Բոտուլիզմի մասին շատ ենք կարդացել, բայց մեկ անգամ եւս որոշեցինք անդրադառնալ` տեսնելով մեր տնային տնտեսուհիների սեզոնային ակտիվ եռուզեռը պահածոներ պատրաստելու գործում: Բոտուլիզմը սննդային թունավորման ամենածանր տեսակներից մեկն է: Նրա հարուցիչները լայնորեն տարածված են բնության մեջ: Դրանք հայտնաբերվում են հողում, գոմաղբում, մրգերի, բանջարեղենների վրա, ձկների ու խոշոր եղջերավոր անասունների աղիներում եւ այլն: Այդ մանրէն բազմանում է թթվածնի բացակայության պայմաններում: Այն առաջացնող ցուպիկների զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծվում սննդամթերքը տնային պայմաններում պահածոյացնելու ժամանակ: Գյուղատնտեսական եւ արդյունաբերական բոլոր մթերքները, շփվելով հողի, մարդու եւ կենդանիների արտաթորանքների հետ, կարող են վարակվել բոտուլիզմի հարուցիչներով: Մեզ մոտ թունավորման դեպքերը հիմնականում առաջանում են տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի օգտագործումից: Մթերքներում հաճախ սկսվում են խմորման պրոցեսներ, կափարիչն արտափքվում է, մթերքի համը եւ հոտը` փոխվում: Երբեմն այս երեւույթները կարող են բացակայել, իսկ հարուցիչները կամ դրանց թույները լինել: Դրա պատճառը սննդամթերքի ոչ բավարար մանրէազերծումն է, երբ հարուցիչի զարգացման համար ստեղծվում է թթվածնազուրկ միջավայր: Բոտուլիզմի ժամանակ ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, մասնավորապես` նյարդային համակարգը: Հիվանդությունն արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով, որովայնի շրջանում ցավերով, փորկապությամբ: Սովորաբար այս դեպքում ջերմությունը չի բարձրանում: Տեսողությունը մթագնում է, տեսանելի առարկաները երեւում են ոչ պարզ, բիբերի մեծությունն անհավասար է լինում, վերին կոպն իջնում է, առաջանում է շլություն: Հիվանդը սկսում է զգալ բերանի խոռոչի, քթանցքների եւ ըմպանի չորություն, ունենալ ծարավի զգացում: Կլման ակտը խանգարվում է, փափուկ քիմքի պարալիզման արդյունքում հեղուկ սննդամթերքը սկսում է թափել քթանցքերից: Մարսողական համակարգի խանգարման հետ միաժամանակ ախտահարվում են նաեւ ձայնալարերը: Երբեմն նկատվում է շնչառության խանգարում, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է սրտանոթային համակարգի խանգարումներով: Սկզբնական շրջանում սրտի զարկերն արագանում են, իսկ հետո` դանդաղում: Բոտուլիզմի ախտանիշները բավականին նման են որոշ հիվանդությունների: Հենց սա էլ հաշվի առնելով՝ պետք է խուսափել ինքնաբուժումից եւ անհապաղ դիմել բժշկի, հակառակ դեպքում կարող են առաջանալ լուրջ բարդություններ, նույնիսկ` մահ: Տանը պահածոներ պատրաստելիս անհրաժեշտ է խստիվ պահպանել սանիտարական կանոնները (տարաների եւ սննդամթերքի լավ լվացում, ջերմային մշակում), իսկ եթե պայմանները չեն ներում, ուրեմն պետք է հրաժարվել սննդամթերքի պահածոյացումից: