Երկու ճանապարհ

08/09/2009

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը երկու հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարին հարիր հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլ էր»,- երեկ Խորվաթիայում նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթերին վերաբերող հարցին: ՀՀ նախագահի խոսքով` այժմ երկու երկրներում սկսվել է այս փաստաթղթերի ներքաղաքական քննարկման փուլը: «Մենք առաջին անգամ մեր հասարակության քննարկմանն ենք ներկայացնում միջազգային պայմանագիր` մինչ նրա ստորագրումը: Մեր նպատակն է լայն քննարկումներ կազմակերպել, տեսնել ողջ խորապատկերը»,- նշել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե այժմ ամեն ինչ կախված է երկու երկրների քաղաքական ուժերի եւ, առաջին հերթին, ղեկավարների քաղաքական հեռատեսությունից ու քաղաքական կամքից: «Մենք կամ ճանապարհ ենք բացում դեպի Հարավային Կովկաս, կամ մեր տարածաշրջանում խորացնում ենք հակասությունները, անվստահությունը, թշնամանքը: Ես հույս ունեմ, որ մենք կընտրենք առաջին ճանապարհը»,- ասել է Ս. Սարգսյանը: