«Բորդելներ»` ավտոկայաններում

08/09/2009

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության մեր աղբյուրները երեկ մեզ բավական ուշագրավ տվյալներ հայտնեցին, որի մանրամասներն, ի դեպ, օրերս փոխանցվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ մեր աղբյուրների` Տրանսպորտի նախարարության ենթակայությամբ գործող տասնյակից ավելի ավտոկայանների տնօրեններ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ ակտիվիստներ են: Սակայն ամենաուշագրավն այն է, որ ավտոկայանների «ՕԵԿ»-ական տնօրենների նախաձեռնությամբ եւ գիտությամբ այդ հիմնարկություններում երեկոյան ժամերին «բորդելներ» են գործում: Փաստորեն, երթուղիների սպասարկումն ապահովելուց հետո ավտոբուսների, տրոլեյբուսների եւ երթուղային տաքսիների վարորդները տեղում «լիցքաթափվելու» հնարավորություն ունեն: Տրանսպորտի եւ կապի նախարարության մեր աղբյուրների հավաստմամբ` ավտոկայանների «ՕԵԿ»-ական տնօրենները, բացի տրանսպորտային միջոցների շահագործումից` նաեւ շահագործում են թեթեւ վարքի տեր կանանց: Այլ կերպ ասած` մարմնավաճառներին վաճառում են վարորդներին: Այս տեղեկությունն այնքան մեծ աղմուկ է բարձրացրել նախարարությունում, որ նույնիսկ մանրամասները փոխանցվել են ղեկավար մարմիններին, ընդհուպ՝ մինչեւ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սուսաննա Տոնոյանից մենք չկարողացանք պարզաբանում ստանալ, քանի որ նրա քաղաքային հեռախոսահամարը երեկ ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում: