Ցանկալի, բայց անիրական

08/09/2009

Ըստ վերջին շրջանում թուրքական մամուլում հրապարակվող տեղեկությունների եւ վերլուծությունների, Եվրամիությունը, որ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործին, ցանկանում է ծրագրվող «Nabucco» գազատարի ուղին Վրաստանի փոխարեն անցկացնել Հայաստանով: ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում այդ ծրագիրը անվանել է «ցանկալի, բայց իրականությունից շատ-շատ հեռու գաղափար»: Նա հիշեցրել է, որ թեեւ «Nabucco»-ի պայմանագիրը կնքված է, եւ նախապատրաստական աշխատանքները սկսված են, անգամ ֆինանսավորումն է ապահովված, բայց գազ առայժմ չկա: Իսկ Հայաստանի տարածքով անցկացնելու հնարավոր գաղափարին, ըստ նրա, առաջին հերթին դեմ կլինի Ադրբեջանը, որը գազ է վաճառելու «Nabucco»-ին: «Ադրբեջանը դեմ կլինի, նա որեւէ կերպ չի համաձայնի, որ «Nabucco»-ն անցնի նաեւ Հայաստանով, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ասել է Բագրատ Ասատրյանը: Նա այսօրվա իրավիճակը շատ է նմանեցնում 1997-ի հետ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները եկել էին համաձայնության ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ: «Այն ժամանակ էլ խոսք էր գնում Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին: Այո, բավականին ակտիվացան բանակցային գործընթացները եւ ներքին քաղաքական բանակցությունները, բայց որի ավարտը եղավ 1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը»,- զուգահեռներ է անցկացրել ԿԲ նախկին նախագահը: Իսկ գուցե գերտերությունները կամ եվրոպական կառույցները «Nabucco»-ով փորձում են Հայաստանին շահագրգռե՞լ` հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելու համար: Այս հարցին ի պատասխան՝ Բագրատ Ասատրյանն ասել է. «Իհարկե: Ճիշտ այնպես, ինչպես Բաքու-Ջեյհանը կառուցելիս մեզ փորձում էին շահագրգռել, գլխի գցել, որ կա այսպիսի տարբերակ, դուք շանս եք ստանում, եթե գնաք ընդառաջ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Իսկ աշխարհի համար սա նաեւ երաշխիք է, որ այստեղ ծայրահեղական դրսեւորումների հնարավորությունը կնվազի, եթե Հայաստանը կամ որեւէ երկիր դառնում է այս կամ այն նախագծի մասնակից, նա արդեն պարտավորություններ է ստանձնում, որի դեպքում ծայրահեղական դրսեւորումը բացառվում է»: Ի դեպ, ինչպես նկատում է «Ա1+»-ը, շահագրգռելու քաղաքականության մեջ են մտնում նաեւ թուրքական եւ արեւմտյան որոշ պարբերականների այն հրապարակումները, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ է պայմանավորված նաեւ Լոնդոնը Պեկինին կապող երկաթուղու հաջողությունը: Խոսվում է նաեւ օդային հաղորդակցության մատչելիության մասին. սահմանները բացվելուց հետո կավելանան առեւտրական եւ մշակութային հարաբերությունները, որի հետեւանքով ներկայումս գործող Երեւան-Ստամբուլ չվերթի հաճախականությունը պետք է ավելացվի եւ նոր չվերթ եւս մտցվի՝ Անկարա-Երեւան: Այդ քաղաքականությունն այնքան «առաջ է գնացել», որ խոսում են նույնիսկ ՀՀ-ի մյուս ծրագրերին` TRACECA եւ INOGATE-ին մասնակցելու հնարավորությունների մասին: