«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին փոխելուն Վաշինգտոնը գնաց մտածված եւ հավասարակշիռ քայլերով` մանրամասն ուսումնասիրելով հակամարտության գոտում տարված աշխատանքների արդյունքում ձեռք բերված փորձը»,- երեկ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր Ռոբերտ Բրադտկեին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ նշանակելու մասին: «Թեկնածուի ընտրության հարցում ԱՄՆ ցուցաբերած հետեւողականությունը վկայում է այն նշանակության մասին, որն ԱՄՆ-ը տալիս է մեր տարածաշրջանին: Նրանք բոլորովին չեն պատրաստվում Կովկասում հետ կանգնել այն նպատակներից եւ խնդիրներից, որոնք նրանք ավելի վաղ դրել էին իրենց առջեւ»,- ասել է Աղաեւը` հավելելով, թե` Բրադտկեի նշանակման երկրորդ կարեւոր պահն այն է, որ նա ծանոթ է եվրասիական կենսակերպին: «Թեեւ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց համարում են եվրոպական երկրներ, սակայն այս երկրների եվրասիական քաղաքական ինքնությունն ակնհայտ է: Այս տեսանկյունից ԱՄՆ-ի Պետդեպի` նոր համանախագահի նշանակման որոշումը կարելի է միայն ողջունել: Նա ստիպված չի լինի երկար ժամանակ վատնել իրավիճակի ուսումնասիրության վրա, քանի որ հակամարտության շատ մանրամասներ նրան արդեն հայտնի են»,- ընդգծել է Աղաեւը: Նաեւ նշել է, որ եթե ամերիկացի համանախագահի փոփոխությանը հետեւի նաեւ ռուսաստանցի համանախագահի փոփոխությունը, ապա դա կնշանակի միայն մեկ բան` բանակցային գործընթացի դանդաղեցում: