Ի՞նչ է խոլեստերինը, եւ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

10/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Խոլեստերինը ճարպանման միացություն է (լիպոպրոտեին), որն առաջանում է լյարդում եւ տեղափոխվում է օրգանիզմ շատ մթերքների հետ: Բնական ճանապարհով մարդու օրգանիզմում արտադրվում է 80 տոկոս խոլեստերին, իսկ մնացած 20 տոկոսը օրգանիզմը ստանում է սննդի միջոցով: Ոչ ամբողջ խոլեստերինն է առողջությանը վատ, ինչպես շատերն են պնդում: Այն անհրաժեշտ է օրգանիզմին` տարբեր հորմոնների, վիտամին Դ-ի սինթեզման համար: Օրգանիզմի նման պահանջների համար խոլեստերինի բավարար քանակություն է անհրաժեշտ:

Գիտնականներն առանձնացնում են խոլեստերինի 2 տեսակ` բարձր եւ ցածր խտության: Ցածր խտության լիպոպրոտեինները համարվում են «վատ խոլեստերին», որոնք անոթներում խցանում են առաջացնում` հանգեցնելով կաթվածների: Իսկ բարձր խտության լիպոպրոտեիններն, ընդհակառակը` համարվում են «լավ խոլեստերին»:

Խոլեստերինի բարձր տոկոսն արյան մեջ ոչ մի ախտանիշ չի առաջացնում, այդ պատճառով շատերը չեն էլ կասկածում, որ իրենց արյան մեջ խոլեստերինի տոկոսը շատ բարձր է: Իսկ հայտնի անոթաբաններից մեկն էլ ասում է. «Խոլեստերինն անգինա չէ, որ ցավի, այդ պատճառով էլ պետք է հաճախ ստուգվել»:

Խոլեստերինի ավելցուկը կուտակվում է զարկերակի պատերին, որը նպաստում է փոքրիկ վահանակների առաջացմանը, իսկ դրա արդյունքում նեղանում են անոթներն ու առաջանում է աթերոսկլերոզ: Այս դեպքում, հյուսվածքները սնուցող օգտակար նյութերի ու թթվածնի համար առաջացած խցանման պատճառով տեղի է ունենում հյուսվածքի մահացում: Եթե դա տեղի է ունենում սրտում, առաջանում է միոկարդի կաթված, եթե գլխում` գլխուղեղի կաթված:

Յուրաքանչյուր 20 տարին լրացած մարդը 5 տարին մեկ անգամ պիտի ստուգի արյան մեջ խոլեստերինի քանակը: Դրա համար անհրաժեշտ է անցկացնել արյան բիոքիմիական անալիզ:

Առողջ մարդու ընդհանուր խոլեստերինի մակարդակը արյան մեջ պետք է լինի 5,0մմոլ/լ, իսկ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով ու շաքարային դիաբետով տառապողների մոտ պետք է չբարձրանա 4,5մմոլ/լ-ից:

Բարձր խոլեստերին ունենալու ռիսկային խումբ են համարվում ավելորդ քաշ ունեցողները, նստակյաց մարդիկ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը օրգանիզմի վրա ունենում է գրեթե այն նույն ազդեցությունը, որն ունենում է ճարպակալումը, նույնիսկ, եթե կազմվածքով նիհար եք: Լավ խոլեստերինի տոկոսն ընկնում է, բարձրանում է վատ խոլեստերինը:

Նպաստավոր պայման կարող է հանդիսանալ նաեւ ժառանգականության փաստը, այսինքն՝ եթե ընտանիքում անոթային հիվանդներ կան, պետք է անընդհատ հետեւել խոլեստերինի մակարդակին: Եվ ամենակարեւոր պայմանը, այն, որ ծխելն իջեցնում է լավ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինի մակարդակն իջեցնելու առաջին եւ կարեւոր նախապայմանը ծխելը թողնելն է: Պետք է անընդհատ ֆիզիկական վարժություններ անել, գոնե շաբաթվա մեջ 3 օր` սկսելով կես ժամից: Վերելակի փոխարեն կարելի է օգտվել աստիճանասանդուղքից, պետք է շատ քայլել, զբաղվել հեծանվասպորտով, պարել, լողալ: Կարեւոր ուշադրություն պետք է դարձնել սննդակարգին ու առհասարակ սննդի պատրաստման ձեւերին: Պատրաստելուց առաջ պետք է միսը ազատել ճարպից, իսկ թռչնամիսը` կաշվից: Սառեցրեք մսի արգանակն, ապա հավաքեք նրա վրայից ճարպաշերտը: Աղցանների վրա մայոնեզի փոխարեն լցրեք կիտրոնի հյութ եւ այլ համեմունքներ: