Երեկ երեկոյան ժամը 8:30-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ազատ է արձակվել Ազգային անվտանգության ծառայության «Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Սուքիասյանի ազատ արձակումն անակնկալ էր, քանի որ գրեթե բոլորը կանխատեսում էին, որ այսօր Հատուկ Քննչական ծառայությունը դատարանին միջնորդություն է ներկայացնելու պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով: Սակայն, ըստ երեկ երեկոյան տարածված պաշտոնական հաղորդագրության, «ՀՔԾ-ն ուրբաթ օրը քննել է Խ. Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը եւ, հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող պատգամավորն ինքնակամ է ներկայացել իրավապահներին, որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությունը»: Ակնհայտ է, որ իշխանությունները վերջին պահին են որոշում կայացրել Սուքիասյանին ազատ արձակելու վերաբերյալ: Սուքիասյանի ազատ արձակումն անակնկալ է եղել նույնիսկ իշխանական շրջանակների համար: Դրա մասին է վկայում ոչ միայն ՀՔԾ քննիչ Վահագն Հարությունյանի նախօրեին արած հայտարարությունը, որ իրենք պատրաստվում են դիմել դատարան` Սուքիասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Երեկ, երբ մեր թղթակիցը Խ. Սուքիասյանի հետ կատարվողի վերաբերյալ փորձել է մեկնաբանություններ ստանալ ԱԺ մի շարք պատգամավորներից, գրեթե բոլորը հրաժարվել են խոսել այդ թեմայով` խնդրելով չհրապարակել իրենց անունները: Այդպիսիների թվում են եղել նաեւ պատգամավորներ, ովքեր «անշառ» ժամանակներում մտերիմ էին Խ. Սուքիասյանի հետ: Նրանք չեն ցանկացել պատասխանել հարցին` արդյո՞ք Սուքիասյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք կնախաձեռնեն: Մինչդեռ ակնհայտ է` եթե պատգամավորները տեղյակ լինեին, որ Սուքիասյանին ազատ են արձակելու, հերթ կկանգնեին այդ թեմայով խոսելու համար: Ինչեւէ: Ամենակարեւորն այն է, որ Խ. Սուքիասյանն ազատության մեջ է: Նա երեկ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել` տեղեկացնելով, որ, ամենայն հավանականությամբ, այսօր մամուլի ասուլիս կհրավիրի: