Կարապետյանը վերադարձել է

08/09/2009

«Երկրներն իրենք են որոշում իրենց ճակատագրերը: Կան համաշխարհային գլոբալ պրոցեսներ, կան պրոցեսներ, որոնք ներազդում են յուրաքանչյուր երկրի ներքին քաղաքական կյանքի վրա, բայց միանշանակ է, որ երկու խնդիր կա` եթե երկրի ներսում իրավիճակը լավն է, եթե ղեկավարությունը լեգիտիմության խնդիր չունի, եթե երկրի ղեկավարությունը հարց չունի լուծելու արտաքին դաշտում իր խնդիրների հետ կապված, ապա նա կարող է դիմակայել յուրաքանչյուր ճնշումների: Հայաստանը փոքր երկիր է, եւ ճնշումները մեծ են ու բազմաթիվ, բայց անհնար չէ դրա դեմ առնելը, եթե ունես համապատասխան լեգիտիմության պաշար»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից: Հիշեցնենք, որ պրն Կարապետյանը Մոսկվա էր մեկնել այն օրերին, երբ ՌԴ մայրաքաղաքում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Եվ իր մեկնելուց առաջ Կարապետյանն այնպիսի տպավորություն էր ուզում ստեղծել, թե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են Հայաստանի հարցը, եւ ինքը գնում է «իր կապերով այդ քննարկմանը ճիշտ ընթացք տալու եւ տեղեկանալու, թե ինչ է որոշվել»: Երեկ հարցրեցինք, թե ՆԺԿ ղեկավարը ՌԴ-ում հայկական հարցով ի՞նչ հաջողություններ է գրանցել, կամ ի՞նչ են խոսում Մոսկվայի քաղաքական կուլիսներում հատկապես վերջին` հայ-թուրքական զարգացումների մասին: «Ես հասկացա մի բան, Մոսկվայում շատ բարձր ատյաններից մեկում հարց տվեցի, ենթադրենք, թե ամեն ինչ ստացվեց, մի քիչ դժվար է Երեւանում պատկերացնել թուրքական դեսպանատուն առանց մի դիվիզիա պաշտպանների»,- այսպիսի պատասխան տվեց ՆԺԿ ղեկավարն՝ առանց մանրամասնելու իր խոսքի ենթատեքստը: «Շատ դժվար, բարդ ու վտանգավոր խաղի մեջ է մտել Սերժ Սարգսյանը»,- համոզված է Ա.Կարապետյանը: Իսկ ո՞վ է ներքաշել ՀՀ նախագահին այդ խաղի մեջ: Թուրքիա՞ն՝ իր խորամանկ դիվանագիտությամբ, թե՞ մեր տարածաշրջանով հետաքրքրվող գերտերությունները: «Կարծում եմ, որ ճնշումներ կան, եւ ճնշումները անպայման չէ, որ ներկայացված լինեն միայն հայ-թուրքական սահմանի բացմամբ: Ճնշումները շատ ավելի մեծ են: Ինչ-որ մի տեղ որոշում է կայացվել` Եվրոպան առանց սահմանների: Դա նշանակում է, որ Հայաստանը նույնպես` առանց սահմանների: Իսկ դա, վերջիվերջո, նշանակում է հրաժարում ցեղասպանության գաղափարից, հրաժարում Լեռնային Ղարաբաղից, հրաժարում ընդհանրապես հայկական հարցից ու հայկական ռեւանշից: Իսկ թե որտեղ է այդպիսի որոշում կայացվել 2 տարի առաջ, դա շատ լուրջ թեմա է, եւ դրան անդրադառնալու եմ առանձին ասուլիսի ժամանակ»,- ասաց Ա.Կարապետյանը: