«Համազգային ճակատի» ուրվականը

08/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում Դաշնակցությունը կոչ էր արել ստեղծել համազգային ճակատ, որը կհակադրվի գործող իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը` թույլ չտալու համար հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վտանգավոր զարգացումներ: «Պատմական այսպիսի բախտորոշ ժամանակահատվածում հայության առջեւ ծառացած սպառնալիքներն ու վտանգներն անհնար է չեզոքացնել առանց համազգային ճակատի ստեղծման,- ասել էր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` հավելելով,- Դաշնակցությունն իր գլխավոր առաքելությունն այսօր տեսնում է հենց սրա մեջ` մի կողմ թողնելով նեղ հատվածական կամ կուսակցական որեւէ այլ նպատակ»: Երեկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են տարբեր քաղաքական կուսակցությունները արձագանքել համազգային ճակատ ստեղծելու վերաբերյալ Դաշնակցության հայտարարությանը: «Առայժմ այս հարցի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ մենք ինքներս դեռ որեւէ գործընթաց չենք սկսել»,- ասաց Ա. Շահբազյանը: Իսկ այն հարցին, թե երբ պատրաստ կլինի Դաշնակցության պլատֆորմը, նա պատասխանեց. «Մենք արդեն վերջնական շտկումների փուլում ենք, պետք է որ շուտ լինի»: Փորձեցինք ճշտել նաեւ այլ քաղաքական ուժերի վերաբերմունքը Դաշնակցության առաջարկած համազգային ճակատի վերաբերյալ: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» միշտ պատրաստ է ցանկացած հարցի շուրջ քննարկումներ ծավալել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն Դաշնակցության հետ որեւէ քննարկում որեւէ հարցի հետ կապված մինչ այժմ չի եղել: «Համատեղ ճակատի մասին այս պահին որեւէ խոսակցություն չի կարող լինել, քանի որ որեւէ քննարկում առայժմ չի եղել: Ինչ վերաբերում է Դաշնակցության հետ համատեղ գործողություններին, մենք շատ վաղուց ենք հայտարարել, որ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ եւ քննարկել ինչպես արտաքին քաղաքականության մարտահրավերներին ու սպառնալիքներին, այնպես էլ ներքին խնդիրներին վերաբերող հարցեր: Դաշնակցությունը հայտարարել է, որ հանդես է գալու իր սեփական պլատֆորմով: Մենք առայժմ սպասում ենք, թե երբ է պատրաստ լինելու նրանց այդ պլատֆորմը: Այնպես որ, այս պահի դրությամբ չեմ կարծում, որ համատեղ ճակատի մասին խոսակցությունները տեղին են: Բայց երբ կոնկրետ գործնական առաջարկ լինի, «Ժառանգությունը» միշտ պատրաստ է քննարկումներ սկսել ինչպես Դաշնակցության, այնպես էլ ցանկացած այլ քաղաքական ուժի հետ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ իր կարծիքով՝ առաջնայինը այս իշխանությունների հրաժարականի պահանջի հարցն է, եւ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն առաջին հերթին այս խնդրում: «Դրանից հետո ազգային ճակատի ու մյուս բոլոր խնդիրների շուրջ կարելի է հանգիստ համաձայնության գալ, պայմանավորվել: Գլխավոր, առաջնային հարցը այսօր այս իշխանությունների, Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է»,- ասաց Վ. Խաչատրյանը: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ ասաց, որ իրենք ողջունում են ազգային ճակատ ձեւավորելու Դաշնակցության նախաձեռնությունը: «Անցած 90 տարիներին բազմաթիվ են եղել փաստերը, երբ ազգային կարեւորագույն հարցերում, ինչպիսիք են Հայ դատի ու ցեղասպանության ճանաչման հարցերը, երեք ավանդական կուսակցությունները իրար հետ համագործակցաբար են հանդես եկել: Կարծում եմ՝ սա ոչ միայն ավանդական կուսակցությունների գործն է (նրանք այս հարցում վաղուց են համախմբված), այլեւ հայաստանյան մյուս այն կազմակերպությունների, որոնք իրենց համարում են ազգային եւ համոզված են, որ այսօր մեր արտաքին քաղաքական խնդիրներում ճիշտ գործընթաց տեղի չի ունենում: Մենք գտնում ենք, որ Հայաստանը այսօր տանուլ է տալիս միջազգային ճնշումների ներքո»,- ասաց Հ. Առաքելյանը: Ինչ վերաբերում է ազգային ճակատի ձեւավորման եւ գործունեության հետ կապված կոնկրետ գործնական քայլերին, ապա, ըստ Հ. Առաքելյանի, քանի որ երկու ավանդական կուսակցություններն էլ աշխարհասփյուռ են, «նախապատրաստական շրջանը կարող է մի քիչ երկար տեւել»: