…Դժվար է գտնել 50-60-ական թվականների հայաստանյան հայտնի դեմքերից մեկին, որը չիմանար Մոսկվայի Կուտուզովի պողոտայի 37 շենքի N:172 բնակարանը: Հարությունյանների հյուրընկալ օջախը դարձել էր Մոսկվայի եւ Երեւանի քաղաքական գործիչների, մտավորականների եւ արվեստի մարդկանց հանդիպման վայր, Հայաստանի մշակույթի մի տեսակ տուն` այս վերջինի պաշտոնական բացակայության պայմաններում: Այստեղ Հայաստանից եկած հյուրերը առիթ էին ունենում հանդիպելու Անաստաս եւ Արտեմ Միկոյանների, Բաղրամյանի, Խաչատրյանի, Իսակովի, մարշալ Բաբաջանյանի, Պավել Լիսիցյանի, Կարո Հալաբյանի, Սուրեն Քոչարյանի, ակադեմիկոս Ենիկոլոպյանի, Առնո Բաբաջանյանի, քանդակագործ Նիկողոսյանի, նկարչուհի Ասլամազյանի եւ ուրիշ երեւելի մոսկվացիների հետ: Սխալ կլիներ կարծել սակայն, որ Հարությունյանն իրեն շրջապատել էր միայն մեծություններով: Նա հեռու էր փառասիրությունից եւ միշտ նեցուկ էր կանգնում մարդուն` անկախ նրա հասարակական դիրքից ու աստիճանից: Նա հատկապես ուշադիր էր երիտասարդների նկատմամբ: Անահիտ Մուշեղովնան հիշում է, որ Համո Ակիմովիչը միշտ իրեն հորդորում էր հոգատար վերաբերվել Հայաստանից եկած երիտասարդների նկատմամբ, «որպեսզի նրանք հեշտ տանեն օտարությունը»: «Եթե ուրիշներն ինձ մոռանան, երիտասարդները չեն մոռանա»,- ասում էր նա: Եվ նրանցից շատերին է օգնել Հարությունյանը դուրս գալու կյանքի մեծ ճանապարհ, օրինակ` հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին կամ Լյուքսեմբուրգում Ռուսաստանի դեսպան Էդուարդ Մալայանին:
…Հարությունյանի կապվածությունը հայրենիքի հետ նոր բովանդակություն ստացավ, երբ նա 30 տարի ընդմիջումից հետո կրկին այցելեց Հայաստան: Այցելությունը բեկումնային եղավ նրա կյանքում` բոլոր իմաստներով: Մոսկվայից ժամանած պատվավոր հյուրին Երեւանում ընդունում են, ինչպես որ հարկն է` պաշտոնական հրավերներ, հանդիպումներ, այցելություններ: Երեւանի հախճապակու գործարանում Հարությունյանին ընծայում են իրենց արտադրած սափորը, որը նրան է հանձնում գլխավոր ինժեներ Անահիտ Թումանյանը` մեծ բանաստեղծի թոռնուհին: Դեռատի կնոջ գեղեցկությունը ցնցում է Հարությունյանին: Հարությունյանը սիրում էր Թումանյանին, անգիր գիտեր նրա ստեղծագործություններից շատերը: Սակայն նա այցելում է Թումանյանի նորաբաց տուն-թանգարանը ոչ միայն անմահ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու համար: …Այստեղ նա կրկին հանդիպում է Անահիտին եւ առաջարկում իր սիրտն ու ձեռքը: Վերջինս շփոթված ասում է, որ ինքն ամուսնացած է, ունի երեխա, ինչին հյուրը պատասխանում է ֆրանսերեն երկու բառով. «Coup de Foudre» (բառացիորեն «Կայծակի հարված») եւ թարգմանում. «Սեր առաջին հայացքից»: Շատ չանցած Անահիտը տեղափոխվում է Մոսկվա, եւ նրանք ամուսնանում են:
Երեւանում Հարությունյանը տեղեկանում է պոետի ընտանեկան ողբերգության մասին` այն, որ 37-ին նրա երեք որդիները՝ Համլիկը, Արեգը եւ Մուշեղը, բռնաճնշվել են: Առաջին երկուսը գնդակահարվել են ԽՍՀՄ-ի տարբեր բանտերում, Մուշեղը վախճանվել է մեկ տարի անց թոքաբորբից: Վերադառնալով Մոսկվա` նա բողոքարկում է նրանց դատավճիռը` դիմելով երկրի գլխավոր դատախազ Ռուդենկոյին, խնդրում վերանայել Թումանյանների գործը: Թանգարանում ծանոթացա Հարությունյանին հասցեագրված Խորհրդային Միության Գլխավոր զինվորական դատախազության` 1955թ. հունիսի 2-ի, N:10804-09 թվակիր նամակին, որով` ի պատասխան նրա բողոքարկման, հայտնվում է գործը կարճելու եւ նրանց ռեաբիլիտացիայի` արդարացման մասին: Ավելի վաղ նմանօրինակ բողոքարկումով Գլխավոր դատախազություն էր դիմել Թումանյանի կինը` Օլգա Թումանյանը: Մերժել էին: Երիտասարդ ընթերցողին հարկ է իմանալ ստալինյան դժնդակ դարաշրջանի պատմությունը` հասկանալու համար, թե ինչպիսի քաղաքացիական արիություն է ունեցել Հարությունյանը այն տարիներին նման քայլի դիմելու համար: Ի դեպ, երբ նա գրում էր այդ նամակ-բողոքը Ռուդենկոյին, դեռեւս ամուսնացած չէր Անահիտի հետ:
Հիշյալ այցելության ժամանակ կայանում է Հարությունյանի անձնական ծանոթությունը Մարտիրոս Սարյանի հետ, որը սկիզբ է դնում նրանց երկարամյա, հուզիչ բարեկամությանը: Մինչ այդ դիվանագետը եւ Վարպետը արդեն ունեին նամակագրություն: Հարությունյանը բարձր էր գնահատում սարյանական արվեստը, եւ երբ վերջինս մեղադրվում էր ժդանովյան ապաքաղաքացիության մեջ, Մոսկվայում ձեռք է բերում նրա վաղ շրջանի 15 կտավ, այդ թվում՝ «Քայլող կինը» (գտնվում է Սարյանի պատկերասրահում), «Կարմիր ձին», «Ջրհորի մոտ» եւ այլ գլուխգործոցներ: Նա Մոսկվայի Արբատ փողոցի հայտնի «Անտիկվար» խանութի մշտական հաճախորդն էր, որտեղից հիմնականում գնում էր Սարյանի, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Ալաջալովի, Գառզուի կտավները: Նամակներից մեկում Հարությունյանը «շտապում է» հայտնել Վարպետին, որ «իրեն բախտ է վիճակվել հայթայթել նրա 1914 թ. կտավներից մեկը, որի վրա պատկերված են փարթամորեն ծաղկած երկու խնձորենիներ»: «Գիշերը, աշխատանքից վերադառնալով տուն,- գրում է նա,- երկար հիանում եմ այդ բնանկարով, որն առլեցուն է ցնծացող գարնան կյանքի ուրախությամբ: Սկսում ես վերհիշել հայկական գյուղի փթթող այգիները, պատանեկությանդ տարիները, սիրտդ լցվում է խանդաղատանքով, եւ հավատում ես, որ ինքը` կյանքը, ծաղկող գարուն է, եւ երախտիք ես տածում նկարչի նկատմամբ, որն արարում է նման կտավներ: Ի սրտե մաղթում եմ, որ Ձեր տաղանդը ծաղկի մշտապես` Արարատյան դաշտի խնձորենիներին հար եւ նման»: Կարդում ես եւ շոշափելիորեն տեսնում հայրենիքով, նրա բնությամբ գերված դիվանագետի բանաստեղծական ոգին: 70-ին` գամված Կրեմլի հիվանդանոցի մահճակալին, նա հայերենով գրում է Վարպետին. «Շատ սիրելի, մեծարգո, մեր հարազատ Մարտիրոս Սերգեեւիչ ջան: Դուք գիտեիք, որ ես ուզում էի նորից գալ Երեւան` մասնակցելու Ձեր ծննդյան 90-ամյակի տոնակատարությանը: Չէի պատկերացնում, որ այդ օրը մենք միասին չենք լինելու, եւ չէի կարողանալու ջերմորեն սեղմել ու համբուրել Ձեր հանճարեղ ձեռքը, որն այդքան երջանկություն է պարգեւել մարդկանց»: Հարությունյանը գիտեր, որ դատապարտված է, բայց ասում է. «Խոսք եմ տալիս, որ Ձեր ծննդյան 100-ամյակը միասին կանցկացնենք: Զուռնա-դհոլով հայոց սարերի մեր սիրած մեղեդիները կհնչեցնենք: Թող Աստված պարգեւի այդ բախտավորությունը բոլորիս»: Անհնար է անտարբեր կարդալ նաեւ Մարտիրոս Սարյանի նամակները Հարությունյանին, որոնք փիլիսոփայական-խոհական եւ գեղագիտական մտքի փայլատակումներ են, համահունչ արվեստագետի կերտվածքներին: «Ողջունում եմ ի սրտե, գրկում եմ իմ իմաստուն բարեկամին եւ մաղթում առողջություն եւ հաջողություններ»,- գրում է նա Հարությունյանին: Վարպետն իր ամենանվիրական մտորումներն ու զգացմունքները կիսում է նրա հետ, պատմում իր ծրագրերի եւ ստեղծագործական մտահղացումների մասին: «Անվերջ սիրելի Համո Ակիմովիչ: …Ուզում եմ Ձեզ գրել ամեն ինչի մասին, արտահայտել գեթ աննշան մասն այն ամենի, ինչ պտտվում է իմ գլխում եւ հուզում ինձ»: Սարյանը նրան անվանում է «իդեալական», «հազվագյուտ մարդ»: Հարությունյան-Սարյան նամակագրությունը, որը էպիստոլյար` նամականու ժանրի դասական օրինակ է, իրենից ներկայացնում է երկու մեծերի խորիմաստ եւ իմաստալից երկխոսություն:
Ինչպես ասվեց, Հարությունյանը արվեստների` հատկապես գեղանկարչության մեծ սիրահար էր: Նրա սարյանական կտավների հավաքածուն հասնում էր տասնյակների: Մի առիթով Բաղրամյանը կատակով ասել է. «Այսքան Սարյան շատ է մի ընտանիքի համար»:
Հաճախ եմ հանդիպել դիվանագետների, որոնց «թուլությունը» գեղանկարչությունն է: Ինքս էլ եմ տառապում այդ «հիվանդությամբ»: Նրանց մեծ մասը կտավներ է հավաքում գեղագիտական հաճույքի համար: Բայց կան դիվանագետներ, որոնք հավաքածուն օգտագործում են այլ նպատակներով: Գրոմիկոյի առաջին տեղակալ, հետագայում ԳՖՀ-ում դեսպան Վլադիմիր Սեմյոնովը, օրինակ, որը ներկայումս բնակվում է Գերմանիայում, իր հավաքածուից վաճառում է Պիկասո, Շագալ, Մալեւիչ, Կանդինսկի, ինչը ես բնական եմ համարում. Աստծուն՝ Աստծուն, Կեսարինը` Կեսարին: Հարությունյանն այս առումով եւս մինչեւ վերջ մնացել է անաղարտ: Նա սիրով է տրամադրել իր անձնական սարյանական գլուխգործոցները Խորհրդային Միությունում եւ արտասահմանում ցուցադրելու համար: Ցավալի է, որ այդ հարուստ հավաքածուն դեպքերի բերումով այսօր գրեթե փոշիացել է:
Հարությունյանը կապված է եղել անցյալ դարի անվանի հայերից շատերի հետ: Դժբախտաբար չեն պահպանվել նրանց փոխանակած նամակները: Արամ Խաչատրյանի հետ նրա մշտական նամակագրությունից մնացել է մի նամակ: «… Մենք (նկատի ունի իրեն եւ կնոջը` Նինային.- Ա.Ն) ուզում ենք ասել Ձեզ, որ Դուք արտակարգ մարդ եք, մենք Ձեզ շատ ենք սիրում, եւ Ձեզ հետ հաղորդակցվելը մեզ մեծ բերկրանք է պարգեւում»:
Հարությունյանի կապը Հայաստանի եւ հայաստանցիների հետ, ինչպես նաեւ նրա հայրենասիրական հայացքները նոր ձեւ եւ բովանդակություն են ստանում 60-ականների երկրորդ կեսին, ինչը որոշակի հետեւանք էր թողնելու նրա հետագա դիվանագիտական կարիերայի համար:
Պատմում է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Առաջին իսկ հանդիպման ժամանակ Համո Ակիմովիչը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Որպես քաղաքական գործչի` իմ կայացման մեջ, ես ամբողջովին պարտական եմ նրան: Մենք` Մոսկվայում սովորող, հայրենասիրական ոգով տոգորված մի խումբ ուսանողներ, որոշեցինք Ապրիլի 24-ին բողոքի եւ պահանջատիրական ցույց կազմակերպել թուրքական դեսպանության առջեւ: Բոլորս ոգեշնչված էինք 65-ի երեւանյան դեպքերով: Շատ էինք ջահել եւ՛ տարիքով, եւ՛ քաղաքականապես, ու մեզ խորհուրդ տվեցին հանդիպել Մոսկվայի ամենախելացի ու անվանի հայերից մեկի` Համո Ակիմովիչ Հարությունյանի հետ, հարցնել նրա կարծիքը այդ մտահղացման վերաբերյալ: Մեծ դժվարությամբ իմացանք հասցեն եւ երեքով, առանց նախազգուշացման, գնացինք նրա տուն: Դռան շեմին տեսնելով հայ ուսանողների, Համո Ակիմովիչը մեզ ներս հրավիրեց, ուշադիր լսեց, սկզբում ոչինչ չասաց, կինը սեղան բացեց՝ հայկական կոնյակով: Հետո, հավանաբար համոզվելով, որ մենք ռոմանտիկ ենք, իսկ մեր ցանկությունները` անկեղծ, եւ որ ՊԱԿ-ից չենք, նա մեզ անակնկալի բերեց իր խորհրդով: «Այն, ինչը որոշել եք, շատ կարեւոր է հայ ժողովրդի համար: Անպայման կազմակերպեք ցույցը: ՊԱԿ-ը կարող է ձեզ ձերբակալել: Մի փոքր էլ կարող եք նստել, ոչինչ, երիտասարդ եք: Իսկ ձեր արածը կմնա»: Դրանից հետո երբեք, որեւէ քաղաքական գործչի նման համարձակություն ես չեմ տեսել»: Ցույցը կազմակերպվում է, որի շուրջ բորբոքված կրքերը ավագ սերնդի ներկայացուցիչները պետք է որ հիշեն: Քաղաքական ակցիան ավարտվում է, սակայն նրա եւ մի խումբ հայ երիտասարդների կապերը Հարությունյանի հետ շարունակվում եւ ամրապնդվում են: Նա տառացիորեն զբաղվում է Մոսկվայում սովորող ուսանողների քաղաքական եւ հոգեւոր դաստիարակությամբ: Ծանոթացնում է դիվանագիտության հիմունքներին, մինչեւ անգամ տալիս արարողակարգի դասեր. ինչպես օգտվել սեղանի սպասքից, ինչպես ուտել, ինչպես խմել եւ այլն: Դասերն իզուր չեն անցնում: Համո Ակիմովիչի թաղումից հետո, նրա տանը հավաքված օտարերկրյա դիվանագետները զարմանքով էին հետեւում սեղանի առջեւ հայ երիտասարդների պահվածքին: Սակայն ավելի կարեւոր էր Հարությունյանի ազդեցությունը երիտասարդների աշխարհըմբռնման ձեւավորման վրա: Հարությունյանը նրանց հանձնարարում է մասնագիտական գրականություն` փիլիսոփայության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, գաղափարախոսության, արտաքին հետախուզության խնդիրների վերաբերյալ, քննարկում եւ վերլուծում կարդացվածը: «Քաղաքականությունը եւ դիվանագիտությունը լուրջ գիտություններ են, նուրբ արվեստներ, որոնց տիրապետումը պահանջում է տքնաջան աշխատանք եւ համակարգային ուսուցում: Դա կօգնի ձեզ հաղորդակցվելու այլ ժողովուրդների հետ, ըմբռնելու նրանց մտածելակերպը, բարքերն ու սովորույթները, հասու լինելու նրանց գաղտնիքներին»,- ասում է նա: Դիվանագետն աշխատում է թուրքերի նկատմամբ ատելություն տածող, ծայրահեղ ազգայնական հովերով տարված երիտասարդների վրեժխնդրությունը դնել այլ` բանականության հունի մեջ: Բացատրում է, որ զբաղվել քաղաքականությամբ` չի նշանակում՝ բարիկադների արյունալի դիմակայություն: Մինչեւ ուղն ու ծուծը լինելով հայրենասեր` Հարությունյանը մերժում է ագրեսիվ, ջղագրգիռ քաղաքականությունը եւ Հայաստանի ապագան տեսնում է նրա ժողովրդի համակողմանի տնտեսական ու հոգեւոր զարգացման, եվրոպական քաղաքակրթության եւ համաշխարհային հանրությանը նրա սերտաճման մեջ: Դա հաստատում է նաեւ Մանուկյանը, երբ ասում է. «Շփվելով Համո Ակիմովիչի եւ նրա միջոցով Անաստաս եւ Արտեմ Միկոյանների, մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հետ, մենք տեսնում էինք, որ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությունը նրանց համար կեղծ գաղափարախոսություն չէր: Նրանք գտնում էին, որ ԽՍՀՄ-ը հավերժ է, եւ ազգային հարցերին վերաբերվում էին ոչ այնպես, ինչպես որ մենք կուզեինք»: Այդուհանդերձ, կապերը շարունակվում են: Վազգեն Մանուկյանը, ներկայիս «Այժմ» թերթի գլխավոր խմբագիր Լյուդվիգ Խաչատրյանը եւ վաղամեռիկ ազգայնական Վրեժ Համբարձումյանը կապող օղակ էին դիվանագետի ու հայ երիտասարդների միջեւ` Մոսկվայում եւ Երեւանում: Երբ պաշտոնական Մոսկվան մերժում է Հարությունյանի եւ Բաղրամյանի խնդրանքը հայկական դպրոց հիմնելու վերաբերյալ, այն բացվում է նրանց ուժերով` հասարակական հիմունքներով: 1967 թ. Հարությունյանը հանդես է գալիս Մոսկվայի պետական համալսարանում կազմակերպված բազմամարդ հայկական երեկոյին, իսկ ամեն անգամ Երեւան այցելելիս` «Հայ մշակույթի ակումբի» (հետագայում այն «Ղարաբաղ» կոմիտեի հիմքը դարձավ) կազմակերպած միջոցառումներին: Նա վերջին անգամ լինում է Երեւանում` Թումանյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին: Հարությունյանը պատգամում է իր երիտասարդ բարեկամներին. «Պահպանե՛ք երեք կառույց` Սուրբ Էջմիածինը, Գիտությունների ակադեմիան եւ Սփյուռքահայության կոմիտեն»: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն վերացվեց Հայաստանի անկախությունից անմիջապես հետո, Ակադեմիան շատ հեռու է համաբարձումյանների եւ մերգելյանների գիտությունների կաճառ լինելուց: Չափազանցություն չի լինի ասել, որ գիտությունը եւ ուսումնական համակարգը կանգնած են լուրջ խնդիրների առջեւ, իսկ ֆունդամենտալ` հիմնարար գիտությունները, որոնք եղել են երկրի պարծանքը, պարզապես մարում են: Ինչ վերաբերում է եկեղեցուն, չնայած ժողովրդի մեջ հավատի վերածննդին, այն եւս բարվոք վիճակում չէ: Սրբ. Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ գոյություն ունեցող ազգավտանգ պառակտումը եւ հակամարտությունը շարունակվում ու խորանում է, հուսադրող քիչ բան կա հայ առաքելական, կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների հարաբերություններում, հանրապետությունը ողողված է խայտաբղետ աղանդներով, իսկ էջմիածնական բարձր դասի քաղաքականացված եւ ընդգծված իշխանամետ դիրքորոշումը խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրություններում լրջորեն խաթարեցին ազգի հավատն ու նվիրվածությունը դեպի իր հոգեւոր կենտրոնը` Հայաստանում եւ սփյուռքում:
Հ.Գ. Ինձ սովորեցրել են դիվանագիտական գրավոր եւ բանավոր խոսքում հնարավորինս խուսափել մակդիրներից, հատկապես, ածականի գերադրական աստիճանից: Իրոք, այն, ուժեղացնելու փոխարեն, թուլացնում է խոսքի ներգործությունը՝ առաջացնելով թերահավատության զգացողություն` դրանց օբյեկտիվ լինելու մեջ:
Սա գիտակցելով հանդերձ` հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, եթե Հարությունյանի առումով խախտել եմ դիվանագետի համար այդ չգրված օրենքը: Խախտել եմ, քանզի նա ինձ համար դիվանագետի իդեալ է, որին կցանկայի հավասարվել: Եվ կարծում եմ` ոչ միայն ես: Հարությունյանը նախատիպն է հանդիսանում հայ այն մտավորականության եւ քաղաքական գործիչների, որոնց դեռ ծնելու է ժողովուրդը այս հարյուրամյակում:
Ականավոր դիվանագետի, մեծ հայրենասերի եւ քաղաքացու սիրտը դադարեց բաբախելուց 1972-ի ապրիլի 2-ին: Նա թաղված է Նովոդեւիչի գերեզմանոցում, Նիկիտա Խրուշչովի շիրմից ոչ շատ հեռու:
Համազասպ Հարությունյանի ծննդյան 100-ամյակը նշվեց մի քանի բարեկամների շրջանակում, Կուտուզովի պողոտայի բնակարանում:
«Իսկ Հայաստանում ոչ ոք չհիշեց նրան»,- ասաց Հարությունյանի այրին, որը անցյալ տարի գնաց միանալու ամուսնուն: