Ողջունում է

08/09/2009

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե «Ժառանգություն» կուսակցության` հանրաքվե անցկացնելու առաջարկն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ այդ դեպքում հանրաքվե պետք է անցկացվի ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ հայության շրջանում, քանի որ Թուրքիայից տուժած հայերն ապրում են հիմնականում Հայաստանից դուրս, եւ նրանց մոտեցումը շատ ավելի կարեւոր է: «Իշխանությունը պիտի իմանա Սփյուռքի, Ղարաբաղի, Հայաստանի տեսակետը, բայց դա կարող է անել լեգիտիմ իշխանությունը, այս իշխանությունը չի կարող, քանի որ նա հասարակության կարծիքը արհամարհելով է եկել իշխանության»,- ասել է նա: Ա. Սարգսյանը նաեւ ասել է, թե` չնայած որոշ մտահոգություններին, ինքը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձը: Նա միայն անընդունելի է համարում պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումը: Ի դեպ, նա վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տողատակում կա Ղարաբաղի խնդիրը. «Պիտի ուղղակի աչքերդ փակես, որ ասես՝ չկա նման խնդիր: Բայց գործընթաց է, եւ դա տանում է երկու ժողովրդի մերձեցման, ինչը պատմական իրադարձություն է, երկու երկրները պետք է նոր փուլի մեջ մտնեն, նոր քաղաքական իրավիճակ ստեղծեն: Սահմանների բացումը, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանում մյուս երկրների հետ հարաբերությունների կարգավորումը միանշանակ բխում է հայ ժողովրդի եւ տվյալ երկրների շահերից, նման գործընթացները ողջունում եմ, ուղղակի դրանք պետք է ավելի նուրբ եւ ճկուն արվեն»,- ասել է նա: Արամ Սարգսյանը նաեւ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը կողմ կլիներ նաեւ Վազգեն Սարգսյանը. «Ես կարծում եմ` Վազգենը կողմ կլիներ, այլապես ես չէի ասի նման բան: Վազգենն ուզում էր հզոր, ազատ Հայաստան. Ինքը գտնում էր, որ հայ բիզնեսմենը կարող է մրցակցել աշխարհի ցանկացած բիզնեսմենի հետ, առավել եւս՝ թուրք բիզնեսմենի հետ, եւ նման բաներից չէր վախենում: Վազգենը տեսնում էր Հայաստանի պաշտպանությունը հայկական բանակով եւ հարեւանների հետ բարեկամական հարաբերություններով, տնտեսության զարգացումը, հայ ժողովրդի վերելքը նաեւ տեսնում էր սահմանների բացումով»: