Մոսկովյան «Et Cetera» թատրոնի «Շեյլոկ» ներկայացմամբ մեկնարկեց Երեւանյան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը (որն այս տարվանից կրում է անմոռանալի շեքսպիրյան դերեր կերտած եւ իտալական փայլուն դերասանական դպրոց անցած Վահրամ Փափազյանի անունը):
«Et Cetera» թատրոնը (որը նշանակում է` «գեւ այլն») երիտասարդ է, այն ԽՍՀՄ-ի վախճանից հետո հիմնել է դերասան Ալեքսանդր Կալյագինը: Եվ հենց նրա պատվերով էլ աշխարհի տարբեր բեմերում Շեքսպիրի պիեսների բազմաթիվ մեկնաբանություններ թողած Ռոբերտ Ստուրուան բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսը` «Շեյլոկ» անվանումով: Ա.Կալյագինն ասել է, որ շատ է սիրում աշխատել իմացող ու դերասաններին սիրող դիկտատոր-ռեժիսորների հետ աշխատել: «Նման ռեժիսորներին մեծ պատրաստակամությամբ եմ ենթարկվում»,- ասել է նա:
Ռ.Ստուրուան մեծ վարպետ է, որը թատերային, գրոտեսկային եւ միաժամանակ չափազանց արդիական քաղաքական հնչեղություն ունեցող ներկայացումներ է ստեղծում: Նույն մոտեցմամբ էլ 2000 թվականին նա բեմադրել է «Շեյլոկը»: «Ես որոշել էի ներկայացում այլ ազգերի ներկայացուցիչներին չսիրելու տարօրինակ մարդկային հատկության մասին: Այդ հատկությունը դարձել է մեր ժամանակների ողբերգությունը»,- ասել է վրացի ռեժիսորը:
Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգություն է, որտեղ այլազգիներին չսիրելու հատկությունը իսկապես որպես ողբերգություն է ներկայացված: Վաշխառու հրեա Շեյլոկն իր բնատուր հաշվենկատության շնորհիվ հարստանում է քրիստոնյա միջավայրում եւ անհեթեթ եւ սարսափելի պարտատոմս է կազմում` պարտքի դիմաց վենետիկցի վաճառականից պահանջելով նրա մի ֆունտ մսակտորը (որը ցանկալի է կտրել սրտի մոտ ընկած հատվածից): Շեքսպիրի մոտ արյունարբու Շեյլոկը վերջում պատժվում, անարգվում եւ ծիծաղի առարկա է դառնում: Նրան չի փրկում նույնիսկ օրինավոր կազմված փաստաթուղթը, քանի որ քրիստոնյաները գտնում են այն շրջանցելու ձեւը (միս կտրել կարող ես, սակայն արյուն թափել` ոչ): Եվ Շեյլոկը մեծ հաշվով հայտնվում է փակուղու առջեւ: Ոչ օրենքը, ոչ էլ բնազդային վրեժխնդրությունը նրան բավարարվածության զգացում չեն տալիս: Շեյլոկը ավելի ողբերգական կերպար է, քան նույնիսկ Համլետը, քանի որ նրա կոնֆլիկտը լուծում չի ստանում: Համլետը մի շարք մահերի ու սպանությունների միջոցով հանգստություն է գտնում, իսկ Շեյլոկը դատապարտված է շարունակել ապրել` քենը սրտում պահած ու անարգված: Եվ բոլորս էլ գիտենք, որ վրեժի մոլուցքը երբեք չի անհետանում, այն պարզապես հարմար պահին է սպասում` գլուխ բարձրացնելու ու գործի անցնելու համար (կարող է արտահայտվել մարդ մորթելով կամ շենքեր պայթեցնելով): Ազգային փոքրամասնություններ ունեցող պետությունները միշտ էլ այդ փաստը լավ են գիտակցում: Եվ վախենում են դրանից:
Ռ.Ստուրուան իր ներկայացման մեջ նվազագույնի է հասցրել սիրային հատվածները` ուսումնասիրելով վրեժի ու ագրեսիայի ծագումը: Շեյլոկ-Կալյագինը սկզբում որպես հաջողակ ու իր կյանքից գոհ մարդ է ներկայանում: Բեմում ժամանակակից եվրոնորոգմամբ օֆիս է` համակարգիչներով, ֆաքսի սարքերով ու տարադրամների փոխարժեքը հաղորդող մոնիտորներով: Իսկ Շեյլոկը փողկապավոր ու կոստյումավոր բիզնեսմեն է, որը փողից փող է սարքում: Հարյուրավոր տարիներ առաջ էլ բանկային համակարգը գործում էր ճիշտ այնպես, ինչպես հիմա, պարզապես բանկիրներն այն ժամանակ կոչվում էին ռանտյեներ: Երիտասարդացնելով դասական պիեսը` Ռ.Ստուրուան փաստել է, որ Շեքսպիրի տեքստը չի կորչում ժամանակակից միջավայրում, որ բարոյականության ու փողի փոխհարաբերությունները միշտ են արդիական: Շեյլոկ-Կալյագինը «մաքուր» բիզնեսմեն է, որը գերադասում է չհիշել իր ազգության եւ իր ազգի դեմ կատարված եղեռնի մասին: Պետք է ենթադրել, որ եթե այդ Շեյլոկը ապրում է 21-րդ դարում, ապա նա Հոլոքոստի մասին էլ գիտե: Այդ մշտապես վտարանդի հրեան իրեն հրեա չի զգում, ընդհակառակը` նա թիկնապահներով շրջապատված ամենազոր օլիգարխ է, որը սիգար է ծխում ու խոշոր գործարքներ է կնքում: Շեյլոկն իրեն հրեա է զգում միայն այն պահին, երբ սկսում է տառապել: Կամ էլ ճիշտ կլինի ասել, երբ նրան սկսում են նսեմացնել ու անընդհատ երեսով տալ իր կեղտոտ ծագումը: Նույնիսկ նրա դուստրն է իրենից փախչում եւ քրիստոնեություն ընդունելով` հրաժարվում հորից: Այդ պահին արյան կանչը ստիպում է Շեյլոկին գործնական կոստյումը փոխարինել հրեական թասակով ու հագուստով: Իսկ թասակը գլխին Շեյլոկն իրոք սարսափելի է եւ ընդունակ է ցանկացած ոճրի: Երբ Ռ.Ստուրուայի կառուցված միզանսցեններից մեկում Շեյլոկ-Կալյագինը բեմ է հանում վիրահատական սեղանն ու վերցնելով վիրադանակը` պատրաստվում է Անտոնիոյի միսը կտրել, հավատում ես, որ նա մի պահ անգամ չի վարանի ու մարդ կսպանի: Շեյլոկն արդեն խեղճուկրակ «շուն» չէ, որը թեկուզ շատ հարուստ է, սակայն ոգու խորքում օտարականի բարդույթ է կրում, նա արդեն իսկական հրեշ է: Իսկ հրեշներին ոչնչացնել է պետք: Եվ Շեյլոկին ոչնչացնում են` գլխին ծաղրածուի գլխարկ դնելով ու խոզի վրա նստեցնելով (հրեաները խոզի մսից սարսափում են, ուրեմն մենք քեզ հենց խոզի վրա կնստեցնենք): Շեյլոկն արդեն թույլ է, իսկ թույլերին միշտ էլ հոշոտում են:
Ռ.Ստուրուան սիրում է գրոտեսկը, չափազանցությունը, միամիտ ու միաժամանակ իմաստուն թատրոնի էությունը: Նա ժամանակակից ռուսական թատրոնի հետ լուրջ խնդիրներ ունի իր ազգային պատկանելության պատճառով (նրա մի քանի աշխատանքային հրավերներն արդեն ձախողվել են), սակայն նա կարողացել է այնպիսի ներկայացում անել, որը կարող է բաց ճակատով ռուս հանդիսատեսին ներկայացնել` հիշեցնելով, որ ինքը վրացի է եւ «թույլի» դիրքերից խոսում է ամենաբարձր բանից` խելամիտ լինելու պահանջից:
Հայ հանդիսատեսի համար «Et Cetera» թատրոնն իր ներկայացումը խաղաց թատրոնի ոչ առաջատար դերասանական կազմի ուժերով (բավականին թույլ էին կանացի դերակատարներն ու երկրորդական դերեր կատարողները), ինչի պատճառով թերեւս ներկայացումը զրկվել էր թեթեւությունից: Մինչդեռ հենց թեթեւ ու դինամիկ կառուցվածքն է բնորոշում Ռ.Ստուրուայի ձեռագիրը: Նա կարողանում է լուրջ բաների մասին իմիջիայլոց, հպանցիկ ակնարկել: Բեմի անկյունում տեղադրված կենդանիների արձաններն, օրինակ, մերթ առաջ էին գալիս, մերթ` ետ էին քաշվում` հիշեցնելով, որ մարդկային զանգվածը կարող է եւ անկառավարելի կենդանական ամբոխ դառնալ: Իսկ երբ անընդհատ ստորացնում ես որեւէ մեկին, ապա պետք է հստակ իմանաս, որ օրերից մի օր այդ նսեմացվողը ռեւանշ է պահանջելու: Եվ այդ ռեւանշը սարսափելի է լինելու: «Et Cetera» թատրոնի «Շեյլոկ» ներկայացման տողատակում այդ փաստը առկա է:
Ներկայացման պրեմիերայից 9 տարի է անցել, փոխվել են քաղաքական շեշտադրումները, հսկայական գետեր են հոսել-անցել եւ՛ վրաց-ռուսական հարաբերությունների, եւ՛ ռուսական հասարակության ազգայնամոլ մղումների միջով: Սակայն համընդհանուր ատելության ու անհանդուրժողականության թեման, որը միշտ եղել է Ռ.Ստուրուայի ուշադրության կենտրոնում, այսօր նույնպես արդիական է Ռուսաստանում: Փոխվել են ատելության օբյեկտները, «ժիդերի» դեմ արշավը վերածվել է «կովկասյան ազգության դեմքերի» դեմ պայքարի: Շեքսպիրն այդ մասին լավ է ասել` նշելով, որ թուխ մաշկ ունեցող ազգերը միշտ քրիստոնյաների թիրախում են: Նույնիսկ մահին պատրաստվող վաճառական Անտոնիոն է ասում, որ ինչպես ողջ կյանքում է հրեաներին «շուն» անվանել ու թքել նրանց վրա, այնպես էլ անելու է իր կյանքի վերջին րոպեին:
Շեքսպիրը Շեյլոկին որպես չարագործ է ստեղծել, որի վրա բոլորը պետք է ծիծաղեն, սակայն տարբեր մեկնաբանությունների արդյունքում փորձ է արվել Շեյլոկի նկատմամբ կարեկցանք առաջացնել: Ստուրուան ժամանակակից Շեյլոկի հանդեպ կարեկցանք առաջացնել չի ուզում: Նա պարզապես ընդգծում է (զուտ թատերային միջոցներով) որ զոհն ու դահիճը հավերժորեն կապված են իրար հետ:
Նույնիսկ սիրային դիալոգներից մի քանիսը Ռ.Ստուրուան ոչ թե սիրահարված զույգի շուրթերից է հնչեցնում, այլ Շեյլոկի եւ Անտոնիոյի: Սերը նույն ատելությունն է, քանի որ նույնքան ուժեղ է: «Նրան, ում ատում ենք, մենք պատրաստ ենք սպանել»,- Շեյլոկի այս բառերի հետ համաձայնում է նաեւ նրա թշնամին` Անտոնիոն:
Եվ որքան ուժեղանում է մեկը, նույնքան ուժ է ստանում նաեւ մյուսը:
Ստորացվողն ու ստորացնողը նույն մեդալի հակառակ կողմերն են: Եվ այդ մեդալն այսօր առավել գեղեցիկ է փայլում: Նույնիսկ մեր այսօրվա զուտ հայաստանյան շրջափակված կյանքում է այդ փայլի շողքը նկատվում: Ատելով մեկին, մենք նրան ուժեղացնում ենք: Ատողներ, պատրաստ եղեք ռեւանշի, Շեյլոկների նման մարդիկ երբեք չեն մոռանա իրենց ստորացման փաստը, կվերցնեն վիրադանակն ու կտոր-կտոր կանեն ձեր մարմինները: Այսպես ասած, շոկային թերապիայի միջոցով կհիշեցնեն` ատելությունը մարդկության թակարդն է:
Վրաց-ռուսական ներկայացումը հրեա վաշխառուի մասին հենց մեր մասին է: Թատրոնն ընդհանրապես միշտ պետք է մեր մասին լինի, այլապես այն թատրոն չէ:
Մինչդեռ «Շեյլոկ» ներկայացումը ներկա բազմաթիվ հայրենական թատերական գործիչներ քմծիծաղով շշնջում էին իրար ականջի` դե, սա բեմադրություն չէ, այլ ստից մի բան, «օյինբազություն» է, մենք նման բեմադրություններ տասնյակներով կարող ենք անել, բայց չենք անում, քանի որ մենք դրանից վեր ենք: Ցուցադրական այդ մոտեցումը նրանք հիմնականում միայն իրար դեմ են կիրառում, իսկ հանդիսատեսին ցուցադրելու բան չունեն: Ակամայից ուզում ես ասել նրանց` վերադարձեք թատրոնին, որը ծագել է հենց որպես «օյինբազություն», տոն, դիմակահանդես, որը ուժ տալով հանդիսատեսին, ինքն էլ է ուժեղացել: Որտեղ կարելի է էպոխաներ ու ազգություններ խառնել, պարել մահվան շեմին ու մաշկի գույնը փոխել, փոքր մարդու բարդույթները համաշխարհային ցավ դարձնել, գահընկեց անել իշխաններին ու գ չմոռանալ այդ ամենի վրա ինքնահեգնանքով ժպտալ: Թատրոնը խրատներ կարդալու վայր չէ, այն տոն է, պայմանականություն, վրացի ռեժիսոր Ռ.Ստուրուան նույնիսկ ամենացավալի հարցերի մասին խոսելիս այդ մասին չի մոռանում: Եվ արդյունքում շատ կարեւոր խրատ-հաղորդագրություն է մեզ ուղարկում: