Հայկական դիվանագիտության հերթական հաղթանա՞կ, թե՞ հնարավոր կոլապս

08/09/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Միջազգային թատերաբեմի հիմնական խաղացողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոպան, ձգտում են վերացնել սառը պատերազմի վերջին ռուդիմենտ-մնացորդները: Նախ` ընկավ Բեռլինի պատը, հետո բացվեց «Կանաչ գիծը», որը բաժանում է Կիպրոսը` իր իսկ մասնիկը հանդիսացող ինքնակոչ Հյուսիսային Թուրքական Հանրապետությունից: Հերթը, կարծես թե, հասել է Հայաստանին ու Թուրքիային: Եվ դա արվում է ոչ թե հայերի ու թուրքերի նկատմամբ գերտերությունների տածած բուռն սիրուց: Նրանք տարածաշրջանում ընդամենը պաշտպանում են իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները: Այնպես որ, ճնշումները Երեւանի ու Անկարայի վրա շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հարաբերությունները չեն կանոնակարգվել: Հակասո՞ւմ է արդյոք սա մեր շահերին: Ամենեւին: Իսկ թուրքակա՞ն շահերին: Նույնպես` ոչ: Ավելին` եւ՛ մենք, եւ՛ թուրքերը ցանկանում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատում, յուրաքանչյուրս հետապնդելով մեր նպատակները: Հարկ է նշել, որ ՀՀ-ի ներկա վարչակարգին նախորդած իշխանությունները եւս կարեւորել են Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը: Նույն դիրքորոշումն ունի այսօրվա ընդդիմությունը: Վերջին փաստաթղթերի հրապարակումից հետո Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, ողջունեց հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը, համարելով, որ նախաստորագրված արձանագրություններն այդ ուղղությամբ էական առաջընթաց են: Իսկ եթե քոչարյանա-օսկանյանական տանդեմը հետին խելքով քննադատում է իր իսկ նախընտրած եւ նրա օգտին պայքարած ռեժիմի արտաքին քաղաքականությունը, դա արդեն, երեւանյան սլենգով ասած, իր պրոբլեմն է: Նման դիրքորոշումը հետեւանք է նախ` քաղաքական կուլտուրայի պակասի եւ ռեւանշիստական նկրտումների, մեկ էլ՝ երեւի նախկին նախարարի այն «հանճարեղ» պոստուլատի, թե Հայաստանը 100 տարի էլ կապրի շրջափակման մեջ: (Իսկ ինչո՞ւ ոչ` 1000 տարի): Այս ֆոնին, մեղմ ասած, անհասկանալի, նույնիսկ անվայելուչ է կոալիցիայի եւ իշխանական այն վերնախավի դիրքորոշումը, որը «լյուքս համարներ» է զբաղեցնում քաղաքական Օլիմպոսում` շնորհիվ գործող նախագահի: Իսկ վերջինիս ղեկավարած կուսակցության, ինչպես նաեւ՝ պաշտոնական քարոզչության թափած ջանքերը այնքան ցածրորակ են, այնքան «կացնային», որ, ինչպես ասում են, «ունքը շինելու տեղը, հանում են աչքը»: Ընդհանրապես, ներկա վարչակարգի, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բախտը չի բերել սեփական պրոպագանդիստական մեքենայի հարցում, որն անցած շրջանում ցուցաբերել է զարմանալի ապաշնորհություն` իջնելով անտիպրոպագանդայի մակարդակի: Գալով ԱԳՆ-ին, ապա այսօր նրանից պահանջվում է ոչ ստանդարտ, արտակարգ ճկունություն: Մինչդեռ սրա գործելակերպը, իմ կարծիքով, իր ամբողջության մեջ չի ապահովում ղեկավարության որդեգրած արտաքին քաղաքականության իրագործումը: Ստացվում է ասիմետրիա: Այստեղից էլ այն դժգոհությունը, որը ներառում է հասարակության տարբեր խավերին` պետության արտաքին քաղաքականության թուրքական վեկտորի կապակցությամբ: Մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Պարզ, հոդաբաշխ բացատրության փոխարեն՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունից, մասնավորապես՝ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի, կրկին հնչում են ինքնափառաբանման շեփորներ: Կրկին նույն պանեգիրիկը, բայց այս անգամ` վատ հայերենով: Ախր, 10 տարի մենք սերտել, լսել ու տեսել ենք այդ ամենը: Դեժավյու: Անհարկի «կոնֆիդենցիալություն», իսպանական դղյակների գաղտնիքներ, որոնք վաղուց հայտնի են Ստամբուլի վերջին նպարավաճառին անգամ: Մինչդեռ շարքային քաղաքացին ուզում է իմանալ այն, ինչը նրան հասնում է իմանալ, այն` ինչը շոշափում է նրա կենսական շահերը: Մի՞թե սա բնական չէ: ՀՀ Արտգործնախարարությունը մեկ էլ պետք է պարզ գիտակցի մի բան: Չկա՛ նրա թմբկահարած հաղթանակը: Չկա, եւ վերջ: Արված են սոսկ առաջին քայլերը: Առջեւում սպասվում է բանակցային, երկար, ծանր ու դժվարին գործընթաց, որը շատ հեռու է լինելու խաղաղ սիմպոզիումից: Այն լինելու է դաժան առճակատում դարավոր փորձ ու տեխնիկա կուտակած ճկուն դիվանագիտության հետ: Չպարտված դուրս գալ այդ պայքարից` արդեն մեծ հաղթանակ կարելի կլինի համարել:

Ինչպես նշեցի, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հարեւանի հետ բխում է մեր կենսական շահերից: Համաձայնեք, որ բացի ամեն ինչից, զուտ մարդկային առումով, ծանր է նույն օդը շնչել մշտնջենական հարեւան-թշնամու հետ: Փողոցում XXI-րդ դարն է: Այնպես որ, հազիվ թե հայկական քաղաքական դաշտում գտնվեն ուժեր, որոնք իրականում մտածեն այլ կերպ: Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել կրքերի այն տորնադոն, որը բարձրացավ Հայաստանում եւ Սփյուռքում սեղանին դրված արձանագրություններից հետո: Ի դեպ, դրանք նորմալ, միջազգային չափանիշներին եւ պրակտիկային համապատասխանող փաստաթղթեր են: Էլ ինչո՞ւմն է բանը: Պարզապես, հասարակության միտքը «կրծում է» կասկածի այն որդը, որ կողմերը բանակցում են նախապայմանների շրջանակներում: Սակայն արձանագրություններում դրանք չկան, որն ինքնին արդեն լավ է: Բայց բոլոր դեպքերում մարդկանց կարելի է հասկանալ, քանի որ մեր երկրներն ունեն արյունոտ պատմություն եւ տարիներով կարծրացած պրոբլեմներ: Նախապայմանի տակ առաջին հերթին նկատի է առնվում Ցեղասպանության հարցը: Այն, որ ստեղծվելիք հանձնաժողովը, ինչպիսի ձեւաչափի էլ որ այն լինի, թուրքերի կողմից օգտագործվելու է Ցեղասպանությունը բացառելու կամ դրանց մասշտաբները մեղմելու նպատակով, կասկածից վեր է: Անցանկալի արդյունքներից խուսափելը` արդեն հայ դիվանագետների խնդիրն է, եթե նրանք, իհարկե, ի զորու լինեն դրան: Հասարակությանը հուզող հաջորդ հարցը սահմաններն ու տարածքներն են: Անշուշտ, կա մտավախություն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է թաղել Թուրքիայի նկատմամբ ՀՀ-ի պահանջատիրությունը: Բայց այստեղ էլ աշխարհի վերջը չէ. բոլոր դեպքերում հայկական կողմի համար մանեւրելու դաշտ կա, թեկուզ ելնելով նրանից, որ հարցի վերաբերյալ եղած պայմանագրերը անկատար են, «լղոզված», ներառյալ Սեւրի հաշտության պայմանագիրը: Այնուամենայնիվ, ըստ երեւույթին, հասել է պահը, երբ հարկ է ընտրություն կատարել կորցրած հողերի, ապաշրջափակման, միջազգային ինտեգրացիայի ու գլոբալիզացիայի միջեւ` իր բոլոր դիվիդենտներով հանդերձ, որոնց կարիքը այնքան զգում ենք: Այլ կերպ ասած, ընտրություն կատարել պետական եւ ազգային շահերի միջեւ, ինչին մենք, կարծես թե, դեռեւս պատրաստ չենք: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, իհարկե, թուրքերը փորձելու են կոնֆլիկտի կարգավորումը կապել սահմանների բացման հետ, անգամ, եթե արձանագրություններում դա ֆիքսված չէ: Այս որոգայթից խուսափելու համար եւս հայկական կողմից կպահանջվեն գերջանքեր, դիվանագիտական բարձր արվեստ, բանակցային անխափան եւ մշակված տեխնիկա: Եվ վերջինն ու, ըստ իս, ամենակարեւորը: Հայաստանի ղեկավարությունն անցել է դիվանագիտության Ռուբիկոնը. հետդարձ չի կարող լինել: Չի կարող լինել նաեւ երկու կարծիք. համախմբվե՞լ այս շրջադարձային պահին, մեկտեղե՞լ ողջ ազգի ջանքերն ու ուղեղները` մարտահրավերից արժանավայել ու պատվով դուրս գալու համար, թե՞ թույլ տալ այն բաժանարար սխալների ու ինֆանտիլ վրիպումների սինդրոմը, որն ուղեկցել է մեզ դարեր շարունակ: Կարծում եմ՝ հարցն իր մեջ պարունակում է այն միակ ճիշտ պատասխանը, որը մենք պարտավոր ենք տալ: