Փոփոխություններ կլինե՞ն

08/09/2009

«Եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրող Արձանագրությունները վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա Nabucco-ի ծրագրում կարող են որոշ փոփոխություններ մտցվել, իսկ ԵՄ-ն կարող է պահանջել գազատարն անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով»,- երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիթ Բագիրովը: Նրա խոսքով` դա քաղաքական հարց է. «Նախ՝ ես չեմ հավատում, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել այդ համաձայնագիրը: Երկրորդ` չեմ հավատում այդ գաղափարի իրականացմանը, քանի որ ադրբեջանական իշխանությունները նույնպես բազմիցս հայտարարել են, որ քանի դեռ Ադրբեջանի «գրավված տարածքները» հետ չեն վերադարձվել եւ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Ադրբեջանը չի համաձայնի բնական պաշարները տեղափոխել Հայաստանի տարածքով»: Հիշեցնենք, որ ԵՄ-ն արդեն երկար ժամանակ փորձում է Nabucco նախագծի մեջ ներգրավել նաեւ Հայաստանը: Նաեւ հիշեցնենք, որ նախօրեին թուրքական «Star» թերթը` հղում անելով Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցչին, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արձանագրությունների վավերացման դեպքում Nabucco նախագծում կարող են որոշ փոփոխություններ իրականացվել, իսկ ԵՄ-ն կարող է պահանջել գազատարն անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով: