Գետտոյո՞ւմ ենք ապրում

08/09/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կողբացի 18 հասցեի բնակչուհի Արմենուհի Մանուկյանը կրկին դիմել է «168 Ժամ» թերթի խմբագրություն` խնդրելով հրապարակման միջոցով ահազանգել իր ընտանիքի դեմ կատարվող ոտնձգությունների մասին:

Հիշեցնենք, որ Կողբացի 18 հասցեն նույնպես «Հասարակության եւ պետության կարիքների համար գերակա շահ» ճանաչված իրացման գոտի է, հետեւաբար՝ Ա. Մանուկյանին համապատասխանաբար փոխհատուցելու հայցը դեռեւս վիճարկվում է դատական ատյաններում: Կառուցապատող «Մակարեդ» ՓԲԸ-ն տենդերով շահել է Կողբացի 18, 20 եւ Բուզանդի 35 հասցեներում կառուցապատում իրականացնելու իրավունքը, իսկ Բուզանդի 35-ը գտնվում է Ա. Մանուկյանի տան բակի ետնամասում: Բանն այն է, որ ներկայումս տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվում, որի պատճառով վնասվում են հարակից շինությունները: «Ես նրանց զգուշացրեցի, որ հին շինություններ են, եւ քանդման աշխատանքների արդյունքում հնարավոր է տան երկրորդ հարկն ամբողջովին նստի: Պատասխանեցին, թե` ոչինչ, ոչինչ, խնդիր չկա, մենք հիմա էս կողքը կքանդենք, մինչեւ դեկտեմբերի վերջ ձեր պայմանագիրը կկնքենք, հասանելիք գումարը կտանք, դուք դուրս կգաք»,- պատմում է Ա. Մանուկյանը` հավատացնելով, որ, այնուամենայնիվ, ներկայումս «Մակարեդ» ՓԲԸ-ի կողմից կառուցապատում իրականացնելու պատճառով իր տան պատերը կամաց-կամաց փլվում են, իսկ այդ տանն ապրելու անվտանգության մասին խոսք լինել չի կարող: Վերջինս բազմիցս փորձել է կապվել «Մակարեդ» ՓԲԸ-ի տնօրեն Գալինա Եդիգարյանի հետ, որպեսզի տեղեկացնի ստեղծված իրավիճակի մասին, սակայն անօգուտ. «Ասում է` այդ հարցերով ԾԻԳ-ն է զբաղվում: Ես չեմ հասկանում` մենք գետտոյո՞ւմ ենք ապրում, իրացման գոտին դա գետտո՞ է, մենք, փաստորեն, իրավունքից զուրկ մարդի՞կ ենք, Հայաստանի Անկախ Հանրապետության քաղաքացիներ չե՞նք: Ինչպես ուզում, վարվում են, ինչ ասես մեր գլխին չհանեցին: «Մակարեդ» ՓԲԸ-ն շինաշխատանքները կատարում է իմ բակով եւ բառիս բուն իմաստով տունս քանդում է: Ամբողջ այդ շինարարական մետաղյա կոնստրուկցիաները բակում թափում են ու այդ դղրդոցից, ծանրությունից տանս պատերը փուլ են գալիս: Կռանով շինանյութ են տեղափոխում, բայց չէ՞ որ մենք դեռ էնտեղ ապրում ենք, մարդկային կյանքի հետ գործ ունեն»: Ա. Մանուկյանն այս խնդրի հետ կապված բազմաթիվ դիմումներ է գրել պետական տարբեր ատյանների ղեկավարներին` խնդրելով արձագանքել իր ընտանիքի նկատմամբ կատարվող ապօրինի գործողություններին: ՀՀ Քաղաքաշինական պետական տեսչության կողմից ստացված պատասխան-նամակում մասնավորապես ասվում է. «Երեւանի քաղաքապետի 2008թ. դեկտեմբերի 23-ին տրված շինարարության թույլտվության համաձայն Փ. Բուզանդ փողոցի թիվ 31 եւ Եզ. Կողբացի փողոցի թիվ 20 հասցեներում «Մակարեդ» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարական աշխատանքներ: Տեխզննումից պարզվել է, որ տարածքի իրացման աշխատանքներն ավարտված չեն, սակայն կից շինությունների քանդման ու փոսորակի իրականացման հետեւանքով Եզ. Կողբացի փողոցի 18 շենքի թիվ 1 բնակարանը հայտնվել է վթարային վիճակում, ինչը կարող է դժբախտ դեպքերի պատճառ դառնալ: Վերոհիշյալի մասին գրություն է ուղարկվել Երեւանի քաղաքապետին` առաջարկով դադարեցնելու վերոհիշյալ շինարարության թույլտվության գործողությունը, քննարկել ստեղծված իրավիճակը եւ կայացնել վերջնական որոշում»: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գրիգոր Մելքումյանն էլ այս հարցի քննարկման համար 2009թ. հուլիսի 14-ին դիմել է Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանին` նշելով. «Ձեր քննարկմանն է ուղարկվում քաղ. Ա. Մանուկյանի Երեւանի քաղաքապետին հասցեագրված դիմումը: Խնդրում եմ հնարավորության սահմաններում աջակցել, արդյունքների մասին տեղեկացնել քաղաքապետարան եւ պատասխանել դիմողին»: Այդուհանդերձ, Ա. Մանուկյանը մտավախություն ունի, որ «Մակարեդ» ՓԲԸ-ի շինարարական աշխատանքների արդյունքում կփլվի իր տունը, քանի որ բազմաթիվ ահազանգերի եւ դիմումների արդյունքում նույնիսկ կառուցապատողին «զսպելն» անհնար է: Մենք զանգահարեցինք «Մակարեդ» ՓԲԸ տնօրեն Գալինա Եդիգարյանին, ով միայն ասաց. «Մենք միայն փող տվողն ենք, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հայկապալ» ընկերությունը»: Գ. Եդիգարյանի այս պատճառաբանությունն այնքանով է անհասկանալի, որ նույնիսկ Քաղաքաշինական պետական տեսչության եւ քաղաքապետարանի պատասխան նամակներում որպես քաղաքաշինական աշխատանքներ իրականացնող նշվում է «Մակարեդ» ՓԲԸ-ն: Կողբացի 18 հասցեի բնակչուհի Ա. Մանուկյանն էլ վստահեցնում է, որ «Հայկապալ» ընկերությունը նախկինում պատկանում էր Գ. Եդիգարյանի ամուսնուն, մինչդեռ նրա մահից հետո այդ ընկերությունը Գ. Եդիգարյանը վաճառել է Արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի երկու եղբայրներից մեկին։ Ավելին` «Հայկապալ» ընկերությունն էլ Ա. Մանուկյանին դատի է տվել` պատճառաբանելով, թե վերջինս իրենց պարապուրդի է մատնել, եւ պահանջել է 14մլն փոխհատուցումը ստանալուց հետո որպես վնասների փոխհատուցում 1 մլն հատկացնել «Մակարեդ» ՓԲԸ-ին։ «Հիմա էլ զրպարտում են, թե մեր պատճառով իրենք մեկ շաբաթ չեն աշխատել: Սուտ է, աշխատանքները դադարեցրել են ընդամենը 1 օր, որովհետեւ մենք արգելել ենք այդ կոնստրուկցիաները մեքենաներով տեղափոխել: Մեր տունն արդեն ծայրահեղ վթարային վիճակում է, եւ ես ամեն գնով խոչընդոտելու եմ: Մեր տունը հիմա մի գերանի վրա է եւ թեթեւակի շարժի դեպքում քանդվելու է: Ինձ ասում են` եթե վախենում եք` տնից դուրս եկեք, բայց ո՞նց»,- ասում է Ա. Մանուկյանը` ավելացնելով, որ «Մակարեդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները նույնիսկ ՀՀ Ոստիկանություն են դիմել աշխատանքները խոչընդոտելու համար. «Բայց, երբ ես ահազանգում էի, որ մեր հասցեում ներարկիչներ են թափված, բանվորները մերկ գնում-գալիս են, վիճաբանություններ են սարքում, ընդ որում, այդ ամենը բջջային հեռախոսով նկարել եմ, եւ իսկական շիլաշփոթ են տարածքում ստեղծել` ոչ ոք չէր արձագանքում: Ոստիկանության աշխատանքն իսկապես ցնցող է. ես զանգում եմ Ոստիկանություն` չկան, մահացած վիճակ է, բայց, երբ իրենք են զանգում` ակնթարթորեն հայտնվում են»: