Լինե՞լ, թե՞ չլինել

08/09/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա որեւէ այլ խնդիր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից բացի: Խոսքն արժեզրկվել է, որովհետեւ բոլորը խոսում են: Թեման մեկն է` քաղաքականություն: Մնացյալն, ինչպես «Համլետում»` լռություն է:

Մի առիթով հենց մեր թերթում անդրադարձել էինք եվրոպական քաղաքներից մեկում տեղի ունեցող մի միջոցառման. մարդիկ հերթեր էին կանգնում` լսելու դասախոսություններ` «Կյանքի իմաստը» խորագրով: Անկեղծ ասած, այս թեմային անդրադառնալու մտադրություն չունեինք: Պարզապես ծանոթանալով օրվա լրահոսին, այդուհանդերձ, նպատակահարմար գտանք գոնե այս անգամ բոյկոտել հայ-թուրքական հարաբերությունների, ընդդիմության հնարավոր պառակտման, թուրքերին ոչ մի թիզ հող չտալու, իշխանությունների ապաշնորհության թեմաները:

Կյանքի իմաստի տրիվիալ թվացող թեման մեզանում քննարկելը թերեւս նաիվ ու անիմաստ ընկալվի: Եթե, իհարկե, մոռանանք, որ մարդիկ, ի վերջո, անկախ զբաղեցրած պաշտոնից, ունեցած դիրքից, կուտակած հարստությունից, իրենց ամենազոր անպատժելի զգալուց, ի վերջո, մահկանացու են: Ի՜նչ հետաքրքրությամբ, եթե չասենք` հաճույքով ենք սիրում ընթերցել այսինչ կամ այնինչ պաշտոնյայի, մեծահարուստի, օլիգարխի, իրեն օրենքից վեր դասող չինովնիկների կամ ցածր գիտակցությամբ ու, դրան գումարած, բիրտ մարդկանց մահվան, անհաջողության, իրականության բացահայտման մասին լուրը: Ահա, մտածում ենք, աշխատեց Աստծո դատաստանը: Ստացավ իր հասանելիքը: Եվ, ամենակարեւորը, որ հատկապես սփոփում ու ուրախություն է պարգեւում, այն գիտակցությունն է, որ մենք նրա համեմատ ունենք մի անվիճարկելի առավելություն` մենք ողջ ենք, նա՝ ոչ: Մենք ժամանակ դեռ ունենք, նա արդեն ոչինչ չի հասցնի անել: Եթե կյանքի ընթացքում չի հասցրել մտածել վերոնշյալ դասախոսության թեմայի` «Կյանքի իմաստի» շուրջ, ուրեմն անդառնալիորեն տանուլ է տվել:

Մեզ թվում է, որ մենք ազնիվ ենք, լավն ենք, արդարամիտ ենք ավելի, քան շատերը: Սակայն այդպե՞ս է: Արդյո՞ք, եթե մեզնից յուրաքանչյուրն ունենար իրեն օրենքից վեր, ամենազոր զգալու հնարավորություն, չէր օգտվի դրանից: Եվ, առհասարակ, մեր ոչ այնքան երկարատեւ կյանքի ընթացքում ժամանակ գտնո՞ւմ ենք մտածել մեզ հատկացված ժամանակը ճիշտ օգտագործելու եւ ճիշտ բաշխելու մասին: Թերեւս միայն հարազատին կորցնելուց, հարազատի ձախողվելուց հետո կամ անլուծելի խնդրի առաջ կանգնելուց հետո, երբ քեզ լրիվ անզոր ես զգում: Ի դեպ, դա էլ խիստ ժամանակավոր զգացողություն է:

Մարդու, անհատի կյանքը, հատկապես այնպիսի երկրում, որպիսին Հայաստանն է, իրենից արժեք չի ներկայացնում: Պետությունը չի կարեւորում իր քաղաքացիներից յուրաքանչյուրին` մեկ առ մեկ: Մի բացառությամբ. պետության աչքից չեն վրիպում միայն արական սեռի տասնութը լրացած քաղաքացիները: Ընդդիմության համար էլ անհատը լուծվում է, անհետանում բազմահազարանոց հանրահավաքներում: ՀՀ քաղաքացիները, չունենալով հիմնական օրիենտիր, որը կարող էին լինել օրենքն ու Սահմանադրությունը, շատերի համար` «Աստվածաշունչը», ապրում են` ով ինչպես ճիշտ կամ նպատակահարմար է համարում: Իսկ այնտեղ, ինչ-որ տեղ, արդեն գրված է` այսինչը մահանալու է սարկոմայից, այսինչը` վթարից, իսկ այսինչը ապրելու է երկա՜ր-երկար եւ մի օր, երբ ալեհեր ու իմաստուն ծերուկ դառնա, քնելու է խաղաղ քնով: Սենտիմենտա՞լ է: Գուցե: Սակայն թողած այն հարատեւ հարցերը, որոնք բարձրացրել են դեռեւս անհիշելի ժամանակներում մեզ նմանները, թողած մեզ հատկացված կյանքը իմաստավորած ու նորմալ ապրելու հնարավորությունը, կյանքի իմիտացիայով ենք զբաղված: Արհեստական գաղափարներ, իրադարձություններ, մահու չափ անհեթեթ ասուլիսներ երեւանյան տարբեր ակումբներում: Եթե սա է կյանքը, ուրեմն այն աշխարհ գնալն այնքան էլ սարսափելի չէ: Նույնիսկ, եթե քեզ սպասում են կուպրի կաթսաները: Սակայն, բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր իրենց կյանքը իմաստավորելու ճանապարհին` օգնում են մտածել նաեւ այլոց: Օրինակ` Վարդան Ֆերեշեթյանը: Եթե ժամանակ եք գտնում մեր թերթում ընթերցելու նրա թարգմանությունները, ուշադրություն դարձնելու այն հեղինակներին, որոնց ընտրում է Վարդանը (ինչպիսին է, ասենք, Պավել Ֆլորենսկին), ուրեմն հաստատ, գոնե ընթերցանության ընթացքում, կկտրվեք այս կեղծ ու քաղաքականությունով հագեցած իրականության պատրանքից: Թեեւ բոլորին զանգվածաբար քաղաքականությամբ զբաղվելու մղող պատճառները տարբեր են:

«Եվրոնյուզը» հաղորդեց, որ Եվրոպայում գիտնականները գտել են մինչ օրս ամենաարդյունավետ միջոցը, որը քսան տոկոսով նվազեցնում է այնպիսի ահավոր հիվանդության հնարավորությունը, որպիսին է Այցհեյմերի հիվանդությունը: Դա մարդկանց ինտելեկտը զրոյականի հասցնող, մանկության գիրկը տանող ծանր հիվանդություն է: Այսինքն` որքան էլ տարօրինակ է թվում, աշխարհում բոլոր մասնագիտությունների եւ խավերի մարդիկ, ի տարբերություն մեզ, չեն մոռացել իրենց հիմնական պարտականություններն ու չեն կենտրոնացել քաղաքականության վրա: Եվ նրանց, այսինքն` քաղաքականության վրա չկենտրոնացած պրոֆեսիոնալների շնորհիվ մենք այստեղ` Հայաստանում, մի քանի տարուց կունենանք Այցհեյմերի հիվանդությամբ տառապողների ավելի փոքր տոկոս: Ինչո՞ւ է Հայաստանում այդքան գայթակղիչ քաղաքականությամբ զբաղվելը, որ բոլորը` գինեկոլոգից` ուսուցիչ, գիտնականներից` գրողներ ու լրագրողներ, իրենց անմիջական պարտականությունն են համարում մտնել քաղաքականություն: Թեեւ նույն հարցը կարելի է այլ կերպ էլ ձեւակերպել. ինչո՞ւ են հայտնի արվեստագետները, գիտնականները, բժիշկները, սովորական կարիերիստները մտնում իշխանական կուսակցություններ: Ինչո՞ւ չեն կարեւորում ու հարգում իրենց հիմնական մասնագիտությունը: Ոչ ոք իր բուն գործով այսօր Հայաստանում չի զբաղվում: Բժիշկն այսօր Կրթության եւ գիտության նախարար է, հետեւաբար, օրինակ, վեցերորդ դասարանի աշակերտները չունեն հայոց լեզվի դասագիրք: Այսինքն` այդ առարկան երեխաները դպրոցում ստիպված են չանցնել: Փաստորեն` խնդիրը այնքան չի կարեւորվել, որ ժամանակին հասցնեն դպրոցական դասագիրքը կազմել:

Փորձը, շրջանցել իշխանությունների ապաշնորհության թեման, ձախողվեց: Գուցե բանն այն է, որ առանց գրագետ ու լուրջ իշխանությունների` մարդկանց պատասխանատվության բեռն այնքան է մեծանում, որ ստիպված են հաշտվել օրերը գլորելու եւ կյանքը ծանր պատիժ համարելու հետ: Իսկ այնքան հաճելի գիտակցություն է թեկուզ միայն այն, որ դու կաս,,,