Թատրոնի եւ կինոյի պետական ինստուտում (ԹԿՊԻ) ընդունելության քննության
հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանը փաստում է, որ, նախորդ տարվա
համեմատ, դիմորդների միջին մակարդակը բավական նորմալ է:
«Նրանք մեզ բարեհամբույր ձեւով են մոտենում եւ, երբ տեսնում են, որ
խառնված ենք, հուշում են մեզ եւ օգնում, որ լավ պատասխանենք»,- ասում էին
Դրամատիկական թատրոնի դերասան դառնալու հավակնորդ դիմորդները: Նրանք երեկ
հանձնում էին հարցազրույց-քննություն, իսկ Գ. Սունդուկյանի անվան Ազգային
ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ընտրելու էր
նրանցից լավագույն 18-ին: Ի դեպ, դրամատիկական բաժնի համար մղվող պայքարը
մեծ է եւ՛ աղջիկների, եւ՛ տղաների շրջանում: «Տղաներն ավելի բարձր են
ստանում»,- ասում է դիմորդ աղջիկներից մեկը: Իսկ Վահե Շահվերդյանը դա
բացատրում է այսպես. «Դրամատիկական բաժնում չարաբաստիկ ձեւով բարձր է
տղաների որակը»:
Ռազմիկ Դավոյանը վկայում է, որ դիմորդներն իրենց բեմական շնորհները ցույց
տալու ժամանակ բավական հուսալի ներկայացումներ են արել: «Նրանք, ովքեր
բեմական շնորհներ դրսեւորեցին այս քննությունների ընթացքում,
ուսումնառության ժամանակ կարող են ավելի զարգացնել դրանք»,- վստահեցնում է
պրն Դավոյանը:
Դիմորդների հիմնական մասը ԹԿՊԻ-ի նախապատրաստական բաժինն ավարտածներն են,
բայց, Ռ. Դավոյանի խոսքերով, դիմորդները գալիս են քննության սովորածն
ամբողջությամբ անգիր արած: «Հիմնական սկզբունքներին ծանոթացնելով,
դիմորդներին պետք է կողմնորոշեն ավելի ինքնուրույն դրսեւորվելու քննության
ժամանակ»,- կարծում է նա: Իմ ներկայությամբ քննված դիմորդներից մեկն
օրինակ չգիտեր՝ ինչ է Համլետի հոր անունը, մյուսը չգիտեր՝ ով է եղել Արա
Գեղեցիկի առաջին դերակատարը: Ավելին, այս դիմորդը համոզված էր, որ Ն.
Զարյանի Արա Գեղեցիկի դերակատարը Պետրոս Ադամյանն է:
Դիմորդների ծնողների շրջանում տարածված մտայնությունը, թե ինստիտուտ
ընդունվում են կամ ծանոթ-բարեկամի, կամ քննողների սուբյեկտիվ
վերաբերմունքի հիման վրա, պրն Դավոյանն անտեղի համարեց. «Գիտեք, թատրոնը
շատ դաժան բան է: Երբ միջակ կարողությունների տեր երեխային մտցնում են
թատերական ինստիտուտ, նրա ապագայի վրա խաչ են քաշում: Հետագայում նա բեմի
վրա խաղալու է շողշողուն աստղերի կողքին եւ ոչնչանալու է իսպառ: Չի կարելի
թատրոնին մոտենալ գոյություն քարշ տալու սկզբունքով»:
Հ.Հ.