Աշխարհի ճանապարհը` Լաչինո՞վ

08/09/2009

Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ Եվրոպան եւ Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհներ» դարի նախագծի իրականացման վրա: Իսկ ճանապարհն, ըստ նրա` Ադրբեջանը եւ Հայաստանը միացնելու է Եվրոպայի հետ: Նախարարի խոսքով` այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, հետո՝ Թուրքիայով դեպի Եվրոպա: Այսպիսով, սա կդառնա Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջին գլոբալ համատեղ նախագիծը: Ինչպես նշել է Դավութօղլուն, Թուրքիայի նպատակը Կովկասում աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրավիճակի ամբողջական փոփոխումն է: Իսկ թուրքական «Yenisafak» թերթն էլ` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշել է, թե սեպտեմբերի երկրորդ կեսին Լաչինի միջանցքի տեխնիկական հետազոտություններ անցկացնելու նպատակով այնտեղ ԵԱՀԿ դիտարկման խումբ է ուղարկվելու: Առաքելությունն ուսումնասիրելու է Լաչինի միջանցքի լայնությունը եւ զեկույց է պատրաստելու այս եւ այլ հարցերի շուրջ: