Երեկ մինչեւ օրվա վերջ Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միջնորդությամբ դեռ չէր դիմել դատարան:
Սակայն նախօրեին ՀՔԾ քննիչ Վահագն Հարությունյանն արդեն հայտարարել էր, որ դիմելու են` բնականաբար, խափանման միջոցը որպես կալանք ընտրելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը Դատախազություն էր ներկայացել չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին, որից հետո նրան տեղափոխել էին ԱԱԾ մեկուսարան: Խ.Սուքիասյանի նախնական կալանքի ժամկետը` 72 ժամը լրանալու է այսօր ժամը 15-ի սահմաններում: Եվ եթե այս մի քանի ժամերի ընթացքում ՀՔԾ-ն չդիմի դատարան, եւ դատարանն էլ իր հերթին կալանքի որոշում չկայացնի, ապա պատգամավորին պարտավոր են ազատ արձակել:
Հատկանշական է, որ այս մեկուկես տարվա ընթացքում քաղբանտարկյալների հետ կապված դժվար է հիշել մի դեպք, երբ ՀՔԾ-ն կալանքի որոշում կայացնելու համար դատարան է դիմել ամենավերջին պահին: Դժվար է ասել, թե նախաքննական մարմինն ինչու է հապաղել, բայց մեր իրավապահ համակարգի նույն մեկուկես տարվա գործելաոճը թույլ չի տալիս ակնկալել, որ Խ.Սուքիասյանի դեպքում բացառություն կանեն եւ նախաքննության ընթացքում պատգամավորին ազատության մեջ մնալու հնարավորություն կտան: Ամեն դեպքում Խ.Սուքիասյանի պարագայում նույնպես կալանքի որոշման օրինականությունը խիստ վիճարկելի կլինի: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքով»: Սա այն հոդվածն է, որը Քր.օրենսգրքի 300-րդ հոդվածի հետ միասին գարնանը փոփոխության ենթարկվեց: Եվ շատ իրավաբաններ պնդում են, թե այդ օրենսդրական փոփոխությունից հետո պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազը կրկին պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հակառակ դեպքում նրանց կալանքի տակ պահելը անօրինական է: Այդ հարցը բարձրացվել է շատ անգամ, երբ դեռ բանտարկված էին նաեւ պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը: Օրենքների փոփոխությունից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մի քանի անգամ փորձել են պատգամավորներից ստորագրություն ստանալ իրենց գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը չեղյալ հայտարարելու եւ նոր որոշում ընդունելու համար: Սակայն այդ նախաձեռնությունը չի ընդունվել կոալիցիան ներկայացնող խմբակցությունների կողմից: Խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ անգամներ դիմել է Դատախազություն` պատգամավորների երաշխիքով ու գրավով քաղբանտարկյալների կալանքի սանկցիաները փոխելու համար, բայց միշտ մերժում է ստացել: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ ասաց, որ թեեւ Խ.Սուքիասյանի դեպքում դեռ կալանքի որոշում չկա, բայց եթե կայացվի, ապա հարկ եղած դեպքում իրենք նույն նախաձեռնությունները կձեռնարկեն նաեւ այս անգամ: «Միանշանակ է, օրենսդրական փոփոխությունից հետո անձեռնմխելիության հիմք հանդիսացող մեղադրանքներն այլեւս դադարեցին գործել: Հետեւաբար Դատախազությունը նոր մեղադրանք առաջադրելու եւ այդ նոր մեղադրանքի հիմքով պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր պետք է ներկայացներ ԱԺ: Չի արել, հետեւաբար՝ նոր օրենսդրության պայմաններում Խ.Սուքիասյանին անազատության մեջ պահելը եւ անձեռնմխելիությունից զրկելը հակասում է օրենքներին: ՀՔԾ-ն շարունակում է աշխատել օրենքից դուրս»,- ասում է տիկին Փոստանջյանը: Երեկ մենք փորձեցինք ԱԺ պատգամավորներից, հատկապես՝ գործարար պատգամավորներից տեղեկանալ, թե այսօր ինչ կարծիք ունեն իրենց գործընկերոջ հետ կատարվող իրադարձությունների, նրան անազատության մեջ պահելու վերաբերյալ: Եթե հարկ լինի, ԱԺ-ի՝ անձեռնմխելիությունից զրկելու մասին անցած տարվա որոշումը չեղյալ համարելու նախաձեռնություն կցուցաբերե՞ն: Որքան էլ տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, որ մեր զրուցակիցները ընդհանրապես հրաժարվեցին այդ թեմայի շուրջ խոսել: Այդ թվում՝ նրանք, ովքեր ժամանակին բավական մտերիմ հարաբերություններ ունեին Խ.Սուքիասյանի հետ: Իրավիճակի ողջ զավեշտն ու ողբերգականությունը ամբողջացնելու համար նշենք, որ նրանք շատ խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Ինչեւէ:
ԵԽ ԽՎ-ն իր վերջին` 1677 բանաձեւում ՀՀ իշխանություններին հորդորել էր, որ եթե մինչեւ հուլիսի 31-ը հետախուզվող անձինք ներկայանան իրավապահ մարմիններին, նրանց նախաքննության ժամանակ թողնեն ազատության մեջ: Ճիշտ է, Խ.Սուքիասյանը ներկայացել է այդ ժամկետից 1 ամիս ուշ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ժամանակին ներկայանալու դեպքում էլ նրան չէին կալանավորի, ինչպես դա արեցին «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեպքում: Խ.Սուքիասյանի վրա չի տարածվելու նաեւ համաներման որոշումը: «Անկախ բանաձեւից էլ, այս պահին Խ.Սուքիասյանի նկատմամբ կալանք սահմանելը հակասում է ՀՀ օրենսդրությանը, ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին»,- վստահ է Զ.Փոստանջյանը:
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը պետք է ներկայացնեն, թե մեր իշխանություններն ինչպես են «կատարել» ԵԽ ԽՎ բանաձեւերը: Այս անգամ Զ.Փոստանջյանը նիստին մասնակցելու հրավեր չի ստացել: Իսկ սեպտեմբերի վերջին կայանալիք ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում, ՀՀ-ի հարցը, ամենայն հավանականությամբ, չի քննարկվի: Տիկին Փոստանջյանը վստահ է, որ դա պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններում նկատվող տեղաշարժով: Միջազգային կառույցներն առայժմ թուլացնում են ներքաղաքական հարցերին վերաբերող ճնշումը, որպեսզի Հայաստանը կատարի հայ-թուրքական եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերում իրենց պահանջները: «Եթե համադրենք, թե միջազգային կառույցներն ինչպես են արձագանքում այս նախաստորագրված արձանագրությանը, կարելի է հստակ պատկերացում կազմել, թե իրենք ինչ են ուզում ՀՀ իշխանություններից: Նրանք ոչ թե ուզում են իրապես մարդու իրավունքների հարգանք, այլ ցանկանում են այստեղ իրենց քաղաքական շահը թելադրել: Եվ հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների մասին եվրոպական կառույցների, մասնավորապես՝ ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչի կողմից արված ողջույնի հայտարարությունները, կարծում եմ, որ ՀՀ հարցը չի ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում»,- ասում է Զ.Փոստանջյանը: