«Եթե որեւէ մեկն ատում է հայերին, ես պատրաստ եմ հայ դառնալ, եթե որեւէ
մեկն ատում է օսերին, ես օս կդառնամ, բայց միեւնույն ժամանակ՝ վրացի
կմնամ»,- Վրաստանի Հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ հանդիպելով,
ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա զայրացել է վերջին
ժամանակներում հնչող, տեռորիստական քայլերի դիմած մարդկանց ազգային ու
էթնիկական տարբերությունները մատնանշող մեկնաբանություններից: Բուշի դեմ
մահափորձ կատարած Վլադիմիր Հարությունյանի կալանավորման ընթացքում սպանված
վրացի ոստիկան Զուրաբ Կվիլիվիձեի կինն ազգությամբ հայ է: Սահակաշվիլին կոչ
է արել չմոռանալ այդ փաստը: «Կվիլիվիձեն իր կյանքի գնով է հրամանը կատարել
եւ կենդանի ձերբակալել Հարությունյանին»,- ասել է նա: Վրաստանի նախագահը
հետմահու շքանշանով է պարգեւատրել Զ.Կվիլիվիձեին ու Նադիբաիձեին, ովքեր,
մարդկանց մոտ ավելորդ խուճապ չառաջացնելով, Թբիլիսիի Ազատության
հրապարակից Հարությունյանի նետած նռնակը դուրս են բերել: