպիսի առաջընթաց է այսօր արձանագրվել դրա դիվանագիտական լուծումների բնագավառում, բավական է համեմատել ընդամենը չորս ամիս առաջ հայտնի դարձած «Ճանապարհային քարտեզը» այսօրվա փաստաթղթերի հետ։ Ակնհայտ է, որ կողմերը այստեղ ընդառաջ են գնացել բոլոր այն քննադատություններին, որոնք հնչեցվել են ծավալուն քննարկումների ընթացքում։ Զարմանալի է, բայց մեր իրականության տեսակետից սպասելի, որ այսպիսի համազգային նշանակություն ունեցող խնդրի նկատմամբ նույնպես կողմնորոշումները մեզ մոտ բաշխվում են դարձյալ ընդդիմություն-իշխանություն անջրպետի չափանիշներով՝ եթե իշխանություն եմ, ուրեմն կողմ եմ, եթե ընդդիմություն եմ, ուրեմն՝ դեմ պետք է լինեմ։ Նույնիսկ Դաշնակցության վերաբերյալ, որը գուցե միակն է, որի մոտ Թուրքիայի հետ հարաբերություններում կոշտ դիրքորոշումը հին, կայուն համոզմունքների արդյունք է, արմատական ընդդիմության առաջնորդներից մեկը այսպիսի կարծիք է հայտնում. «Չեմ հավատում նրանց հայտարարություններին, որովհետեւ նրանք չեն ապացուցել, որ իսկական ընդդիմություն են»։ Սա մեր քաղաքական մտածողության սաղրության բնորոշ ապացույց է։ Իսկ մեր մտավորականության ներկայացուցիչներից մեկը մի երկու օր առաջ եթերում իր խոսքը ազդեցիկ դարձնելու համար մոտավորապես այսպես էր արտահայտվում. «Երանի էդ Օրհան Փամուկը չծնվեր, որ հայերը թուրքերի մասին լավ մտածելու առիթ չունենային»… խոսքը, ինչպես հասկացաք, հայտնի թուրք հումանիստ գրողի մասին է։ Եվ այսպիսի մակարդակով մենք փորձում ենք ճակատագրական դիվանագիտական փաստաթղթերը հանրային քննարկման ներկայացնել։

Ամբողջությամբ կողմնակից լինելով թուրք-հայկական հարաբերությունների հաստատման այսօր արթնացող գործընթացին, նպատակ չունենք տպավորություն թողնել, թե այստեղ ընդունելի է բացարձակապես ամեն ինչ։ Մի կողմ թողնենք, որ մենք պահանջատեր ժողովուրդ լինելով, այսօր թուրքերն օգտագործում են սահմանների բացման առիթը՝ իրենք մեր առջեւ պայմաններ դնելու համար։ Արձանագրություններում, անշուշտ, դրույթներ կան, որոնք այս կամ այն կերպ (հիմնականում անուղղակի) հակադրության մեջ են մեր համոզմունքներին եւ ընդհանրապես տրամաբանությանը։ Դրանցից հիմնականը երկկողմ համաձայնության փաստաթղթում երրորդ կողմերի շահերի ներառումն է՝ մասնավորապես սահմանների անփոփոխության մասին հայտնի դրույթով։ Հասկանալի է, որ այդ կետը մտցնելիս նկատի չեն ունեցել Կիպրոսի խնդիրը, կամ՝ Թուրքիայի կողմից Իրաքի սահմանների բազմիցս խախտումները։ Դա, ինչպես նշվել է այդ թվում թուրքական մամուլում, ստեղծվել է Ադրբեջանի պահանջով։ Հայ-թուրքական երկկողմանի հարաբերություններից դուրս սահմանների մասին հոդվածը այլ երկրների վրա տարածելու կետի ընդգրկումը փաստաթղթում մեր դիվանագիտության վրիպումը կամ թուլության արտահայտությունն է: Իսկ ինչ վերաբերում է Հելսինկյան 3 հիմնական դրույթներից միայն մեկ կետի հիշատակմանը փաստաթղթում, ավելի լավ կլիներ մտածեինք, որ Արցախյան հակամարտությունը կարողանայինք պահել բացառապես ինքնորոշման տիրույթում եւ թույլ չտայինք դրա մեկնաբանումը որպես հայ-ադրբեջանական միջպետական կոնֆլիկտ։ Իսկ մյուս կետերը, այդ թվում՝ պատմական հարցերով հայտնի ենթահանձնաժողովի մասին էականորեն բովանդակությունը եւ ֆորմատը փոխած որոշումը, չենք կարծում, այնքան վնասակար են, որքան ներկայացվում են։ Իհարկե, ճիշտ չէ իշխանության որոշ ներկայացուցիչների նման պնդել, թե դա արված է Աղթամարի խաչը դնելու կամ Անիի եկեղեցիների վերականգնման խնդիրները քննարկելու համար։ Իհակե, մեր պետությունների միջեւ պատմական հիմնական խնդիրը ցեղասպանությունն է։ Բայց մի՞թե չենք կարող այս հնարավորությունը փորձել դարձնել յուրահատուկ հայկական Նյուրնբերգ։ Սա առաջին հերթին մասնագետների խնդիր է, որոնց աճեցման հարցում վրիպել ենք, ճշմարտության հսկայական բաժինը մեր կողմն ունենալով հանդերձ։ Միջկառավարական հանձնաժողովում մենք այսօր թուրքերին շատ բան ունենք հաղորդելու։ Բոլորը չէ, որ այնտեղ լավատեղյակ են պատմական իրականության մանրամասներին եւ նպատակ ունեն միայն թաքցնել ճշմարտությունը։ Իսկ այսօր դիմադրող դաշնակցականները, եթե այս քննարկումները բացվեն, հնարավոր է՝ առաջնային դեր ստանան այնտեղ, որովհետեւ ամենաշատ եւ մշակված ասելիքն ունեն այս թեմայով։

Այս հարցերը արդեն բավական մանրամասն քննարկվել են, ուստի չենք ուզում առաջնորդվել ձվի մեջ մազ փնտրելու սկզբունքով, որը տեղին չէ այստեղ եւ կարող է աչքի միջի գերան դառնալ։ Միշտ չէ, որ քննարկումները պարտադիր տանում են դեպի ճշմարտության բացահայտում։ Լինում է եւ հակառակը։ Գլխավոր խնդիրն այն է՝ այս փաստաթղթերում «բացթողումների» հանգամանքը հավասարակշռո՞ւմ է մեր առջեւ կանգնած աշխարհաքաղաքական այն պահանջներին, որոնք առաջադրում է քաղաքակիրթ հանրությունը։ Այդ թվում պետք է նկատի ունենալ, որ այս գործընթացի վերաբերյալ համաձայնության են եկել Արեւմուտքը եւ Ռուսաստանը։ Կասկածից դուրս է, որ այս անգամ ներկայացվել է տակտով կազմված, չափավոր փաստաթուղթ, որը կրում է հետեւողական աշխատանքի կնիքը։ Ի վերջո, դիվանագիտությունը հնարավորությունների արվեստ է, եւ այսօր առանց փոխզիջումների հնարավոր չէ վիճարկվող սկզբունքային կարեւորագույն հարցերի լուծումը։ Ինչեւէ, եթե փորձենք մի բառով ամփոփել, երեւի ամենաընդգրկունը այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի կողմից արված բնութագրումն է՝ արժանապատիվ փաստաթուղթ. «Ձգտել ենք արժանապատվորեն կարգավորել հարաբերությունները մեր հարեւան պետության հետ» (Ս.Ս.)։ Սա անկեղծ է ասված։ Հասկանալի է, որ այն կարող է շրջադարձային լինել մեր պատմության մեջ։ Քննադատություններ եւ անհամաձայնություն լինելու են անպայման։ Լավ չէր լինի, եթե մերժումն այն աստիճանի հասներ, որ ՀՀ նախագահը ստիպված լիներ օգտագործել խորհրդարանում իր ձայների գերակշռության հանգամանքը։ Նման հարցերում շատ ցանկալի է համազգային կոնսենսուսը, որը մեզ մոտ երբեք չի կայանում։ Մի բան հստակ է՝ թուրք-հայկական հարաբերությունների ձեւավորումը երկրին, վարչակարգին եւ ՀՀ նախագահին միջազգային մեծ հեղինակություն է բերելու, քանի որ աշխարհը միաձայն հաստատում է այդ քայլի նշանակությունը երկու ժողովուրդների համար։ Սահմանի բացման առաջին իսկ օրից դա մեծ աշխուժություն է մտցնելու նաեւ մեր բնակչության շրջանում։ Իսկ առայժմ, ինչպես միշտ մեզ մոտ, սպասվում են փաստաթղթի բուռն քաղաքական քննարկումներ։ Հասկանալի է, որ քաղաքական մի թեւը այստեղ տեսնում է առնվազն մի տասնամյակ իր հետապնդած «սառեցման» քաղաքականության վերջը, եւ անհանգիստ է այս առումով։ Սակայն ակնհայտ է՝ եթե այս գործընթացի տապալողը լինի հայկական կողմը, ապա մեր երկիրը դիվանագիտական պարտություն է կրելու միջազգային կարծիքի ասպարեզում, հուսահատեցնելու է նույնիսկ բարեկամներին, ինչն իր անխուսափելի հետեւանքները կթողնի առանց այն էլ լարված եւ չգոհացնող մեր վիճակի համար։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ