80 դիմում

08/09/2009

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները 50 դիմում են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը` ավելացնելով, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում կուղարկվեն եւս 30 դիմումներ: «Մենք բողոք-դիմումները բաժանել ենք բլոկների: Առաջինը՝ զուտ ընտրական գործընթացներ: Երկրորդը՝ 316-ի բլոկը կամ մարտի 1-ի առավոտյան դեպքեր: 225-րդ հոդվածով մեղադրվողներ, դրա մեջ նաեւ «7-ի գործը»` զանգվածային անկարգությունների հետ կապված դեպքեր եւ քաղաքական դրդապատճառներով այլ հոդվածներով առաջադրված քրեական գործեր»,- տեղեկացրել է նա: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ-ից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանը ասել է, որ ԵԴ-ին հասցեագրված դիմումները ընտրություններից հետո առհասարակ շատանում են: «Ինչ որ կապվում է նախագահական կամ պառլամենտական ընտրությունների հետ, ապա այդ շրջանում է, որ քաղաքացիները ակտիվ կերպով դրսեւորում են իրենց հավաքների, ցույցերի մասնակցության իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով խիստ պաշտպանվող իրավունքների շարքում են դասվում: Եվ միգուցե դրանով է բացատրվում, որ այդ շրջանում դիմումները ավելի շատ են լինում, որովհետեւ տվյալ դեպքում քաղաքացիները առավել համոզված են, որ իրենք դիմում են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների շրջանակներում: Այդ միջոցառումներին մեծաթիվ մարդիկ են մասնակցում, եւ այդ պատճառով եւս դիմումների քանակը կարող է եւ շատանալ»: