«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հայտարարությունից չի բխում, թե Կոնգրեսի համար ընդունելի են հրապարակված արձանագրությունները: Սակայն դա արագ արված առաջին արձագանք էր, եւ, ինչ խոսք, անհրաժեշտ է ավելի ամբողջական վերլուծություն եւ գնահատական»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նկատենք, որ ՀԱԿ-ի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված արձանագրությունների կապակցությամբ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Նույնիսկ խոսակցություններ կան, թե Կոնգրեսն աջակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, Կոնգրեսում էլ կա որոշակի անհամաձայնություն` կապված ՀԱԿ վերոնշյալ հայտարարության հետ. «Ոչ միայն այս հարցում, այլեւ տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունները շատ դեպքերում ունենում են տարբեր դիրքորոշում: Կողմ լինելով սահմանի բացմանը, մենք անընդունելի ենք համարում դա անել ի հաշիվ մեր ազգային արժանապատվության»,- նշել է Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա` Արձանագրության մեջ նշված պատմաբանների ենթահանձնաժողովը, որը պատմական հարթության մեջ երկխոսություն պետք է իրականացնի, այժմ ներկայացվում է որպես ձեռքբերում, թե իբր պատմաբանների հանձնաժողով չէ, այլ ենթահանձնաժողով. «Ո՞րն է ձեռքբերումը, ես չեմ հասկանում»,- նկատեց նա:
Ս. Դեմիրճյանի դիտարկմամբ` Արձանագրություններում կան մտահոգիչ այլ դրույթներ եւս, մասնավորապես, որ կողմերը պարտավորվում են զերծ մնալ բարիդրացիական ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց. «Ինչպե՞ս կարող է սա մտահոգիչ չլինել. դա նշանակում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը կարող են համարվել բարիդրացիական հարաբերություններին չհամապատասխանող քայլ: Այնպես որ` կարգավորում, բայց ոչ այդ գնով»,- նշել է ՀԺԿ նախագահը: