Կօգնե՞նք, թե՞ ավելի վատ վիճակում կհայտնվենք

08/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե մենք պետք է օգնենք Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության հարցում. «Այժմ մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր-հազարավոր ներկայացուցիչները փողոց էին ելել «մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «մենք բոլորս հայ ենք» պաստառներով»:

Արդյոք հասունացե՞լ է Թուրքիայի հասարակությունը այնքան, որ մենք կարողանանք ազդել նրանց վրա` սեփական պատմությունը ավելի անաչառ գնահատելու հարցում: «Թուրքիայի հասարակությունը ոչ թե արդեն հասունացել է սեփական պատմության հետ ավելի անաչառ լինելու հարցում, այլ հասունացման շրջանում է, եւ հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ ավելի կնպաստի այդ հասունացմանը»,- ասում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` հիշեցնելով, որ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունում նշված է. «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն»: «Սա խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, մենք էլ ենք նպաստելու նրան, որ Թուրքիայում ավելի անաչառ վերաբերվեն իրենց պատմությանը»,- կարծում է Ռ Զոհրաբյանը: Ըստ նրա, հայ եւ թուրք ժողովուրդների անմիջական շփումը կարող է ազդել Թուրքիայի հասարակության ներսում կատարվող փոփոխությունների վրա, որոնք ի վերջո կարող են տանել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Միջկառավարական հանձնաժողովը կազմված է լինելու 6-7 ենթահանձնաժողովներից` տնտեսական, մշակութային եւ այլն: Երբ երկու ժողովուրդները հարաբերվեն այս բոլոր մակարդակներով, կստեղծվի փոխվստահության մթնոլորտ: Իսկ այդ մթնոլորտի շնորհիվ հետագայում (ես չգիտեմ՝ ինչքան ժամանակ հետո) շատ հնարավոր է, որ Թուրքիան հասկանա, որ ցեղասպանություն եղել է, եւ ինքն էլ ճանաչի այն: Բայց բազմաթիվ երկրներ Հայոց ցեղասպանությունը, որպես առաջին ցեղասպանություն, արդեն իսկ ճանաչել են, որպեսզի հետագայում ցեղասպանություններ չլինեն: Եվ այս գործընթացը շարունակվելու է, անկախ նրանից, մենք թուրքերի հետ հարաբերությունները կկարգավորե՞նք, թե՞ ոչ, անկախ նրանից, մենք ենթահանձնաժողովը կստեղծե՞նք, թե՞ ոչ»,- ասում է Ռ. Զոհրաբյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը եւս կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կխթանի ցեղասպանության ճանաչման գործընթացին: Նա մեջբերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ շաբաթ օրը իրենց կուսակցության տարածած հայտարարությունից մի հատված, որտեղ նշվում է, որ hրապարակված արձանագրություններում, «ընդհանուր առմամբ, արտացոլված են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները»: «Գտնում ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Կոշտ կամ պարտադրանքների ճանապարհով տվյալ հիմնահարցի արծարծումը համարում ենք առավել անիրատեսական»,- նշված է այդ հայտարարությունում: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի կարծիքով էլ՝ հայկական կողմը պետք է նկատի ունենա, որ Թուրքիայի հասարակությունը գնալով փոխվում է: «Այնքան հավակնոտ պետք չէ լինել, որ մտածենք, թե թուրք հասարակությանը կարող ենք փոխել, բայց նրա հետ աշխատելու անհրաժեշտություն կա, թուրք հասարակությունը, իրոք, փոխվում է: Այսինքն` 10 տարի առաջ անհնար կարող էր թվալ այն տեսակետների բախումները, մտայնությունները, որ գոյություն ունեն այսօր»: Իսկ նախաստորագրված երկու արձանագրությունների վավերացումը Հայաստանի եւ Թուրքիայի կողմից կարո՞ղ է նպաստել այդ փոփոխությունների արագացմանը: «Արձանագրությունները միտված չեն իրականությունը բացահայտելուն, դրա համար էլ, կարծում եմ, չի կարող այդպես լինել»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Ա. Շահբազյանը: ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը եւս կարծում է, որ Թուրքիայի հասարակությունում փոփոխություններ եղել են, որ այնտեղ այսօր բանավեճ կա ցեղասպանության հարցի հետ կապված: «Եվ չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կամ մեր հասարակությունը կարող են ավելի օգտակար լինել նման պրոցեսներին: Այլ խնդիր է, որ խնդրի քաղաքականացվածությունը կամ հայ-թուրքական հարաբերությունների կապումը ԼՂ հարցի հետ կարող է մեծ խոչընդոտ լինել Թուրքիայի հասարակության ներսում ցեղասպանության խնդրի հետ կապված նորմալ կարծիքների ձեւավորմանը,- նշեց Հ. Իգիթյանը` ավելացնելով,- Հաշվի առնելով նաեւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ գործընթացը կապված է ԼՂ հարցի հետ, ես մտավախություն ունեմ, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման այս պրոցեսը շարունակվի այնպես, ինչպես որ այսօր գնում է, վերջում մենք դուրս կգանք ավելի վատ վիճակ ունենալով` հասարակությունների առումով: Այսինքն` հատկապես Թուրքիայի հասարակության` ցեղասպանության ճանաչմանը պատրաստ լինելու տեսակետից, կարծում եմ, մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք»: