Չեն հրավիրել

08/09/2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը չի հրավիրվել ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստին: Որպես «ընդդիմության» ներկայացուցիչ՝ նրա փոխարեն հրավիրվել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: «Դա եւս մեկ անգամ վկայում է ԵԽ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին, որովհետեւ դեռ հունիսյան լիագումար նստաշրջանից առաջ տեղի ունեցած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին ինձ պաշտոնապես հրավիրել էին, թեպետ այնտեղ ներկա էր նաեւ Ա.Ռուստամյանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Զ.Փոստանջյանը: Այդպիսով, արդեն պարզ է դառնում իրեն ընդդիմություն հռչակած ՀՅԴ-ի դերը ՀՀ քաղաքական կյանքում: Իսկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին այս անգամ կմասնակցեն միայն իշխանությունը ներկայացնող՝ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ «ընդդիմադիր» Ա.Ռուստամյանը: «Կարծում եմ, որ, ինչպես միշտ, պարոն Հարությունյանը կգովի, որ ՀՀ իշխանությունները իրականացնում են բանաձեւի պահանջները, իսկ Ռուստամյանի մասով չեմ կարող ասել»,- ասել է Զ. Փոստանջյանը: