«Բարոյական հաղթանակ» հասկացությունը հորինողը պիտի ենթադրեր, որ վաղ թե ուշ հայտնվելու է նաեւ «անբարոյական պարտություն» հասկացությունը: Առաջին հասկացությունը մեզ դեռ դպրոցում են բացատրում: Բնականաբար` պատմության ուսուցիչները: Իսկ երկրորդը մեր նորօրյա իրականության ծնունդ է: «Անբարոյական պարտություն» ասելով՝ հայ մարդն այսօր անմիջապես հիշում է հայկական ֆուտբոլը: Հայ ֆուտբոլասերն, արդեն երրորդ տարին է, հաղթանակի երես չի տեսել: Բայց, չգիտես ինչու, հաճախում է ստադիոն: Հաճախում է, ու բոլոր այլազգի ֆուտբոլասերների նման փորձում է օգնել իր հավաքականին: Սուլոցով: Գոռոցով: Հիշոցով: Բայց հիշոցներն արդեն հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին չեն ուղղված: Ոչ էլ կողմնապահ որոշում կայացնող մրցավարներին: Այլ մեր խեղճ ու կրակ ֆուտբոլիստներին ու հայկական ֆուտբոլի ղեկավարներին: Սպորտային մեկնաբան չլինելով՝ չեմ կարող վստահաբար պնդել, որ կատարվածը եզակի երեւույթ է: Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ, հանրահայտ Գինեսի գրքում գրանցելու երեւույթ էր: Մերոնք էլի պարտվում էին: Այս անգամ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին: Անգամ հանրային հեռուստատեսության մեկնաբանը չկարողացավ չնկատելու տալ տրբունաներում մարզասերների պարզած պաստառը, որի վրա գրված էր՝ «Հերիք է մեզ խայտառակեք»: Մեկնաբանը խաղը վարում էր ստադիոնից: Հետեւաբար՝ ձայնային օպերատորները չէին կարող խլացնել մարզասերների վանկարկումները: Դրանք, ցավոք, տպագիր մամուլում հրապարակելու բան չեն: Որովհետեւ անընդմեջ հնչող վանկարկումներից ամենաանմեղի հրապարակումից հետո ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կկարողանա դատական հայց ներկայացնել տպագրողի դեմ: Կկարողանա ու հաստատ կշահի: Մեր օրենսդրությունը պաշտպանում է անձի արժանապատվությունը: Սպորտասերի արժանապատվության պաշտպանության մասին ոչ մի երկրի օրենսդրության մեջ ոչ մի տող չկա: Մարզադաշտում հնչող վանկարկումներից մեկի տպագրության դեպքում իրեն վիրավորված կզգա հզոր մշակույթով հայտնի եվրոպական մի ազգ: Խաղի հեռարձակումը դիտում էի ռուս կոլեգայիս հետ: Նրա խնդրանքով թարգմանեցի տրիբունաներից հնչող վանկարկումը: «Բայց ինչո՞ւ են ձերոնք պահանջում գերմանացու հեռացումը: Ախր եվրոպական ժամանակակից առածը պնդում է. «Ֆուտբոլ խաղում են բոլորը, բայց հաղթում են գերմանացիները»: «Մեր մոտ էլ» պատասխանով հաջողվեց թեման փոխել:
Ֆուտբոլն ամենազանգվածային մարզաձեւն է աշխարհում: Հայաստանում` եւս: Այդ պատճառով հայկական ֆուտբոլի անկյալ վիճակը արդեն հեռուն գնացող հասարակագիտական վերլուծությունների թեմա է դարձել: «Հայ մարդը պատմահոգեբանական զարգացումների արդյունքով անհատականություն է, եւ կոլեկտիվ խաղերը նրա բանը չեն»,- պնդում են հոգեբանության նկատմամբ հակում ունեցողները: Ամեն ինչի հիմքում տնտեսական հիմնավորում փնտրողներն այլ վերլուծություն ունեն: «Աղքատ երկրում թանկարժեք սպորտ չի կարող զարգանալ»,- վստահեցնում են նրանք: Երկու կողմն էլ իրենց տեսակետներն ապացուցում են հայ շախմատի հաջողություններով: Շախմատը եւ՛ անհատի, եւ՛ աղքատի խաղ է: Նույնիսկ ժամանակակից շախմատում մեծ ներդրումներ պետք չեն: Ոչ ժամանակակից (իմա` թանկարժեք) մարզադաշտեր են պետք: Ոչ ժամանակակից մարզագույք: Մի քանի հարյուր դրամանոց խաղատախտակն ու մի քիչ տանելի հզորություն ունեցող համակարգիչը բավարար են: Հիշո՞ւմ եք, առաջին անգամ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իմացանք, որ մեր գրոսմայստերներից մեկն էդ համակարգիչ ասածն էլ չուներ: Ոչ էլ` առանձին սենյակ՝ պարապելու համար: Իսկ մենք, չգիտես ինչու, մի գլուխ երազում ենք ֆուտբոլ ունենալու մասին: Մարզադաշտեր ենք նորոգում: Սեփական առաջնություն կազմակերպում: Մեր ֆուտբոլային իշխանությունները կաշվից դուրս են գալիս մեր երազն իրականություն դարձնելու համար: Բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով, իհարկե: Մի կերպ ութ թիմ ենք հավաքագրել «բարձրագույն խումբ» անվան տակ: Չենք թողնում, որ այդ բարձրագույն խմբի առաջնությունն անկազմակերպ անցնի: Հիշո՞ւմ եք նրանց տիտանական աշխատանքն անցած խաղաշրջանի վերջին: Բա հո չէի՞ն թողնելու, որ ամեն մի պատահած թիմ (տվյալ դեպքում` «Արարատը») հաղթի ամենաարժանավոր թիմին (տվյալ դեպքում՝ «Փյունիկին») ու դառնա չեմպիոն: Ավելին` տպավորություն էր, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան աշխարհով մեկ ընկած թույլիկ թիմ էր ման գալիս, որ բերեր մեր հավաքականի ձեռը տար քրքրելու: Գտան: Մոլդովայի հավաքականն էր: Ինքը քրքրեց մերոնց: Ուրեմն` ի՞նչն է պատճառը հայկական ֆուտբոլի անբարոյական պարտությունների. հարց, որը երկար տարիներ մնում է անպատասխան:
Հ.Գ. Կրկնում եմ՝ սպորտային մեկնաբան չեմ: Հոդվածը գրելուց անընդհատ հիշում էի Կարել Չապեկի մի տողանոց «Կոճղ» պատմվածքը: «Ինչո՞ւ չեն ասում՝ արժանապատիվ կոճղ»: