ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի էլեկտրոնային կայքէջում երեկ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ հոդված է տեղադրվել, որը վերնագրված է` «Իրերը կոչենք իրենց անունով»: Ըստ հոդվածի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա. «Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ, օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է ՀՀ-ից այն ամենը, ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ ՀՀ-ի անկախությունից ի վեր»,- ասված է հոդվածում: Իսկ երկրորդ տեսությունն այն է, որ Թուրքիան պատրաստ է, նույնիսկ Ադրբեջանի հետ ժամանակավորապես կամ արտաքուստ հակադրվելու գնով, գնալ սահմանի բացմանը, հետեւաբար՝ ՀՀ-ն նույնպես ամեն ջանք պետք է գործադրի դրան հասնելու համար. «Այս տեսության կողմնակիցներին էլ կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի: Նրանք, որ համարում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը գերակա է բոլոր այլ խնդիրների նկատմամբ, եւ հայկական կողմը կարող է չպնդել պատմական հարցերի վրա: Բայց այս մարդիկ պետք է հստակ գիտակցեն նաեւ, որ նույնիսկ այս դեպքում ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվելու: Եթե Թուրքիան համաձայնի բացել Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան խնդրում կարգավորման հարցում Ադրբեջանին ձեռնտու առաջընթացի, որեւէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հստակ խոստումներ է ստացել միջազգային հանրության կողմից, որ Ղարաբաղին հարող բոլոր տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնականացման երաշխիքի: Մյուս հատվածը գիտակցում է սահմանի բացման անառարկելի անհրաժեշտությունը, բայց պատրաստ չէ ամեն գնով հասնել դրան: Հենց այս դաշտում է, որ պետք է փորձել ծավալել առողջ քննարկումը»: