ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում անցած շաբաթ հրապարակվել էր մի հոդված` նվիրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին: «Իրերը իրենց անուններով կոչենք» հրապարակման մեջ պարունակվում էին շատ մեղմ ձեւակերպումներ, սակայն իրականում այն ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս իրավիճակը «սիվիլ» քննադատելու փորձ էր: Երեկ Վարդան Օսկանյանը այս թեմայով հանդես է եկել եւս մեկ հրապարակմամբ (որը տպագրում ենք մեր թերթում): «Սխալվելն աններելի է» հոդվածում նա իր մտահոգություններն է արտահայտել այդ արձանագրությունների առնչությամբ` ինչպես ցեղասպանության ճանաչման եւ տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորության բացառման, այնպես էլ ԼՂ-ի հարցի ոչ հայանպաստ կարգավորման տեսանկյուններից: Վ. Օսկանյանի` թեկուզ մեղմ ձեւակերպումներով քննադատությունը հիմնականում արդարացի է, եթե մի պահ մոռանանք, թե ով է այդ մասին խոսում: Սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան նրա ասածի բովանդակությունն է, որքան դրդապատճառը: Իրականում այս հրապարակումները կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը եւ «մեսիջը», որ ինքը, մեղմ ասած, դեմ չէ «այս հողի» վրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Պատահական չէ, որ 10 տարի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ. Օսկանյանը «Իրերը իրենց անուններով կոչեց» եւ «Սխալվելն աններելի» համարեց արձանագրությունների հրապարակումից գրեթե մեկ շաբաթ անց միայն` այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե հնարավոր չէ հեռանալ քաղաքականությունից: Այնպես որ, արդեն կարծես սկսել է աշխատել վերադարձի սցենարը, որի մասին քաղաքական շրջանակներում խոսում էին վերջին շրջանում: Ինչ վերաբերում է նախկին ԱԳ նախարարի կողմից հնչող գնահատականներին, ապա պետք է նկատել, որ այդպիսով նախկին նախագահն ու ԱԳ նախարարը փորձում են այս առիթն օգտագործել ԼՂ հարցում իրենց վարած 10-ամյա քաղաքականության պատասխանատվությունից հրաժարվելու համար: Եթե հայ-թուրքական հարաբերությունների առումով նրանց մոտեցումը կարելի է ինչ-որ տեղ նորմալ համարել (նրանք վարել են Հայ դատի քաղաքականություն), ապա ԼՂ-ի հարցի առնչությամբ նրանց քննադատությունը, մեղմ ասած, «ազնիվ» չէ: Այն գնահատականը, որ անկախ ամեն ինչից՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի եւ հարաբերություններ կհաստատի միայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում իր ուզած զիջումները ստանալուց հետո, դժբախտաբար, եւս մոտ է իրականությանը: Սակայն «Սիվիլիթասի» կնքահայրերը մոռանում կամ շրջանցում են մի կարեւոր հարց` իսկ ո՞վ է հետեւողականորեն Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները հասցրել ներկայիս հանգրվանին: Եթե չենք սխալվում, ներկայումս բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքները» մշակվել են 2007թ. վերջին: Այնպես որ, ամեն ինչ է պետք կոչել իրենց անուններով: