Երեկ կազմակերպված ասուլիսի ընթացքում կրթության եւ գիտության նախարար
Սերգո Երիցյանը շարունակում էր մտահոգվել Հայոց լեզվի եւ գրականության
բանավոր քննության ժամանակ դիմորդների ցուցաբերած գիտելիքների ցածր
մակարդակով: «Տխուր է, երբ լրագրության ֆակուլտետ դիմածների 40%-ը, իսկ
բանասիրություն դիմածների 35%-ն անբավարար է ստանում»,- հայտարարեց
նախարարը: Ըստ նրա՝ շատերը դիմում են հենց այնպես, պարզապես գիտելիքները
ստուգելու համար: Այս հարցում նա մեծ մեղավոր է համարում ուսուցիչներին,
ովքեր թերանում են մասնագիտական կողմնորոշում տալու հարցում: «Մեր
ժամանակներում մեզ կողմնորոշում էին այս կամ այն մասնագիտություն ընտրելու
գործում»,- նկատեց Ս. Երիցյանը: Նախորդ տարվա համեմատ, այս տարի 2%-ով
պակասել է բացակայությունների թիվը: Փոխարենն այս տարի հաճախացել են
քննությունների ընթացքում գրանցվող զավեշտալի դեպքերը:
«Վերջերս Առինջ գյուղից մի երիտասարդ, երբ տեսել է, որ հայոց լեզվի
քննության ժամանակ աշխատանքը ձախողվում է, քերականական 20 սխալով ջերմ
նամակ է ուղղել հանձնաժողովին՝ պահանջելով իր աշխատանքը գնահատել ոչ
պակաս, քան տասը բալ՝ հետագայում խոստանալով լավ սովորել»,- պատմեց
նախարարը:
Դիմորդների ծնողներին մտահոգող հարցը գրեթե բոլոր բուհերում ուսման վարձի
10-15%-ով բարձրացումն է, ինչը կատարվում է բուհերի խորհուրդների
որոշմամբ՝ հաշվի առնելով որոշ մասնագիտությունների պահանջարկի մեծացումը։
«Ես չեմ կարող ընդդիմանալ այդ որոշմանը»,- նկատեց Ս. Երիցյանը:
Ընդունելության քննությունները շարունակվում են նաեւ հանրապետության
մարզերում: Մասնավորապես, Գյումրիում քննություններին մասնակցելու է 1000
դիմորդ, Վանաձորում՝ 931, Իջեւանում՝ 411, Գավառում՝ 432, Գորիսում՝ 242:
Ընդհանուր առմամբ, նախարարը քննական այս ամառը համարում է հանգիստ: «Այսօր
կարելի է արձանագրել, որ մենք ունենք հստակ գործընթաց ունեցող քննական
հանգիստ ամառ»,- ավելացրեց նախարարը:
Հ.Հ.