Արդեն հինգերորդ օրն է, ինչ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առողջապահական եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն աշխատանքներ են կատարում մանկապարտեզում արձանագրված թունավորման աղբյուրները բացահայտելու ուղղությամբ: Մինչդեռ երեխաների թունավորման պատճառն, ըստ էության, մնում է չբացահայտված: Պաշտոնական տվյալներով` սեպտեմբերի 5-ին, ժամը 17։00-ին ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն(ՊՀՀՏ) հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացվել է թիվ 4 մանկապարտեզի 7 երեխա` աղիքային երեւույթներով: Ահազանգը ստանալուն պես նախարարի ղեկավարությամբ կազմակերպվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊՀՀՏ պետ Ա. Վանյանի եւ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Ա. Ասոյանի այցը Սիսիան` համապատասխան մասնագետներով: Պարզվել է, որ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա: Ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը, հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են: Հիվանդներից վերցրած նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ի մոտ անջատվել է դիզենտերիայի հարուցիչ շիգելա զոննե, ինչը վկայում է, որ հիվանդության առաջացման պատճառը սննդային գործոնն է: Սեպտեմբերի 8-ի տվյալներով` հոսպիտալացված հիվանդների թիվը 25 էր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Մինչդեռ, ըստ հավաստի աղբյուրների, մանկապարտեզում արձանագրված թունավորման պատճառը եղել է երեխաներին մատուցած աղացած մսից պատրաստված կերակուրը: Մասնագետները ենթադրում են, որ աղացած միսը պիտանելիության ժամկետն անց, ասել է թե` հնացած է եղել: Այս ենթադրությունը դեռեւս չի հրապարակվում զուտ այն պատճառով, որ երեխաների թունավորման համար կարող են պատասխանատվության ենթարկվել ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները: Դեռեւս ճշտված չէ, թե մանկապարտեզին մսամթերքի ո՞ր արտադրությունն է միս մատակարարել, կամ արդյո՞ք դա եղել է մասնավոր ընկերության արտադրություն, թե՞, այնուամենայնիվ, միսը գնվել է անհատից: ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց նշված տեղեկությունը: Վերջինս միայն ասաց այն, ինչը պաշտոնապես հրապարակվել էր: «Դեռեւս զննումներ են կատարվում, եւ այս երկու օրվա ընթացքում նորից թարմ տեղեկություններ կհրապարակենք»,- ավելացրեց Ղ. Հակոբյանը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը նույնպես տեղեկություն չհայտնեց այս մասին` ասելով, որ ինքն էլ է նման բան լսել, բայց դեռեւս ոչ մի տեղեկություն չունի: Նա առաջարկեց զանգահարել ՀՀ Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղյանին, ում հետ կապվել, ցավոք, հնարավոր չեղավ:
Ի դեպ, նախկինում ՀՀ-ում գործող բոլոր մանկապարտեզներում գոյություն ունեին բժիշկ-դիետոլոգների հաստիքներ, ովքեր պատասխանատվություն էին կրում երեխաների սննդի անվտանգության համար: Այժմ այդ հաստիքները վերացվել են, ինչի արդյունքում մենք ունենում ենք զանգվածային թունավորումների նման դեպքեր: Նշենք, որ բժիշկ-դիետոլոգներն, ըստ մանկապարտեզների ներքին կանոնադրության, բացի սննդի վերահսկողությունից, պարտավոր էին անձամբ նախապես «ճաշակել» երեխաներին մատակարարվող սնունդը: